Օծվեց տուն ինտերնատի մատուռ-եկեղեցին

Օծվեց տուն ինտերնատի մատուռ-եկեղեցին

Հոկտեմբերի 23-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ ԱՍՀՆ Երեւանի թիվ 1 տուն - ինտերնատ ՊՈԱԿ-ի Սուրբ Խաչ մատուռ-եկեղեցու օծումը։ Արարողությանը մասնակցում էր Մերձբալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը։ Արաողությանը մասնակցում էին նաև թեմի Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգեւոր հովիվ եւ տուն -ինտերնատի այցելու հովիվ Տեր Արարատ քահանա Օրդոյանը, Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Պարթեւ քահանա Մուրադյանը, Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու սպասավոր Հովհաննես սարկավագ ներսեսյանը։ 

 

Արարողությանը ներկա էին թիվ 1 տուն- ինտերնատի տնօրեն Խաչիկ Ղազարյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչներ, բարերարներ, ինտերնատի բնակիչներ։

 

Նավասարդ Սրբազանը սրբալույս Մյուռոնով օծեց Սուրբ Սեղանն ու Տիրամոր եւ Մանուկ Հիսուսի սրբապատկերը։

 

Եկեղեցու մկրտության Սուրբ Ավազանն ու մյուս սրբապատկերներն օծեց Վարդան Սրբազանը։ 

 

Նորաօծ Սուրբ Խաչ մատուռ- եկեղեցին սկսվել է կառուցվել դեռեւս 1992 թ. բարերար Հրաչյա Գեղամյանի նախաձեռնությամբ։ Տարբեր պատճառներով մատուռն իր ավարտուն տեսքն է ստացել միայն վերջերս։

 

Շնորհավորելով մատուռ- եկեղեցու օծման առթիվ` Նավասարդ Սրբազանն ասաց.

 

-Սիրելի՛ բարեպաշտ հայորդիք,  այլեւս համայնքի առաջ բաց են լինելու այս նորաօծ սրբատեղիի դռները։ Այս եկեղեցին ձեզ օրհնությու է բաշխելու եւ առաջնորդելու ձեզ  քրիստոնեական ընթացքի մեջ:
 

Նրանք, ովքեր Աստծո հետ քայլելու ճանապարհն են փնտրում, ահավասիկ այդ ճանապարհը բաց է՝ իր բոլոր սրբություններով ու օրհնությամբ։ Աստծո տունը ձեզանով պետք է հարստանա, հզորանա ու բովանդակություն ստանա։ Թող որ Աստծո պատվիրանները մեր մեջ ավելի ամրանան, նոր թափ ստանան ու նոր զարկ տան մեր մարդ կերպարին:

 

Սրբազան հայրը Խաչիկ Ղազարյանին մաղթեց, որ Աստված զորացնի եւ իր առաքելության մեջ ավելի ամուր դարձնի, որպեսզի աստվածահաճո աշխատանքի հունդերն ու սերմերը բազում պտուղներ տան։  

 

Թիվ 1 տուն -ինտերնատի հոգեւոր հովիվը Տեր Արարատ քահանա Օրդոյանն է։ Նա ամեն երեքշաբթի այցելում է այստեղ բնակվողներին` նրանց հոգեւոր սնունդ տալու համար։ Նավասարդ Սրբազանի հանձնարարությամբ Տեր հայրը նորաօծ Սուրբ Խաչ եկեղեցում պարբերաբար Սուրբ Պատարագ կմատուցի, որպեսզի այստեղի բնակիչները Սուրբ Հաղորդություն ստանալու հնարավորություն ունենան։


 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին 

 
  • 0202-10-24
×