Նամակ զինվորին

Նամակ զինվորին

ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու «Արարատ» միության երիտասարդները ևս մեկ անգամ իրականացրեցին «Նամակ զինվորին» ծրագիրը:


Մարտի 4-ին Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու «Արարատ» միության երիտասարդները «Նամակ զինվորին» ծրագրի շրջանակներում մի խումբ զինվորների հետ այցելեցին Նուբարաշենի թիվ 2 գիշերօթիկ դպրոց ու Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն: Նպատակն էր սաներին հանձնել օրեր առաջ «Նամակ զինվորին» ծրագրով զինվորներին գրած քաջալերող նամակների պատասխանները: Զինվորները եկել էին ՀՀ ԶՈՒ հոգևոր սպասավորներ Ժորա սարկավագ Սարգսյանի և Վոլոդյա սարկավագ Նաջարյանի հետ:
Երեխաները հյուրերի հետ սպորտային խաղեր՝ շախմատ, բասկետբոլ, ֆուտբոլ խաղացին, պարեցին: Զինվորները պատմեցին իրենց զինվորական առօրյայից, իսկ երեխաները հետաքրքրվում էին զինվորներից, թե ինչպիսի՞ն է զինվորի կյանքը, կարո՞ղ են նրանց հետ ծառայել, ի՞նչ է երջանկությունը և այլն: Զինվորները տղաների խնդրանքով մարզական հնարքներ ցուցադրեցին, ուժային վարժություններ կատարեցին:
Այնուհետև երեխաները նրանց հրավիրեցին միասին ճաշելու: Ճաշը համեմվեց ազգային երգերի միասնական կատարումներով:

 

Հրաժեշտից առաջ զինվորները խոստացան երեխաներին նորից այցելել և նոր ձեռքբերած ընկերությունը պահպանել հոգատարությամբ:
«Նամակ զինվորին» նախաձեռնությունն իրականացվում է ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրի շրջանակում: ԱՀԹ երիտասարդները մանկատների, գիշերօթիկ դպրոցների սաներից քաջալերող նամակներ են հավաքում և դրանք փոխանցում հայոց բանակում ծառայող զինվորներին: Զինվորներից ստացած պատասխաններն էլ փոխանցում են երեխաներին: Արդեն երրորդ անգամ երիտասարդներին միանում են զինվորներ, ովքեր ցանկություն են հայտնել հանդիպել իրենց նամակ գրած երեխաներին ու անձամբ փոխանցել պատասխանները: Այս ծրագրի շրջանակում նախորդ հանդիպումն ԱՀԹ երիտասարդները կազմակերպել էին փետրվարի 27-ին:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2021-09-03
×