«Սերը... չար բան չի խորհում ...» (Ա Կոր. 13:4)

«Սերը... չար բան չի խորհում ...» (Ա Կոր. 13:4)

Քրիստոսի ամենահիանալի և բարոյացուցական քարոզներից մեկում՝ «Լեռան քարոզ»-ի վերջնահատվածում ասվում է. «Ուրիշին մի՛ դատեք,- ասում է Հիսուս,- որպեսզի ուրիշներից չդատվեք, քանի որ ինչ տեսակի դատաստանով որ դատեք ձեր ընկերոջը, նույն ձևով էլ դուք պիտի դատվեք. ինչ չափով որ չափեք, դուք էլ միևնույն չափով պիտի չափվեք» (հմմտ. Մատթեոս 7։1-2)։

 

Մեր մեջ որքա՛ն մարդիկ կան, որ չափազանց շատ են սիրում քննադատությունը, քանի որ լսել են, թե ամեն ոք ազատ է դատողություն անելու մեջ: Սակայն շատ հաճախ միայն այդքանը գիտեն և դատում են՝ առանց իմանալու, թե ում են դատում, որն է քննության առարկան, թե ինչ փաստերի և իրողությունների շուրջն է խնդիրը պտտվում ու թե ինչ եղանակով է պետք դատել: Այդպիսիք միայն որոտընդոստ բացականչում են, թե՝ «իրավունք չունի՛», և ցույց են տալիս, թե իբր իրենց խելքը հասնում է ամեն ինչից: Շատ հաճախ քննադատությունների պարագայում աղբյուր է հանդիսանում միայն «այդպես եմ լսել» խոսքը. ուրեմն զգո՛ւյշ լինենք, քանի որ եթե մեկը հետաքրքրվի ու ջանքեր գործադրի այդ «լսել եմ»-ների աղբյուրը գտնելու համար, շատ հաճախ պիտի հայտնաբերի որևէ մեկի խաբեբայությունը կամ էլ մի ստոր զեղծարարություն: Ահա այս վերջին տեսակի քննադատության համար է, որ Հիսուս խստապահանջություն է դրսևորում և հրամայում է զրադատություն չանել, որպեսզի ուրիշներն էլ մեզ զուր տեղը չդատեն:

 

Հիշո՞ւմ եք Քրիստոսի պատմած այն առակը, որում մի պարտատեր, տեսնելով, որ իր պարտապանը շատ է նեղվում և անկարող է իր բյուր քանքարների պարտքը վճարել, ներում է նրա բոլոր պարտքերը: Սակայն այս պարտապանն էլ իր հերթին իր ընկերներից մեկին շատ փոքր չափով՝ հարյուր դահեկան գումար է փոխ տված լինում: Անմիջապես վազում է նրա մոտ և «նրան բռնելով՝ խեղդում էր ու ասում՝ վճարի՛ր ինձ, ինչ որ պարտք ես», սակայն իր այդ պարտապանի բոլոր աղաչանքներն անտեսելով՝ նրան բանտ նետել է տալիս, որպեսզի ստանա իր առնելիքը: Այդ իրողությունը զայրույթ է պատճառում բյուր քանքարների պահանջ ունեցող պարտատիրոջը և նա, կանչելով այդ անողորմ պարտապանին, դահիճների ձեռքն է մատնում նրան, որպեսզի նա էլ իր պարտքը վճարի: Ահա տեսնում ենք փոխադարձության մի պատկեր, որով արդարություն է հաստատվում: Այդ անողորմն ինչ դատաստանով որ դատել էր, նույն դատաստանով էլ ինքը դատվեց, քանի որ արժանի չէր գտնվել այն ներողամտությանը, որն աղերսում էր իր պարտատիրոջից, իսկ վերջինս էլ նախընտրել էր սրբությունը՝ շան, և մարգարիտը՝ խոզի առջև չնետել:

 

Քրիստոսի բերած փոփոխության մեծ նշանակությունը, սակայն, այն է, որ ընկերոջ կամ հանրության օգտին գործելը մեզ վրա ծանր պարտականություններ է դնում, որոնք միևնույն ժամանակ վսեմ ու ավելի նվիրական են, քան հացի խնդիրը:Հացի խնդիրը մի որոշ ժամանակով կարող է դժվարություն առաջացնել ու դրա լուծումը նույնիսկ կարող է վտանգի առաջ կանգնեցնել, մինչդեռ ընկերոջը, հանրության վերաբերող խնդիրը եթե անտարբերության մատնվի, այդ ժամանակ մշտնջենավորապես կվտանգվի թե՛ հանրության, թե՛ մեր հացն էլ, պատիվն էլ, գոյությունն էլ: «Սերը...․ չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության վրա». ահա՛ սուրբ Պողոս առաքյալի կողմից կորնթացիներին ուղղված առաջին նամակում մեզ համար տրված դասը...

 

Արդ, «այն ամենը, ինչ կկամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դո՛ւք արեք նրանց, որովհետև ա՛յդ իսկ են Օրենքն ու մարգարեները»: Այս վերջին բառերը հրեաների մտքում վսեմագույն չափանիշներն էին, որոնց միջոցով Հիսուս սահմանեց փոխադարձ սերն ու փոխադարձ զոհողությունը... Եվ մեր Տեր Հիսուս Հին Կտակարանի այդ բազմահատոր ու հիասքանչ գրվածքները բովանդակեց երկու խոսքի մեջ՝ փոխադարձ սեր և փոխադարձ ծառայություն, ասել է թե՝ սիրել դիմացինին ու սիրվել նրա կողմից, ընկերոջը բարիք կամենալ և գործել ու արժանանալ նրա բարյացակամությանը:Դա է քրիստոնության օրենքը: Դա է նաև մեր հարաբերական օրենքը, եթե ցանկանում ենք, որ համակեցությամբ իրար հետ բնակվեն ընկերները, ամուսինները, եղբայրներն ու քույրերը, համերկրացիները, ազգակիցները, հայրենակիցները, միևնույն Սուրբ Եկեղեցու զավակները:

 

Առաքյալի զայրույթն այդպիսի անօգուտ գիտության և հարստության դեմ է ուղղված. «Եվ եթե մարգարեություն անելու շնորհ ունենամ և հասկանամ բոլոր խորհուրդներն ու ամբողջ գիտությունը, և եթե ունենամ ամբողջ հավատը՝ մինչև իսկ լեռները տեղափոխելու չափ, բայց սեր չունենամ, ոչինչ եմ» (Ա Կորնթ. 13։2): Այդպիսի սերն է, որ «ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, մշտապես հույս է տածում, ամեն բանի համբերում է ․… և երբեք չի անհետանում» (հմմտ. Ա Կորնթ. 13։7-8): Մարգարեությունները կարող են չքանալ, լեզուները կարող են լռել, գիտությունները կարող են խափանվել, բայց փոխադարձ սերն ու սիրով մատուցված փոխադարձ զոհողությունը մարդուն ներքնապես և իր ողջ ընտանիքով հանդերձ դարձնում են հավիտենական։

 

Սիրո Աստված, զոհողության Խաչված Աստված և շնորհներ պտղաբերող Սուրբ Հոգին թող զորացնեն մեր կամքը, որպեսզի մեզանից վերածնենք Պողոսների՝ մեր հասարակական արտն ու այգին ցանելու և ջրելու համար՝ միաբանված լինելով փոխադարձ սիրով ու զոհողությամբ։

 

Աստված Ինքը թող վարձատրի մեր ճիգն ու ջանքը՝ աճեցնելով սիրո պտուղը, որպես անուշաբուրություն հոտոտելով սիրո բյուրավոր զոհողություններն ու Իր նահատակ Եկեղեցու ցորենից ծլեցնելով տասնապատիկ և հարյուրապատիկ բյուրաբեղուն հասկեր՝ Իր հավատացյալ հոտի երջանկության ու միասնական Սուրբ Երրորդության փառքի համար, հավիտյանս հավիտենից․ ամեն։

 

Մաշտոց վրդ. ՓԱՓԱԶՅԱՆ «Փոքր քարոզգիրք ժողովրդի համար», Կ. Պոլիս, 1905 թ.

  • 2023-10-17
×