Սուրբ Ծննդյան հրաշքը՝ անկրկնելի և կրկնվող

Սուրբ Ծննդյան հրաշքը՝ անկրկնելի և կրկնվող

Երեկո եղավ, և եղավ գիշեր, ու ամենաուժեղ պայծառությամբ լուսավորվեց աշխարհը՝ երկնքում առկայծող աստղի հաղթական փայլից: Խոնարհվելով աստվածային բարձունքից, սակայն ոչ երբեք ցածրանալով՝ Անբաղդատելի, Անվերծանելի Լույսը մարդացավ ու ապրեց մարդկային կյանքով: Մարդկանց սահմանափակ էությունը այդ օրն ու հետայդու հնարավորություն ստացավ ամբողջապես ըմբռնելու Նրան: Սուրբ Ծնունդ… Նոր սպասելիքներ, հույսեր ու հնարավորություն:

 
 Հնարավորություն նորովի ապրելու, Նրա հետ վերստին ծնվելու, Նրան ընդունելով՝ քրիստոնեանալու, Իմանալի Լույսի առաջ բացվելով՝ վերացնելու հոգիներում տիրող վախեցնող դատարկությունը, լցնելու այն Հավիտենական Կյանքով, որովհետև «անմիտ է նա, ով ապրել է փորձում առանց Կյանքի» (Մ.Քուասթ): Հոգևոր սպասումների պարգևատրմանն արժանանալու լավագույն առիթն այսօր է, զի այսօր մասնավորապես բաց է Ողորմության դուռը, և մնում է որոշել ներս մտնե՞լ, թե՞՝ ոչ: 
 
Ամեն տարի, երբ հեզասահ մոտենում է Սուրբ Ծննդյան օրը, ինքդ քեզ խոստանում ես նորից ապրել, այլ կերպ ապրել, օգտվել երանելի հնարավորությունից՝ արժանանալ Նրան: Հույսեր ու սպասելիքներ ես ունենում ինքդ քեզնից ու հաջորդ տարի նույն օրն ամաչում ես, որովհետև չկարողացար հավատարիմ մնալ ի վերուստ քեզ շնորհված, քո մեջ եղած, քո էությունը ստեղծած աստվածային պատկերին ու վախենում ես, որ Նա կգա ու ախտոտված կգտնի հոգուդ ու սրտիդ հարկերը, անմաքուր, ու ենթադրաբար էլ փակ Նրա առաջ: Բայց չէ՞ որ խոսք էիր տվել քեզ հպարտորեն ընդունել Նրան, չէ՞ որ այնտեղ միայն Նա պետք է ապրեր:
 
 Ստում ես, խաբում ինքդ քեզ… Լրանում է տարին, ու երբ պիտի արժանապես երկյուղածությամբ ու հրճվանքով մասնակցես Ծննդյան արարողությանը՝ հասկանում ես, որ ոչ միայն պատրաստ չես Նրան ընդունելու, այլև ավելի ես հեռացել: Կորցնելով Նրա՝ քո մեջ ունեցած մասնիկը՝ բացակա ես ինքդ քեզնից…
 
Նայում ես ներսդ ու հոգուդ խորքում գտնում ես ոչինչ, փշաքաղվում ես Լույսի բացակայությունից ու տիրող խավարից: Ինչպե՞ս համարձակվես ընդունել Նրան, երբ այդքան մեղանչել ես: Դժվարությամբ, մեծ ցավով ընկալում ես, որ Նրան արձագանքելու ցանկությունդ անսահման մեծ է, բայց անկարող ես, որովհետև շղթայված ես մեղքերով, բայց մի՛ մոռացիր, քո փրկության համար Աստված մարդացավ… 
 
Սուրբ Ծնունդ է այսօր, մի՛ հուսահատվիր, վերացրու՛ մեղքերիդ հանդեպ սրտումդ բույն դրած անհոգությունը, մերձավորիդ հանդեպ անտարբերությունը, ուրախացի՛ր ու ցնծա՛, չմոռանալով ունեցածդ ու կորցրածդ՝ գտի՛ր Նրան: Ընդունի՛ր անսահման Սիրուն՝ ցրելով մեղքերիդ հարատև աճող մթությունը և լցվի՛ր հոգևոր բերկրանքով: Շնորհավոր մարդկային ընտանիք
 
 ՔՐԻՍՏՈՍ ԾՆՎԵՑ ՈՒ ՀԱՅՏՆՎԵՑ, ՁԵԶ ԵՎ ՄԵԶ ՄԵԾ ԱՎԵՏԻՍ
 
 
 Կարինե Շահինյան
  • 0000-00-00
×