«Երանի՛ Հոգով Աղքատներին, Որովհետև Նրանցն Է Երկնքի Արքայությունը» Մատթեոս 5.3

«Երանի՛ Հոգով Աղքատներին, Որովհետև Նրանցն Է Երկնքի Արքայությունը» Մատթեոս 5.3

Երանելի արտահայտությունը մենք տեսնում ենք նաև Սաղմոսաց գրքում, որն սկսում է երանիով (Սաղմոս Ա 1-2)։ Եթե առաջնորդվենք այս աշխարհի տրամաբանությամբ, ապա երանիները մեզ համար թվում են անիրականանալի և գերմարդկային, որովհետև աղքատությունը, սուգը, հեզությունը ինչպե՞ս կարող են մարդուն առաջնորդել դեպի հաջողություն։ Քրիստոս «Լեռան քարոզ»-ում կարծես արմատապես փոխում է աշխարհական այսպիսի տրամաբանությունը, որն աշխարհն է մատուցում մարդկանց։ Լեռան քարոզից առաջ մենք տեսնում ենք Քրիստոսին՝ փորձության ենթարկվելիս, և երբ տեսնում ենք, թե ինչպես է Նա փորձվում, նկատում ենք, որ Նրան ևս չարի ոգին կամ Սատանան առաջարկում է այն, ինչն առաջարկում է աշխարհը: Հիսուս մեզ առաջարկում է մի ճանապարհ, որով Ինքն է անցել ծնունդից մինչև մահ և հարություն։ Քրիստոս երանի է տալիս հոգով աղքատներին, իսկ Իր մասին ասում է, որ Մարդու Որդին գլուխը դնելու տեղ չունի այս աշխարհում (հմմտ․ Մատթեոս  Ը 20)։ Հիսուս ասում է՝ երանի սգավորներին, բայց մենք Հիսուսին բազմիցս տեսնում ենք արտասվելիս (հմմտ․ Հովհաննես ԺԱ 35)։  Հիսուս երանի է տալիս այն մարդկանց, ովքեր պիտի անցնեն այն ճանապարհը, որով Ինքն անցավ։ Երանությունները դրանք օրհնություններ չեն, թեև ունեն օրհնության բաղադրատարրեր։ Երանությունը հաստատում  ու վեր է հանում մի իրականություն, որն արդեն գոյություն ունի, քանի որ հոգով աղքատն արդեն ապրում է, և, հետևաբար, երանի այն մարդուն, որն արդեն այդ երանելիության մեջ է։

 

Պողոս առաքյալն իր անձնական փորձառությունն է ներկայացնում կորթնացիներին ուղղված երկրորդ նամակում․ «Մարդիկ թող մեզ ասեն մոլորվածներ. մենք գիտենք, որ չենք շեղվել ճշմարտությունից։ Թող չուզենան մեզ ճանաչել. մենք գիտենք, որ լավ են ճանաչելու մեզ։ Թող համարեն մեզ մեռած. բայց մենք ահա կենդանի ենք։ Թող համարեն մեզ պատժապարտ. մենք գիտենք, որ ազատված ենք մահվան դատապարտությունից։ Թող կարծեն, թե տխուր է մեր կյանքը. մենք միշտ ուրախ ենք։ Աղքատ թող համարեն մեզ. մենք շատերի կյանքն ենք ճոխացնում։ Այո՛, թվում է, թե ոչինչ չունենք, մինչդեռ ունենք ամեն ինչ» (հմմտ․ Բ Կորնթացիս Զ 8-10)։ 

 

Ի՞նչ է հոգու աղքատությունը։ Այս բառին հոմանիշ է «կարիքավոր» բառը, որն այս համատեքստում լավագույնս ներկայացնում է հոգով աղքատության իմաստը, այն վերաբերում է ոչ միայն նյութական աղքատությանը, այլև՝ հոգևոր։ Այստեղ երանին նրանց մասին է, ովքեր աղքատության հոգևոր քաղցն են զգում, կամ ովքեր Աստծո կարիքն ունեն։ Այս երանին դրված է առաջին տեղում, քանի որը կապվում է Տասնաբանյայի առաջին պատվիրանին․ «Ե՛ս եմ քո Տեր Աստվածը, որ քեզ հանեց եգիպտացիների երկրից՝ ստրկության տնից» (Ելք Ի 2), որտեղ շեշտադրվում է մարդու կյանքում Աստծո առաջնայնությունը։

 

Այստեղ կարող ենք նաև խոնարհությանը հակադրել  գոռոզությունը, որովհետև հոգով աղքատն ապավինում է Աստծուն, իսկ գոռոզամիտ և հպարտ մարդը ապավինում է ինքն իրեն, իր ունեցածին:  Հիսուս կոչ է անում դուրս գալ նման գայթակղությունից և ապավինել միայն Տիրոջը։ Հոգևոր աղքատությունը այն է, որ մարդը կարողանում է ոչ թե ոչինչ չունենալ, այլ կարողանում է ունեցածից հրաժարվել և այն  կիսել մեկ ուրիշի հետ, որի փայլուն օրինակն է Հիսուս Քրիստոս․ «Ձեզանից յուրաքանչյուրը թող խորհի այն, ինչ որ կա Քրիստոս Հիսուսի մեջ, որը Աստծու կերպարանքով էր, բայց Աստծուն հավասար լինելը հափշտակություն չհամարեց, այլ իր անձը ունայնացրեց՝ ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով և մարդու կերպարանքով խոնարհեցրեց ինքն իրեն՝ հնազանդ լինելով մինչև մահ և այն էլ մահվան՝ խաչի վրա» (հմմտ․ Փիլիպեցիս Բ 5-8)։ Առաջին երանության խոստումը երկնքի արքայությունն է, որը ժառանգում ենք այսօր. այն ապագայի համար չէ։ Մեր Տիրոջով՝ Քրիստոսով, այլևս երկնքի արքայությունը հաստատված է մեր մեջ, և բոլոր նրանք, ովքեր արժանի են առաջին երանությանը, բաժնեկից են այդ արքայությանը։           

 

Անանիա Սանահնեցին, նույնպես աղքատությունը համարելով խոնարհություն, նշում է․ «Եւ ոչ վայրապար խոնարհ, այլ՝ հոգւով եւ շնչով․ զի են խոնարհք, որ ոչ կամաւ, այլ՝ ի բռնութենէ։ Թողեալ զայնպիսիսն, որ կամաւ եւ յաւժարեութեամբ խոնարհին, երանէ»։ Հայ մատենագրության մեջ սա այն սակավաթիվ տեղիներից է, որ անդրադառնում է «հոգւով» արտահայտությանը և մեկնության ընթացքում հեղինակը «աղքատաց հոգւով» խոսքի մեկնաբանումը կատարում է միասնաբար, ըստ որի. «Արդ, զայսպիսի աղքատս երանէ Տէրն, որոց ոգիքն են աղքատք յամենայն չարեացեւ լի ամենայն արդարութեամբ․․․»։ Այսու տեսնում ենք, որ Սանահնեցին իր մեկնությամբ այնպիսի հող է նախապատրաստում, որի միջոցով բացատրվում է արտահայտությունն իր ամբողջության մեջ, և կարևորվում է դրա այդ կերպ հանդես գալը․ «․․․ ոչ պարզաբար երանեաց զաղքատս, այլ յաւել՝ «զհոգւովն», որոց ոգիքն աղքատ ի չարեաց են եւ փարթամք՝ արդարութեամբ»։

 

Պատրաստեց

Ալբերտ սարկավագ ՍԱՀԱԿՅԱՆԸ

  • 2023-10-23
×