« Մեկ-մեկ ասում եմ՝ տղե՛րք, ես կարոտում եմ կռվի դաշտը»

« Մեկ-մեկ ասում եմ՝ տղե՛րք, ես կարոտում եմ կռվի դաշտը»

Երեւանի Թատերական հրապարակից մարտի դաշտ: Շատերի նման ինքնակամ այս ճանապարհն ընտրեց նաեւ Մերուժան Ոսկանյանը՝ «ՄԵԾ-ՀԱՅՔ» երկրապահ ջոկատի շտաբի պետը: Իր առաքելությունը Մերուժան Ոսկանյանը տարբեր կերպ էր իրականացնում: Սկզբում սեփական միջոցներով մթերք էր տանում հրապարակում օր ու գիշեր նստացույց անող հայրենակիցներին, հետո Արմաշի գյուղական դպրոցում ճաշարան բացեց, որտեղից թերմոսներով տաք ճաշ էին հասցնում դիրքեր:


Զբաղվել է զենքի եւ զինամթերքի արտադրությամբ, 1990 թվականին Ոսկեպար մեկնելիս գերի է ընկել, բայց լուսաբացին կարողացել է փախչել: 1992-ին մեկնել է Երասխավան, ապա մասնակցել «Օդունդաղ» օպերացիային: Տուն վերադարձել է, երբ արդեն 2 կոնտուզիա էր ստացել:

 

Պայքարի տարբեր ճակատները
 

«Արցախյան շարժման ժամանակ ես «Հասարակական սննդի միավորման» տնօրենն էի եւ կարողանում էի հրապարակում հավաքված ժողովրդին կերակրել: Էդպես, անկախ իմ կամքից, մտա շարժման մեջ: Երեւանի Մետաղական կոնստրուկցիաների գործարանում Համլետ Հովակիմյանի գլխավորությամբ սկսեցինք զենք արտադրել: Արտադրված նռնակները հասցնում էինք դիրքեր եւ Ստեփանակերտ: Հետո աշխատանքից դուրս եկա ու գնացի պատերազմին մասնակցելու.... մինչեւ 1992 թվականի հունիսի 8-ը: 2 կոնտուզիա ստացա, մեկնեցի Մոսկվա՝ գլխի վիրահատության: Հիմա չեմ աշխատում, թոշակառու եմ, դժգոհելու ոչինչ չունեմ»:

 

Հայրենասիրություն, որը  սխալմամբ  դավաճանության  էր  որակվել
 

Իմ ընտանիքը չի իմացել, որ ես զբաղվում եմ զենք-զինամթերքի արտադրությամբ, պատերազմական հարցերով: Ես զինվորական համազգեստ երբեք չեմ հագել: Դա այնպիսի աշխատանք էր, որ պիտի գիշերն անեինք: Պատահում էր՝ մի քանի գիշեր տուն չէի գնում: Կնոջս ուղեղի մեջ սկսեց աշխատել. մի բան կա, որ էս մարդը գիշերները տուն չի գալիս: Բաժանության հարցը դրվեց: Ասացի` լավ, արի բաժանվենք: Բայց մի օր ՈՒԱԶ մեքենան զենք-զինամթերք բարձած պիտի գնանք: Ես ջոկատին ասացի՝ կգաք մեր տուն, նոր կգնաք: Կնոջս էլ զգուշացրել էի, որ հյուրեր ենք ունենալու, սեղան պատրաստի: Բավականին ճոխ սեղան գցեց: Մեկ էլ ջոկատի 14 անդամները համազգեստով ներս մտան: Կինս զարմացած մնաց, թե սա ի՞նչ պատմություն է: Ասացի՝ հանգիստ, բաժանվում էիր չէ՞ ինձնից, դե ուրեմն ներկա կգտնվես մի արարողության, որից հետո գուցե լաց լինես: Կերուխում արեցինք տանը ու դուրս եկանք, գնացինք Երասխավան: Կինս արդեն հասկացավ, որ ես էդ շարժման մեջ եմ, ասաց՝ ներողություն: Իմանալուց հետո ոչ մի օր ընտանիքս ինձ չի ասել՝ սխալ ես անում, ո՞ւր ես գնում, բա է՞ս երեխեքը, տո՞ւնը: Ասացին՝ քեզ կանաչ ճանապարհ: Էնպես որ, ես  իմ ընտանիքից շատ գոհ եմ ու առաջին հերթին իմ կնոջից, ով ինձ միշտ էդ հարցում աջակցել է: Վերջերս թոռնուհիս գտել էր իմ մասին պատմող գիրքը, կարդացել: Ուրախացել էր, եկավ ոգեւորված փաթաթվեց:
 

Օրեր, որոնց դեռ կարոտում են
 

Ես կամավոր եմ գնացել, ինձ ոչ ոք չի տարել: Հրադադարը որ եղավ, ես մեկ-մեկ ասում էի՝ տղե՛րք, ես կարոտում եմ կռվի դաշտը: Ոնց որ թմրադեղ լինի, որ մտնում է մարմնիդ մեջ, դժվար է հանելը: Իրականում ես կարոտում էի իրավիճակին՝ գնալ, կրակել, կազմակերպել, տեղավորել տղաներին: Էդ ամեն ինչն էնքան էր մտել արյանս մեջ, որ կարոտում էի: Բայց էդ կարոտը դուրս եկավ կամաց-կամաց:
 

Ընտանիքը, ցավոք,  հայրենիքում  պահել  չկարողացավ
 

Ունեմ 3 երեխա՝ 2 տղա, մի աղջիկ: Փոքր տղաս 1990 թվականին է ծնվել: Երկրաշարժի ժամանկ, որ էդքան զոհեր ունեցանք, որոշեցի, որ պիտի 3-րդ երեխան ունենաք, որ ազգը չպակասի: Ես իմ ընտանիքը փորձեցի շատ հայրենասեր դաստիարակել: Իմ փոքր տղան ասում էր՝ հնարավոր չէ Հայաստանից որեւէ տեղ գնամ ապրելու: Գնաց Արարատում՝ սահմանին ծառայեց, հետ եկավ: Բայց քանի որ ես թոշակառու եմ ու ընտանիքիս ամեն ինչով ապահովել չեմ կարողանում, բռնեցին գաղթի ճանապարհը, գնացին Մոսկվա: Սկզբում մեծ տղաս գնաց, հետո էլ՝ փոքրը: Հիմա չեն էլ ուզում գալ: Ինձ են ասում՝ արի, բայց չեմ կարող գնալ:

 

Զբաղմունք իր եւ ընկերների համար
 

2001 թվականին փորձեցի ստեղծել հաշմանդամ ազատամարտիկների արտադրական կոմբինատ: Խորհրդային տարիների կար խուլերի, կույրերի կոմբինատ, մարդիկ աշխատում էին, ստանում իրենց աշխատավարձը, յոլա էին գնում: Մտածեցի, որ կարելի է թութակների, ակվարիումային ձկների արտադրություն կազմակերպել, նաեւ կոշիկի արտադրամաս հիմնել:  Հաշմանդամ ազատամարտիկներն էլ կաշխատեին: Չկարողացան միջոցներ գտնել: Եթե ստացվեր ծրագիրը, ես էլ հիմա զբաղմունք կունենայի ու ձեզ չէի ասի, որ ոչ մի բան չեմ անում:
 

Լուսինե ՂԱՐԻԲՅԱՆ
Սկզբնաղբյուրը՝ «Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթ 

  • 2021-07-14
×