Երկրորդ Ծաղկազարդ

Երկրորդ Ծաղկազարդ

Հայ առաքելական եկեղեցին Քրիստոսի Համբարձման տոնին հաջորդող կիրակի օրը նշում է Երկրորդ Ծաղկազարդը: Տոնի անվանումն առաջացել է Զատիկի` Սբ. Հարությանը նախորդող Ծաղկազարդի տոնի անվանումից:

Վերջինս խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, երբ մարդիկ Տիրոջը դիմավորում էին փառաբանությամբ ու ցնծությամբ` ծառերի ճյուղեր սփռելով Նրա առաջ:
Եթե առաջին Ծաղկազարդի ժամանակ հիշատակվում էր Տիրոջ գալուստը երկրային Երուսաղեմ, ապա երկրորդ Ծաղկազարդի ժամանակ հիշատակվում է Տիրոջ գալուստը Վերին Երուսաղեմ: Առաջին Ծաղկազարդին Տերը փառաբանվում էր ինչպես Դավթի Որդի, իսկ երկրորդ Ծաղկազարդին` ինչպես Աստծո Որդի:
Երկրորդ Ծաղկազարդն արդեն համբարձյալ Քրիստոսի Վերին Երուսաղեմ մտնելու հիշատակն է, երբ Նրան ցնծությամբ դիմավորում էին հրեշտակները: Համբարձման ժամանակ, երբ Տերն անցնում էր հրեշտակների դասերով, նրանք զարմացած հարցնում էին, թե ով է այս հզոր թագավորը, իսկ Քրիստոսին ուղեկցող հրեշտակները պատմում էին Տիրոջ փառքը: Հրեշտակների այս երկխոսությունը Աստվածաշնչի Սաղմոսաց գրքում է. «Ո՞վ է այս փառքի արքան, – կարողությամբ հզոր Տերն է նա, պատերազմում զորեղ Տերը: Բացե՛ք, իշխաններ, դռները ձեր, թող բացվեն հավիտենական դռները, և փառքի արքան թող ներս մտնի» (Սաղմ. 23:8-9):
 
Ի դեպ, այս ամենի մասին հիշատակություն կա նաև Գրիգոր Տաթևացու մեկնություններում` Ս. Լուսավորչի հետ կապված: Ավանդության համաձայն՝ Վիրապում բանտարկված Ս. Գրիգոր Լուսավորչին ամեն օր այցելում էր չորրորդ դասի հրեշտակը: Մի օր նա բացակայում է: Հաջորդ օրը Ս. Գրիգորը հարցնելով պատճառը, իմանում է, որ Համբարձման ժամանակ Հիսուս Քրիստոս անցել է հրեշտակների իննը դասերի միջով, իսկ այդ օրը Համբարձումից հետո չորրորդ օրն էր, երբ Տիրոջը դիմավորում էին չորրորդ դասի հրեշտակները:
Ծաղկազարդը երբեմն հիշատակվում է որպես Արմավենեաց կիրակի, որը կապված է Հիսուսին արմավենու ճյուղերով դիմավորելու փաստի հետ: Եկեղեցուց բերված օրհնված ճյուղերով մարդիկ հարվածում են միմյանց` հավատալով, որ այդ ճյուղերը առողջություն ու հաջողություն են բերում: Հնում ձիթենին համարվել է իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան: Ձիթենու և արմավենու ճյուղեր ընծայումը Քրիստոսին, որը մեռյալ Ղազարոսին հարություն տվեց, ըստ Եկեղեցու հայրերի, խորհրդանշում էր մահվան հանդեպ հաղթանակը:
Երկրորդ Ծաղկազարդի օրը նույնությամբ կրկնվում են Ծաղկազարդի ընթերցված շարականները: Ծաղկազարդին նվիրված շարականներն աչքի են ընկնում Հիսուսի` Երուսաղեմ մուտքը նկարագրող բերկրալից և փառաբանական աղոթքներով:
  • 2021-08-09
×