Պատիվ և Հայրենիք

Պատիվ և Հայրենիք

«Ինձ այսօրԱրտակի մահվանից հինգ ամիս հետոերեխաներն են ուժ տալիս»:
 

 

Ի՞նչը կարող է մխիթարել սիրած տղամարդուն, երկու երեխաների հորը ողբերգականորեն կորցրած երիտասարդ կնոջը: «Ոչինչ: Ինձ ոչինչ չի մխիթարում»,-ասում է այս տարվա  փետրվարի 28-ին ադրբեջանական կողմի դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ զոհված զինծառայող, փոխգնդապետ Արտակ Աղեկյանի կինը` 32-ամյա Լուսինե Խաչատրյանը: Նա այսօր մեն-մենակ է մնացել ճակատագրի` իրեն հասցված հարվածի դեմ: Ասում է, որ իր կողքին են ծնողները, հարազատները, բայց ոչինչ չի օգնում  հաշտվել դաժան կորստի հետ, որն ամբողջությամբ փոխեց երիտասարդ ընտանիքի կյանքը` նրանց ցույց տալով պատերազմի սարսափազդու դեմքը: «Ես լսում էի զինվորների մահվան մասին, տեսնում էի սևազգեստ մայրերի, կանանց,  այնքան դաժան   էր թվում, երբեք չէի մտածել, որ ես էլ կարող եմ դառնալ նրանցից մեկը»,-ասում է Լուսինե Խաչատրյանը` ավելացնելով, որ չնայած չէր մտածում, որ ողբերգությունը նաև իրենց հետ տեղի կունենա,  բայցևայնպես,  ամուսնու ծառայության ողջ ընթացքում իր սիրտը երբեք հանգիստ չի եղել:  Սահմանային` մերթ ընդ մերթ սաստկացող վիճակը միշտ   տագնապի մեջ է պահում  մարտական դիրքերում հարազատ ունեցողների ընտանիքներին: Նրանք ապրում եմ մի  այլ, մեզ համար անհասկանալի  կյանքով: 


Նրանց համար օրը սկսում է   սահմանային գոտու լուրերով և վերջանում նորից սահմանից եկող  լուրերով:  Բայց Լուսինեն ասում է, որ Արտակը տագնապ տարածող մարդ չի եղել,  նա երբեք ոչինչ չէր հայտնում սահմանի լարվածության մասին: «Հատկապես անցած օգոստոսին, երբ աննախադեպ ծանր վիճակ էր սահմանում, ես նրանից ոչինչ չէի իմանում, բոլոր մարդկանց պես իրադարձություններին տեղեկանում  էի լրատվամիջոցներից: Նա   ընդհանրապես   չէր ուզում, որ որևէ մեկը անհանգստանար իր համար»,-ասում է Լուսինե Խաչատրյանը:
 

Մեկ ու կես տարուց լրանալու էր  36-ամյա Արտակ Աղեկյանի` Հայոց բանակում ծառայելու 20 տարին:  Իր կյանքը Արտակ Աղեկյանը նվիրել էր զինվորականության գաղափարին: Տաշիրում, որտեղ ծնվել է,  դպրոցական տարիներից տարված է եղել հայոց պատմությամբ, պատմության ուսուցչի հայրենասիրական դասերը (ինչպես հետագայում ասել է ուսուցչուհին), մնացած  դասարանցիների համեմատ իր վրա բոլորովին այլ ազդեցություն էին ունենում: Սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: 26 տարեկանում ամուսնացել է հայրենակցուհու` Լուսինեի հետ: «Ամուսնանալով զինվորականի հետ` չէի գիտակցում, թե ինչ դժվար ու անսովոր կյանք է սպասվում ինձ: Անսովոր ու դժվար, քանի որ ամիսներով կարող ես չտեսնել ամուսնուդ, քնել ու արթնանալ սպասումով, տագնապով:


Հետո արդեն սկսեցի կրել այդ ծանրությունը, զինվորականի ընտանիքին բնորոշ դժվարությունները:  Արտակն  ամուսնությունից հետո 2 տարի Վանաձորում է ծառայել, որից հետո Արցախ է մեկնել:  4-5 տարի  սպասելով և   տեսնելով, որ անկարելի է այլևս  սպասել, ես ինքս նույնպես  երեխաների հետ մեկնեցի Արցախ և այն 2 տարին, երբ մենք բոլորս միասին էինք Արցախում, եղել է մեր կյանքի լավագույն շրջաններից: Ինձ չէին հետաքրքրում հեռավոր այդ գյուղի պայմանները, այն, որ այնտեղ զբաղվելու ոչինչ չկար, մենք ուրախ էինք, քանի որ Արտակը մեր կողքին էր»,- ասում է  փոխգնդապետի այրին: Երբ եկել է դստեր դպրոց գնալու պահը, Արտակը կնոջը  և երեխաներին Երևան է տարել, խոստանալով, որ շուտով կմիանա նրանց:   Ընտանիքն ապրել է սպասումով… «Ես սպասում էի,  որ նա մի օր ընդհանրապես  կթողներ զինվորական կյանքը:  Դա մի դժվար, տառապալից կյանք էր, որը հաճախ նաև հենց իրեն էր հիասթափեցնում, շատ բաներ էր տեսնում, շատ բաներից կարող էր զայրանալ, չհանդուրժել, այդ պահին մենք անկեղծ ասած ուրախանում էինք, որ նա կթողնի գործը, բայց հաջորդ օրը նորից պատասխանատվության զգացումով լծվում էր աշխատանքին: Ասում էր` սա գործ է, պետք է հասկանաս, 260 հոգի ինձ է սպասում»,-պատմում է Լուսինե Խաչատրյանը:
 

Լուրը, որ ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում  պահպանության տեղամասի մարտական հենակետերի ուղղությամբ ձեռնարկվել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ, որի ընթացքում զոհվել են երկու հոգի, Լուսինեից մեկ օր թաքցրել են:  Իսկ հետո արդեն աշխարհը մթության մեջ է թաղվել երիտասարդ ու կյանքով լեցուն կնոջ համար:  «Ինձ այսօր, Արտակի մահվանից հինգ ամիս հետո երեխաներն են ուժ տալիս: Արտակն անսահման սիրում էր նրանց, լիովին նվիրված էր երեխաներին, ընտանիքին, ուզում եմ այնպես անել, որ երեխաները լիակատար զգան իրենց, որ Արտակն ինքն էլ լավ զգա իր երկնային կյանքում»,-ասում է երկու մանկահասակ երեխաների` 8-ամյա  Տաթևի և 6-ամյա Սեդրակի մայրը: Պատմում է, որ Սեդրակը երկար ժամանակ ուզում էր զինվորական  դառնալ, լիովին ներշնչված էր հոր կերպարով, Արտակի խոսքերը, արարքները, բնականաբար, օրինակելի էին որդու համար: «Բայց, գիտեք, Արտակի զոհվելուց հետո, ես շատ-շատ հարցերի, երկմտանքների առջև եմ կանգնել. ո՞րն է ճիշտ, մնա՞լ ընտանիքի անդամների կողքին` ուրախություն պատճառելով նրանց, թե՞ գնալ և  ամբողջությամբ նվիրվել` կրելով ամեն վայրկյան  զոհվելու վտանգը, և հարազատներին թողնել մշտական տագնապի, իսկ հետո` վշտի մեջ: Ես պայքարել եմ միշտ նրա` այնտեղ լինելու  դեմ, արդյո՞ք ես սխալ եմ արել, որ իմ ընտանիքի ամրության և միասնական լինելու համար եմ պայքարել, իմ ուզածը վա՞տ բան էր:  Գուցե ինչ-որ հարցերում  ինձ մեղադրեն, բայց ես չեմ հավատում այն մարդկանց, ովքեր ընտանիքի վեհ գաղափարը  բարձր են դասում այլ գաղափարներից:  Հայրենասիրությունը ընտանիքից է սկսվում, դա նաև ինքը` Արտակն էր ասում և իր զինվորներին էր միշտ այդպես ասում:


Մանավանդ հիմա են շատ հարցեր ինձ տանջում,   երբ շուրջս անարդարություններ եմ տեսնում, տեսնում եմ  մարդկային ագահության չափը, տեսնում եմ շահերի  բախում, մտածում եմ` արժե՞ր, որ Արտակը կյանքը զոհեր այսպիսի մարդկանց, այսպիսի երևույթների համար»,-ասում է Լուսինե Խաչատրյանը:  Նա ունի բնակարանի, աշխատանքի խնդիր, երկու երեխաների հետ բնակվում է վարձով, և ամուսնու զոհվելուց հետո կանգնել է սոցիալական հարցերն ինքնուրույն հոգալու խնդրի առջև:  «Ճիշտ է` Արտակը հերոսի  կոչում չստացավ, բայց իր արածն ուղղակի հերոսություն էր: Նա իր կյանքի գնով փրկեց երեք զինվորի կյանք:  Շատ քիչ մարդիկ կան,  որ նման իրավիճակում կարող էին այդպես արագ կողմնորոշվել և վարվել այնպես, ինչպես վարվեց Արտակը»,-ասում է Լուսինե Խաչատրյանը, մեկ անգամ ևս վերհիշելով այդ դաժան օրվա մանրամասները, որ պատմել են փոխգնդապետի կյանքի գնով փրկված զինվորները:
 

«Ինքն  այդ օրը դիրքեր չպետք է բաձրանար,  իր օրը չէր, երբեմն իր օրը չէր լինում, բայց գործ էր ունենում և գնում էր, բայց ինքն այդ օրն  ընդհանրապես գործ էլ չի ունեցել,  պարզապես  ճանապարհը դժվարանցելի է  եղել, և  ով որ պիտի գնար, նրան ասել է` ես կգնամ: Իր վրա է վերցրել ճանապարհը հաղթահարելու  գործը: Դա  այնքան բնորոշ է իրեն, միշտ ուրիշի փոխարեն կատարում էր  ամենածանր և ամենապատասխանատու գործը: Արտակին ճանաչողները գիտեն, որ նա այդպիսին էր: Իր ամբողջ կյանքը եղել է այդպես հերոսական արարքներից կազմված մի կյանք:  Բարձրացել են, իսկ իջնելուց այնտեղ զինվորներ են եղել, որոնք ինժեներական աշխատանքներ էին  կատարել-վերջացրել, նրանց ասել է` ձեզ կիջեցնեմ ինձ հետ: Ճանապարհին թփերի մեջ դիվերսանտներն են թաքնված եղել, նրանք սահմանն անցել  և այնպիսի տեղ էին հասել, որ ոչ մի անգամ այդ վայրին  չէին մոտեցել,   գյուղից, բնակավայրից  ոչ շատ հեռու: 
 

Արտակի մեքենայից առաջ այլ մեքենաներ են անցել, նույնիսկ հետիոտն է անցել, բայց իրենք սպասել են ծառայողական մեքենայի` նպատակ ունենալով պաշտոնյա ոչնչացնել: Դիրքերից իջնելուց Արտակն իր  վարորդին` Հայկին ասել է` ճանապարհը դժվար է, իջիր, ես կվարեմ, և ինքն է նստել վարորդի տեղը, իսկ Հայկը` իր կողքին:  Երբ մոտեցել են`  դիվերսանտները նռնակը նետել են այն  ուղղությամբ` հաշվարկելով, որ   վարորդի կողքին բարձրաստիճան զինվորականն է: Այդ պահին Արտակը վայրկյանի մեջ կողմնորոշվելով, մյուսներին ասել է` դուք թռեք մեքենայից:  Ետևում նստած զինվորները դուրս են ցատկել, մի քանիսը վիրավոր են եղել, ինքն է օգնել դուրս գալու և դրսում ասել է` առաջացեք դեպի անտառ, տարել է անտառ և տեսել է, որ Հայկը չկա,  ետ է գնացել Հայկի հետևից, զինվորներից մեկն ասել է` ես  էլ եմ գալիս քեզ հետ, հրամայել է հետ գնալ և ինքը  խոտերի վրա սողալով  առաջ է  գնացել,  զինվորն է պատմում,  այդ պահին որոտացել է երկրորդ պայթյունը... Թշնամին, հավանաբար, այդ ամեն ինչին հետևել է հեռադիտակով, պատահական մարդիկ չեն եղել մինչև այդտեղ հասնողները:  Ես չգիտեմ այդ մի քանի րոպեների ընթացքում Արտակն ի՞նչ է մտածել, այդ ամբողջը վայրկյաններ է տևել, բայց ես վստահ եմ, որ նա գիտակցված է ետ գնացել, նա, տեսնելով, որ մեկը վտանգի մեջ է, չէր կարող ուղղակի չգնալ...  Փաստորեն, փորձելով փրկել Հայկի կյանքը, իր կյանքը տվեց, բայց փոխարենը փրկեց մյուս երեքի կյանքը...  Այս ամեն ինչն  անընդհատ վերհիշելով, նեղվում եմ, վիրավորվում եմ, որ այդ պահին մեր մասին չմտածեց ու գնաց դեպի մահը: Շատ քիչ մարդիկ կան, որոնք կարող էին այդ իրավիճակում  գնալ ծայրահեղ վտանգի մեջ  գտնվող ընկերոջ հետևից, բայց Արտակին ճանաչողներն ասում են, որ նա կաներ դա»:   
 

Արտակին և Հայկին, որ նորից Տաշիրից էր, հուղարկավորել են զինվորական կարգով: Արտակի  արարքը` դիմադրությունն այնպես կազմակերպել, որ քիչ զոհեր լինեն,  հերոսականություն է, նա արժանի էր Եռաբլուրում մյուս հերոսների կողքին հանգչելու, բայց Լուսինեն չգիտի, թե ինչու Արտակի  ծնողները, առանց իրեն հարցնելու, որոշեցին  ՊՆ-ի հարցումին ի պատասխան Տաշիրում հուղարկավորել նրան: 
 

Ամուսնուն տեսել է մահվանից մեկ ամիս առաջ, երբ Հայոց Բանակի օրվա առթիվ Արտակը Երևան էր եկել`  պաշտպանության նախարարից  գերազանց  ծառայության համար  շքանշան ստանալու: Դա եղել է վերջին հանդիպումը ընտանիքի հետ: Իսկ դեպքից մեկ օր առաջ, ինչպես Լուսինեն է ասում, ջերմ ու երկար խոսակցություն է ունեցել Արտակի  հետ.  «Վերջին նախադասությունը, որ ասել եմ, եղել է` Փառքդ շատ,  Աստված, ես երջանիկ եմ»…
 

Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանով ԼՂՀ  պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողներ Արտակ Աղեկյանը և Հայկ Բարոյանը հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով։ «Մեդալներն ու շքանշանները շատ են, դա իր ստացած իններորդ մեդալն է, բայց ոչինչ, իհարկե, չի սփոփում: Չի սփոփում այն, որ դիվերսիոն խմբի անդամներին մեր կողմից հակահարված է տրվել և խումբը ոչնչացվել է»,-ասում է Լուսինե Խաչատրյանը: Նա հիշեցնում է, որ զինվորական կյանքի մասին խոսելուց Արտակն ասում էր, որ զինվորականությանը նվիրված յուրաքանչյուր մարդ այդ գործը կատարում է ինչ-որ մի բանի համար:  «Արտակն ասում էր, որ ինձ համար զինվորականությունը պատվի խնդիր է: Ուրիշ այլ հարց ինքը իր առջև չէր  դրել.  Պատիվ և Հայրենիք:   Նա  ամեն ինչ արեց` մինչև վերջ բարձր պահելու իր համար այնքան թանկ պատիվը»,- այսպես է ավարտվում   մեր զրույցը Արտակ Աղեկյանի կնոջ հետ: 
 

Հ.Գ. Արարատյան Հայրապետական թեմի կողմից իրականացվող  «Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական երկրորդ ծրագրի մեջ ընդգկված է նաև  2015-ի փետրվարի  28-ին դիվերսիայի հետևանքով զոհված փոխգնդապետ Արտակ Աղեկյանի ընտանիքը: «Շողակն»-ը զրուցել է  զոհվածի կնոջ` մասնագիտությամբ բանասեր Լուսինե Խաչատրյանի հետ:

 

 Անուշ ԹՐՎԱՆՑ
Սկզբնաղբյուրը՝
 «Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթ

  • 2021-07-14
×