Արտաքսման կիրակի «Ճաշակմամբ պտղոյն ճաշակեցին զդառնութիւն մեղաց և մահու» (Շարական)

Արտաքսման կիրակի «Ճաշակմամբ պտղոյն ճաշակեցին զդառնութիւն մեղաց և մահու» (Շարական)

Պահքն Աստծուն սիրողների համար մեծ շնորհ է ու զարդ, որը սնուցանում ու բնակակից է դարձնում սրբերին և մոտեցնում է Աստծուն: Պահքը կամ ծոմապահությունը ներանձնական վիճակ է, և այն պետք չէ կատարել ի ցույց մարդկանց: Պահքի օրերը միայն սննդամթերքի որոշ տեսակներից հրաժարման օրեր չեն, այլ մեզ հաճույքներից և վայելքներից հեռու պահելու, ինչպես նաև` խոկումի, ինքնաքննության, բարեգործության, զղջումի և ապաշխարության, մեղքերից ազատման և հոգիների մաքրման օրեր, որպեսզի առավել ևս խորացնենք  մեր հավատքը և Քրիստոսով վերարժևորենք մեր կյանքը:

 

Քրիստոս պատվեց և մեզ ավանդեց պահքերից առաջինն ու մեծը՝ Քառասնորդաց պահքը, որ օրինադրեցին ու պահեցին մարգարեները: Պահքը սկսվում է Բարեկենդանով և ավարտվում Զատիկով:  Այն «Քառասնորդաց» է կոչվում, որովհետև պահոց երկրորդ կիրակիից մինչև Տիրոջ ընթրիքը կազմում է քառասուն օր: Այն ունի բազում խորհուրդներ:

 

Նախ՝ Քրիստոս քառասնօրյա պահքով հաղթեց սատանային: Նույնպես և մենք քառասնօրյա պահքով հաղթում ենք սատանայի փորձությունները, և նա հեռանում է մեզանից, ինչպես ասում է Ավետարանը. «Այդ տեսակն ուրիշ բանով չի ելնի, եթե ոչ ծոմապահությամբ ու աղոթքով» (Մարկոս 9.28):

 

Քառասնօրյա պահքն օրհնվեց և սրբվեց Աստծուց ու մարգարեներից, որովհետև գրված է. «Եղիան քառասուն օր ու քառասուն գիշեր քայլեց մինչև Աստծու Քորեբ լեռը» (Գ Թագավորություններ 19.8): Սա ցույց է տալիս, թե ովքեր սրբությամբ պահում են այս քառասուն օրերը, համարձակապես պիտի ժամանեն Աստծու լեռը՝ երկինք՝ Քրիստոսի մոտ:

 

Պահքերի (բացառությամբ՝ օրապահքերի) նախորդ օրերը կոչվում են «բարեկենդան», իսկ Մեծ պահքին նախորդում է Բուն բարեկենդանը: Բարի կենդանություն, այսինքն` բարի, անհոգ և երջանիկ կյանք. այս իմաստն է ամփոփված «բարեկենդան» անվան մեջ, որ առավելագույնս արտահայտված ենք տեսնում Բուն բարեկենդանի խորհրդում: Այն Մեծ պահքի առաջին կիրակին է և պատկերում է մարդու դրախտային, երանավետ կյանքը: Այս խորհուրդը երևում է անգամ սննդի օգտագործման մեջ, քանի որ Բուն բարեկենդանը կենդանական և ճոխ ուտելիքներ գործածելու վերջին օրն է: Մեծ պահքի երկրորդ կիրակին կոչվում է Արտաքսման և խորհրդանշում է մարդու` դրախտից արտաքսվելը, Աստծո տեսությունից զրկվելը: Հենց դա է խորհրդանշում ողջ Մեծ պահքի շրջանում եկեղեցիների վարագույրների փակ մնալը և  Ս. Հաղորդությունից հավատացյալների անմասն մնալը:

 

Եկեղեցիներում Բուն բարեկենդանից սկսած մինչև Ավագ շաբաթ խորանը ծածկվում է վարագույրով և արգելվում է Ավետարանի համբուրումը, որովհետև մենք մի ամբողջ տարի մեղքեր գործեցինք՝ ապրելով սխալական կյանքով ու տկար մարմնով, ինչպես Ադամին մեղքից հետո Տերը զրկեց Դրախտից ու Կենաց ծառից: Ադամին հրամայվեց ուտել բոլոր ծառերից և միայն մի ծառից չուտել, իսկ մեզ համար օրինադրվեց ուտել միայն Բարեկենդանի ու Զատկի օրերին և նրանց միջև եղած օրերին պահք պահել:

 

Պատրաստեց՝  Մարիետտա ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Աղբյուրը՝ Շողակն Արարատյան
Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնաթերթ

  • 2022-02-08
×