«Եթե մեկը քո աջ ծնոտին ապտակ տա, նրան մյո՛ւսն էլ դարձրու»: Մատթ.5:39

«Եթե մեկը քո աջ ծնոտին ապտակ տա, նրան մյո՛ւսն էլ դարձրու»: Մատթ.5:39

«Աջ ծնոտին ապտակ տալու» մասին հատվածը (ինչպես աստվածաշնչյան որևէ հատված) ամբողջապես և ճշտորեն ըմբռնելու համար անհրաժեշտ է ընթերցել առանց կոնտեքստից կտրելու, իսկ այս տողերից առաջ կարդում ենք Քրիստոսի հետևյալ պատվիրանը. «Իսկ ես ձեզ ասում եմ. չարին հակառակ չկանգնե՛լ», ինչը միանգամից բացահայտում է «ապտակին» չընդդիմանալու իմաստը` այն է չարությանը չարությամբ չպատասխանել: «Չի ասում` եղբորը, այլ` չարին, որպեսզի հասկացնի, որ նրա դրդմամբ է եղբայրը հանդգնում անօրեն գործ կատարել: Եթե չարացած ընկերդ վնաս հասցրեց քեզ, և դու, նրա վրա հարձակվելով, փոխարենն ես հատուցում, նրան հավասար և դո՛ւ չարացար, իսկ եթե ներես, դրանով նրան էլ կհանդարտեցնես: Եթե վիրավորանքի դիմաց վիրավորում ես, դա չարի դեմ հակառակություն չէ, այլ նրա հետ միաբանություն, որովհետև ընկերոջդ գրգռելով` չարը վիրավորեց քեզ, քեզ զայրացնելով էլ` տանջեց նրան, իսկ ինքը, երկուսիդ միջև պանծալով, իրեն հաղթող հռչակեց» (Հովհաննես Ծործորեցի):

 

Ապտակ տալիս են ոչ թե մարդուն մարմնական վնաս հասցնելու, այլ վիրավորելու կամ կռվի դրդելու համար: Եվ Տերը նկատի ուներ, որ պետք չէ նոր վեճերի ու չարիքի առիթ տալ, վրեժխնդրության ոգով առաջնորդվել: Քրիստոս պատվիրում է չարին հակառակ չկանգնել ոչ թե չարությունը քաջալերելու, այլ անհատական վրեժխնդրությունից խորշելու մտադրությամբ: «Ինքներդ վրեժխնդիր մի՛ եղեք, սիրելինե՛ր, այլ թո՛ւյլ տվեք, որ Աստծու բարկությունը կատարի այն. որովհետեւ գրված է. Իմն է վրեժխնդրությունը, և ես կհատուցեմ,» - ասում է Տերը» (Հռոմ.12:19): Ինչպես նշում է Անանիա Սանահնեցին, այս հատվածում Տիրոջ պատվերը ոչ թե հենց ուղղակիորեն ապտակի, այլ ոնոխակալ լինելու մասին է:

 

Քրիստոս ներողամտության ընթացքը և հեզության ոգին մինչև վերջին ծայրն է հասցնում և պատվիրում աջ երեսը ապտակողին ձախն էլ դարձնել, բաճկոնը հափշտակողին շապիկն էլ տալ, որևէ ուզողին ոչ չասել, փոխ ուզողից երես չդարձնել: Ինչպես նշում է Տ. Մաղաքիա արք. Օրմանյանը, սրանք ծայրագույն ներողամտության գործեր են, որոնք միայն բարձրագույն և ոչ սովորական առաքինությամբ կարող են իրականանալ: Օրմանյանի ընդգծմամբ` Քրիստոս խոսում է ոչ թե դատական և հանրային իրավունքների, այլ միայն ու միայն անհատական և անձնական հարաբերությունների տեսակետից, և այս իմաստով, իրապես, փոխադարձ պահանջմունքների և վրեժխնդրության ոգին մեծապես վնասում է փոխհարաբերություններին` առիթ տալով գժտությունների և անհասկացության, ընտանեկան և հասարակական խնդիրների: Մինչդեռ ամենափոքր ներողամտության զգացումն էլ բավական է չարիքը կանխելու և բարին արարելու համար: «Երբ հարվածողն ապտակվածին տեսնում է այնպիսի խոնարհությամբ դաստիարակված, որ թշնամանքը ոչինչ է համարում, արագորեն զգաստանում է, թեկուզ գազանից էլ վայրենամիտ լինի, և երբեք մյուս այտին էլ ապտակ չի կամենա տալ, այլ առաջինի համար ևս կմեղադրի իրեն: Բայց այս պատվերով Տերը սովորեցնում է առանց ոխակալության ընդունել ոչ միայն ապտակը, այլև բոլոր թշնամանքները: Իսկ ի՞նչ է նշանակում «աջ»-ը այս խոսքում: Նշանակում է անչափ հնազանդություն, որովհետև եթե մեկն աջին համբերեց, ապա ձախին` է՛լ առավել», - գրում է Ծործորեցին: Հայրերի խոսքով` եթե մեզ սովորեցրեցին և հորդորեցին առաքինի լինել, ապա չմնանք ուսման նույն մակարդակին, այլ կրկնապատկենք և եռապատկենք մեր առաքինությունը սովորածից առավել:

 

Այս ամենից զատ, եթե մի պահ խորապես քննենք սառը դատողությամբ (այլ ոչ`տաքարյուն և զգացմունքային կերպով)` կհամոզվենք, որ իրականում ապտակին ապտակով պատասխանելն ավելի հեշտ է, քան ստացած ապտակը ներելն ու մոռանալը, սակայն դրանցից երկրորդն է քրիստոնեականը` չարին բարությամբ պատասխանելը: «Նման քայլն ի զորու է փոխել չարը դեպի բարին և լուծել առաջ եկած խնդիրը», - ասում է Տեր Հուսիկ քհն. Սարգսյանը: Միաժամանակ, մենք շատ հաճախ մեզ ենք համարում արդար, իսկ մեզ հետ բախման մեջ գտնվողներին բոլորին անպայման նույնացնում անարդարության, չարի հետ (շա՜տ մարդկային մի երևույթ): Մինչեռ մենք կարող ենք նաև սխալվել: Բարու և չարի նկատմամբ մեր հայացքը կարող է շատ սուբյեկտիվ լինել, իսկ մեր անձնական թշնամին կարող է միևնույն ժամանակ Աստծո թշնամին չլինել: «Ուստի հարկ է հիշել, որ երկնային թագավորի առջև բոլոր մարդիկ հավասար են: Յուրաքանչյուր մարդ Աստծո որդի ու արարած է և Երկնային Հոր սիրելին: Եվ եթե փորձենք մարդկային հարաբերություններին նայել այդ տեսանկյունից, ապա միգուցե պարզվի, որ այդ մարդկանց հետ մեր փոխհարաբերություններում չարությունն ու թշնամանքն ակնհայտորեն լավագույն միջոցը չեն բախման արդարացի կարգավորման և ճշմարտության հաստատման համար», - գրում է Կիրիլ պատրիարքը:

 

Քրիստոս ցույց է տալիս խոնարհության բարձրագույն օրինակը. ի վերջո, «կրակը կրակով չես մարի, այլ` ջրով» (Սուրբ Հովհան Ոսկեբերան): Միաժամանակ, այս տողերը բնավ չեն նշանակում, թե թշնամու` մեր և հարազատների վրա հարձակման դեպքում պետք է կանգնենք անպաշտպան: Քրիստոս Ինքն է ասում. «Ովքեր սուր են վերցնում, սրով կընկնեն» (Մատթ. 26:52): Այստեղ նկատենք, որ Տիրոջ պատվիրանների իմաստը լավ հասկանալու համար հարկ է ոչ միայն նկատի ունենալ, թե այդ պատվիրանները ինչի՞ մասին են խոսում, այլև այն, թե ինչի՞ մասին չեն խոսում: Իսկ դրանք, օրինակ, չեն խոսում այն մասին, որ մարդը պետք է կամովին մեկուսանա չարից, ոչ մի դիմադրություն ցույց չտա նրան և հրաժարվի նրա դեմ պայքարելուց: Չէ՞ որ Ավետարանը երկու անգամ պատմում է, թե ինչպես «Հիսուս մտավ տաճար ու դուրս հանեց բոլոր նրանց, որ տաճարի մեջ վաճառում ու գնումներ էին անում. նա շուռ տվեց լումայափոխների սեղաններն ու աղավնեվաճառների աթոռները» (Մատթ. 21:12): «Այստեղ Տերն ինքն է մեզ տալիս չարի մերկացման օրինակ: Երբ Փրկիչը մեզ կոչ է անում հարվածին հարվածով և չարին չարով չպատասխանել, երբ նա ուսուցանում է սիրել թշնամուն, նա բնավ էլ չարի նկատմամբ կրավորականություն չի քարոզում: Այլ Տերն ասում է, թե ինչ միջոցներ պետք չէ գործադրել գերիշխող չարի դեմն առնելու համար: … Չարին հնարավոր չէ հաղթել չարի ուժով», - գրում է Կիրիլ Պատրիարքը: Տերը ոչ թե մարդկային թուլությունն է քարոզում որպես օրինակ և կամ կրավորական տառապանքի կոչ անում մեզ, այլ ուսուցանում, որ բռնությունը չի կարող սահման դնել չարին և հարթել թշնամանքը: Մեր ընտանեկան, հասարակական, ազգամիջյան բախումների ժամանակ, եթե դիմակայությունը ավելի ու ավելի ծայրահեղ և անզիջում է դառնում, եթե ատելությունն ու բռնությունը գնալով ավելանում են և փոխադարձ թշնամանքի հանգույցը ավելի ու ավելի է ձգվում, ապա ինչ-որ մեկը պետք է առաջինը կանգ առնի: Քանի որ միայն կանգ առնելով կարելի է խորհրդածել տեղի ունեցող իրադարձությունների պատճառների մասին և ելք գտնել իրավիճակից դուրս գալու համար:

 

Եվ, ինչպես Առաքյալն է պատվիրում. «ինչ չափով հնարավոր է ձեզ համար, բոլոր մարդկանց հետ խաղաղություն պահեցե՛ք» (Հռոմ. 12:18):

 
 

Մարիամ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Սկզբնաղբյուրը՝ «Շողակն» երկշաբաթաթերթ

  • 2021-08-05
×