Երբ Աստված խոնարհվում է

Երբ Աստված խոնարհվում է

Հաճախ կարծում ենք, թե միշտ մենք ենք ձգտում հասնել Աստծուն, նմանվել Նրան, քանզի ստեղծված ենք Նրա պատկերով ու նմանությամբ։ Սակայն մի պահ էլ փորձենք հասկանալ՝ իսկ ե՞րբ է Աստված խոնարհվում դեպի մեզ։

 

Չէ՞ որ մեր աղոթքներում շարունակ նշում ենք, որ ցանկանում ենք զգալ Նրա ներկայությունը մեր սրտերում, մեր կյանքում։ Եվ երբեմն էլ նույնիսկ դժգոհում ենք՝ «Աստված երես է թեքել ինձանից»։ Ուրեմն՝ ե՞րբ է Աստված նայում մարդկությանը։

 

«Ամենատես»՝ հենց այս հատկանիշով ենք բնութագրում Տիրոջը անսխալաբար։ Հենց սա՛ է մեր հարցի պատասխանը, քանզի Աստված ոչ մի վայրկյան մենակ չի թողնում մեզ՝ մեղավորներին, անհավատներին, սխալականներին։ Նա շարունակ հոգ է տանում մեր մասին, լսում է մեզ և ցույց տալիս ուղին՝ է՛լ ավելի մոտենալու Իրեն։

 

«Հաճախ աղոթեցեք, քանզի աղոթքը մարդկանց բարձրացնում է առ Աստված, իսկ Աստծուն խոնարհեցնում դեպի մարդիկ»,- այսպես է ասել Սուրբ Ներսես Շնորհալին։ Թեև բոլորին էլ սիրում է անսահման սիրով, սակայն աղոթքի պահին Աստված խոնարհվում է՝ մեզ լսելու համար, չէ՞ որ աղոթքը մի երկխոսություն է մարդու և Տիրոջ միջև։ Աղոթքն է այն ճանապարհը, որով կարող ենք ստանալ մեր հարցերի պատասխանները, որով կարող ենք էլ ավելի ամրացնել մեր հավատը, մաքրել այն ամեն տեսակ վախերից ու  քաջալերվել։

 

Աղոթքը, ուրեմն, քրիստոնյայի ոչ թե  նպատակ է, այլ միջոց։ «Աղոթքը սանդուղք է երկրից երկինք»,- ասում է Վարդան Այգեկցին՝ կարծես ցույց տալով այն ապրելակերպը, որով լսելի կլինենք Աստծուն, կլսենք Նրա ձայնը։

 

Փորձե՛նք ապրել սուրբ հայրերի պատգամներին հավատարիմ, հաճախ աղոթենք, լցվենք երախտագիտությամբ և գնահատենք այն շնորհները, որոնք իբրև պարգև ընդունել ենք Տիրոջից։

  • 2023-02-08
×