Քրիստոսի՝ մեր Աստծո Ծննդյան և Մկրտության Տոնի վեցերորդ օրվա պատճառ (ըստ Հայսմավուրքի)

Քրիստոսի՝ մեր Աստծո Ծննդյան և Մկրտության Տոնի վեցերորդ օրվա պատճառ (ըստ Հայսմավուրքի)

Արդ, արարչագործության վեցերորդ օրում Աստված ասաց, և եղան բոլոր ցամաքային կենդանիները և ապա նրանցից հետո ստեղծեց Ադամ մարդուն, և ո´չ թե խոսքով, որպես ուրիշ արարածներին, որոնց ասաց, և եղան. հրամայեց և հաստատվեցին երկինքն ու երկիրը և ամենը, որ նրանցում են: Այլ, հող առնելով երկրից, ստեղծեց Ադամին Իր ձեռքերով ու դրեց նրան փափկության դրախտում`մշակելու և պահելու այն: Որովհետև Աստված ստեղծեց ամբողջ աշխարհն իբրև թագավորություն, դրախտը ստեղծեց իբրև թագավորի պալատ ու դրեց այնտեղ Ադամին որպես իշխան և թագավոր:


Իսկ այս տոնախմբության վեցերորդ օրում սահմանված է Ս. Ղազարոսի հիշատակը, որով ստուգապես իմանում ենք, թե Նա, Ով ստեղծեց Ադամին վեցերորդ օրը չորս նյութից (* տարերքից), Նա Ինքը` Ստեղծողն Ադամի, եկավ ծնվեց Սուրբ Կույս Մարիամից և, կանչելով՝ հարություն տվեց մեռելներից չորս օր մահացած Ղազարոսին ու Իրենով կյանքի կոչեց ադամական ամբողջ բնությունը և փոխեց խավարից լույս, որով իսկ և Ղազարոսին կենդանացրեց:


Քանզի թեև ավանդությամբ ասվում է, թե Ղազարոսի հարությունն այսօր եղավ, հիմա, այս օրը, ստուգապես խորհրդաբար սահմանված է Ղազարոսի հարության հիշատակ` վեցերորդ դարում և վեցերորդ օրում` ուրբաթ օրը, վեցերորդ ժամում, մեր բնության նորոգման պատճառով:


Քանզի առաջին արարչագործությունում Աստված ասաց. «Ստեղծենք մարդ մեր պատկերով» ու ստեղծեց նրան չորս տարերքներից: Իսկ երբ տիրեցին մահն ու ապականությունը, երեք օր տևեց Ղազարոսի ապականությունը, և Աստված կրկին կենդանաստեղծեց նրան, ինչպես Ադամին՝ չորս տարերքներից` տալով Ղազարոսին որպես հարության առհավատչյա`Ադամի բնությունը:


Որովհետև համընդհանուր հարությամբ Աստված այս աշխարհի չորս կողմերից կհավաքի ի մի մեռյալների մարմինները և հարություն կտա նրանց որպես Ղազարոսի մարմին՝ զատելով աշխարհի տարերքներից մարդկային մարմինների նյութը, փոխարկելով անմահ կենդանության՝ կրկին արարչագործությամբ ի փառս Քրիստոսի՝ մեր Աստծո:


Քրիստոս Աստված, հարուցիչ և կենդանացուցիչ մարդկային բնության, բարձրացրու մեղքերով ընկածներիս և կենդանացրու հոգով մեռյալներիս, և ուրախացրո´ւ հրաշափառ Ծննդյամբդ այս գիրը կարդացողի հոգին:

 

  • 2021-08-09
×