Ամենասո՛ւրբ Աստվածածին, սովորեցրո՛ւ ինձ սիրել

Ամենասո՛ւրբ Աստվածածին, սովորեցրո՛ւ ինձ սիրել

«Մեկն է իմ Աղավնին, իմ կատարյալը, իր մոր միակն է նա, իր ծնողի ընտրյալը նրան դուստրերը տեսան և երանի տվեցին» (Երգ Երգոց 6:8)։

 

Տիրամայրն, բացի այն, որ արժանացել է Աստծո մայրը կոչվելու շնորհին, միաժամանակ մեզ համար դարձել է մոր կերպար, ով ցույց է տալիս, թե ինչ ճանապարհով պիտի քայլի կինը և մայրը։ Նրանից մենք սովորել ենք՝ ինչպիսի մայր պետք է լինել զավակի համար և ինչպիսի կին՝ ընտանիքում, որովհետև կնոջ համար միայն ու միայն մեկ ասպարեզ գոյություն ունի․ այն ընտանիքն է։ Մայրերից ավելի լավ, ո՞վ կարող է սովորեցնել զավակին, բարեսրտություն, գթություն, կարեկցանք, շնորհ։ Միայն մայրերը կարող են մանկանը սովորեցնել Աստծուն սիրել, նրանով ապրել։

 

Մայրերը գիտեն ուրիշի համար ապրել, ասես նրանց մեջ բնատուր է անձնվիրությունը։ Նրանք գիտեն միայն բարիք գործել, սակայն բարերարին ծածուկ պահել։ Սովորել, որպեսզի ուրիշը ուսանի իրենցից, մտածել, որպեսզի ուրիշը խոսի, լույս փնտրել, որպեսզի ուրիշը փայլի։ Այս ամենից ավելի գեղեցիկ ճակատագիր գոյությունի չունի մոր համար, քանի որ այս ամենն անձնվիրություն է նշանակում, իսկ անձնվիրությունից առավել  ազնիվ ի՞նչ կոչում գոյություն ունի։

 

Մարիամն առաջինը աշխարհին ցույց տվեց, որ կնոջ կոչումը մայրությունն է, և կինը մայրությամբ պիտի փրկի իր պատիվն։ Նա ծնեց մի զավակ, որ աշխարհի փրկիչը եղավ։ Մարիամն իր աղքատիկ խրճիթից, իր սակավ միջոցներով կարողացավ փրկել և  ազատագրել աշխարհը՝ պարգևելով աշխարհին լավագույն ձիրքերով և առավելություններով օժտված մի Մանուկ։ Մենք պետք է պատվենք Սուրբ Աստվածածնին, ոչ թե այն բանի համար, որ իր արգանդում սնեց և կրեց մարդացյալ Աստծուն, այլ որովհետև իր աստվածային մաքրամաքուր զգացումներով այնպիսի շունչ, ոգի ու սիրտ տվեց զավակին, որ կարողացավ նրան ընծայել մարդկությանը՝ որպես կատարյալ մարդ և կատարյալ Աստված։

 
  • 2023-02-24
×