Սերմնացանի առակը

Սերմնացանի առակը

Սերմնացանի առակը 
(Մատթ. 13:1-8, 19-23; Մարկ. 4:1-20; Ղուկ. 8:4-15)


Գալիլիայի ծովի ափին Հիսուսի շուրջը հավաքվեց մարդկանց բազմությունը: Նա նավակ մտավ, մի փոքր ափից հեռացավ և մարդկանց հետ առակներով խոսեց. «Ահա մի սերմնացան ելավ սերմանելու, և երբ նա սերմանում էր, մի մաս սերմ ընկավ ճանապարհի եզերքին, և երկնքի թռչունը եկավ և այն կերավ: Եվ ուրիշ մի մաս ընկավ ապառաժի վրա, ուր շատ հող չկար, և իսկույն բուսավ, քանի որ հողը խորություն չուներ. երբ արևը ծագեց, խանձվեց, և քանի որ արմատներ չկային, չորացավ: Եվ ուրիշ մի մաս ընկավ փշերի մեջ, ու փշերը բարձրացան և այն խեղդեցին: Եվ մեկ ուրիշ մաս ընկավ պարարտ հողի վրա և պտուղ տվեց. կար որ մեկին` հարյուր, և կար ու մեկին` վաթսուն, և կար ու մեկին` երեսուն» (Մատթ. 13: 4-8):
Հետո աշակերտներին ասաց. «Իսկ առակն այս է նշանակում, սերմն Աստծու խոսքն է: Որոնք ճանապարհի եզերքին են, այդ նրանք են, որ լսում են, և ապա սատանան գալիս հանում է խոսքը նրանց սրտից, որպեսզի չհավատան և չփրկվեն: Եվ որոնք ապառաժի վրա են, այդ նրանք են, որ, երբ լսեն, խնդությամբ են ընդունում խոսքը, բայց արմատ չեն բռնում, սրանք միառժամանակ հավատում են, իսկ փորձության ժամանակ` հեռանում: Իսկ այն, որ փշերի մեջ ընկավ, այդ նրանք են, որ երբ լսում են խոսքը, աշխարհի հոգսերով, հարստությամբ և զվարճությամբ զբաղված լինելով` խեղդվում ու անպտուղ են լինում: Իսկ այն, որ պարարտ հողի վրա է, նրանք են, որ բարի և զվարթագին սրտով լսելով խոսքը` ընդունում են այն և հարատևելով պտուղ են տալիս» (Ղուկ. 8: 11-15):
 

Մեկնություն
 

Սերմնացանի առակի իմաստը բավական մանրամասն մեկնաբանել է Հիսուս Քրիստոս: Միայն կարելի է ավելացնել, որ սերմնացանը Քրիստոս է, սերմը` Աստծո խոսքը, որն իր մեջ կրում է ճշմարիտ ու հոգևոր կյանքի սկիզբը: Արտը` ողջ մարդկությունն է, որն իր մեջ է ընդունում այդ հրաշագործ սերմը, սակայն, օժտված լինելով թաքնված կենդանի ուժով` Աստծո խոսքը միշտ նույն արդյունքը չի ունենում: Բոլորն էլ, երբ լսում կամ ընթերցում են Աստծո խոսքը, ստանում են սուրբ սերմերի իրենց բաժինը, բայց թե դրանք ինչպե՞ս կաճեն` պայմանավորված է մարդու հոգեբանությունից և հոգևոր մակարդակից: Առակում խոսքը 4 տիպի մարդկանց մասին է:

Առաջինը կոպիտ խառնվածք ունեցողներն են, կենդանական հակումներով, ովքեր սիրում են միայն ուտել-խմել, շատ քնել, գեղեցիկ հագնվել և այլն, ու դրանցից բարձր ոչինչ չգիտեն: Նրանց համար, կարծես բանուկ ճանապարհ, միևնույնն է, թե ով է գալիս-գնում: Եվ անտարբերության արտաքին շերտը չի թողնում, որ հոգևոր սերմը թափանցի սրտի մեջ, և այն մնում է հիշողության մակերեսին մինչև չար կրքերի առաջին հարձակումները, որոնք, թռչունների նման վրա են տալիս և չեն թողնում անգամ մեկ հատիկ: Սրանք թեթևամիտ ու դանդաղկոտ մարդիկ են, որոնց միտքը կարծր հողի նման չոր է: Երբ կարդում կամ լսում են Տիրոջ խոսքը, աշխարհի զվարճանքներն ու գայթակղությունները, երկնքի թռչունները` օդային չար զորություններն, այդ մարդկանցից հափշտակում են Տիրոջ խոսքը:

Երկրորդն այն մարդիկ են, ովքեր լսելով Ավետարանի քարոզը սիրո, արդարության, ինքնազոհության մասին, անմիջապես բորբոքվում են լուցկու նման, բայց անմիջապես հանգում: Քարքարոտ տեղում միայն մանր խոտ է աճում, այդպես էլ այս մարդիկ հանդարտ կյանքի պայմաններում ընդունակ են կատարել ջանքեր չպահանջող մանր շատ գործեր: Նրանք սիրում են երբեմն ընթերցել սրբերի վարքը, իրենց պատկերացնում են Քրիստոսի համար մարտիրոսների դերում: նրանք դեմ չեն առաքինությանը, բարոյականությանը, ճգնակյացությանը, սակայն կկամենային Երկնքի արքայություն մտնել առանց բարդությունների: Իսկ երբ համոզմունքների համար ստիպված տանջանքներ ու զրկանքներ են կրում, անմիջապես ուրանում են Տիրոջը: Եսասիրության քարքարոտ շերտը չի թողնում, որ Աստծո խոսքը հասնի ու արմատավորվի նրանց սրտում:

Երրորդն այն մարդիկ են, ովքեր կամենում են միաժամանակ ծառայել և՛ Աստծուն, և՛ մամոնային (Տե՛ս Մատթ. 6:24): Նրանք պիտանի չեն Աստծո արքայության համար, քանի որ կամենում են ապրել ըստ Աստծո օրենքների, բայց միաժամանակ չեն ցանկանում հրաժարվել աշխարհի ունայնությունից: Ի վերջո, աշխարհիկ հոգսերի, հետաքրքրությունների և հակումների հորձանուտը կլանում է նրանց իսպառ` հոգու միջից արտամղելով այն ամենն, ինչ լուսավոր է, խորհրդավոր և վեհ: 

Չորրորդն այն կատարյալ մարդիկ են, ում խոսքը գործից չի տարբերվում, ովքեր Աստծո խոսքը լսելով և ընդունելով՝ փորձում են ապրել աստվածահաճո կյանքով: Ճիշտ է, բոլորը միանման չեն կարողանում ավետարանական խոսքին հնազանդվել, քանզի մեկը պտղաբերում է երեսուն, մյուսը` վաթսուն, մյուսը` հարյուր, որը նշանակում է, թե մեկն ի վիճակի է կատարել մեկ երրորդն այն ամենի, ինչ իրենից պահանջում է քրիստոնեական հավատը, մյուսը` մոտավորապես երկու երրորդը, և միայն քչերին է հաջողվում կատարել ամեն ինչ լիարժեք և կատարելապես: Դրանք ընտրյալ անհատականություններն են:


(Ըստ եպս. Վասիլի Պրեոբրաժենսկու «Զրույցներ Մարկոսի Ավետարանի շուրջ» գրքի):

  • 0000-00-00
×