Խոստանանք, որ իրար մենակ չենք թողնի

Խոստանանք, որ իրար մենակ չենք թողնի

Գլուխս դնում եմ տատիս ծնկներին, ոնց փոքր ժամանակ, ոչ մի բառ չեմ ասում։

 

Պատերազմի ժամանակ ու պատերազմից հետո իրար հասկանում են կես բառ էլ չէ, շնչից։ Ցավը հասկանալու համար՝ բառեր պետք չեն: Ստելը բարդանում է։

 

Տատիս գոգին միշտ տաք է ու ապահով։

 

Թերթում եմ համացանցում լուրերը՝ դրական բան գտնելու հույսով:

 

«Եկեք խոստանանք, որ իրար մենակ չենք թողնի»։

 

Կարդում եմ տողերն ու սառում: Խնդրա՞նք է, հորդո՞ր, թե՞ պահանջ: Հեղինակը գորիսեցի մի տղա է, որ հավատում է՝ փրկվելու ենք՝ իրար մենակ չթողնելով:

 

Գլուխս դնում եմ տատիս ծնկներին: Շնչում եմ անհամաչափ։ Ինձ թույլ եմ տալիս խորը շնչել, հետո փոշմանում, կուչ եմ գալիս։ Տատին հասկանում է։

 

-Լավ կլինի, լավ կլինի․․․:

 

Ասում է, հետո լռում։ Ես շնչում եմ անհամաչափ։ Ներսումս պայքար է: 

 

Սկսում ենք խոսել լուռ՝ մտքերով։ Մի քանի վայրկյանում պատմում եմ վախերիս, ինքն իր տեսածի ու չտեսածի, նախնիների, մեր կորցրածի մասին։

 

-Ինչերի՜ ենք դիմացել, լավ կլինի․․․:

 

Վստահ էհանգիստ է շնչում։ Ես ուզում եմ հավատալ։ Մտքերս հանգիստ չեն տալիս:

 

Ինչո՞ւ մենք 2020 թվականից հետո իրար մենակ թողեցինք, իրարից հեռացանք։ Ամեն մեկս մեր տանը, մեր քաղաքում, մեր գյուղում իրարից կտրվեցինք։ Ամեն օր պարտվեցինք`առանձին-առանձին, հետո միասին, բայց այդ միասինի մեջ միասնություն չկար։ Հիմա, երբ Արցախի մեր հայրենակիցները, թողնելով իրենց տունը, մեզ մոտ են եկել, կրկին պիտի հեռանա՞նք: Թե՞ պիտի դժվարությունները միասին հաղթահարենք: Ամեն մեկս մի մոմ վառենք, որ լույսը շատանա, օգնենք ամոքել վերքերը: 

 

Սուրբ Գրքում ասվում է.

 

«Հո՛ր օրհնյալներ, և ժառանգեցե՛ք այն արքայությունը, որ պատրաստված է ձեզ համար աշխարհի սկզբից ի վեր, որովհետև ես քաղցած էի, և ինձ կերակրեցիք, ծարավ էի, և ինձ ջուր տվեցիք, օտարական էի, և ինձ ընդունեցիք, մերկ էի, և ինձ հագցրիք, հիվանդ էի, և ինձ խնամեցիք, բանտում էի, և այցելեցիք ինձ»։ Այն ժամանակ արդարները կհարցնեն. «Տե՛ր, ե՞րբ տեսանք քեզ քաղցած և կերակրեցինք, կամ ծարավ և ջուր տվեցինք։ Ե՞րբ տեսանք քեզ օտարական և ընդունեցինք, կամ մերկ և հագցրինք։ Ե՞րբ տեսանք քեզ հիվանդ կամ բանտի մեջ և այցի եկանք քեզ»։ Թագավորը պիտի պատասխանի նրանց. «Ասում եմ ձեզ, որովհետև իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ, ի՛նձ արած եղաք»։ (Մատթ. 25;34-40)

 

«Եկեք խոստանանք, որ իրար մենակ չենք թողնի»։ Կարդում եմ նորից: Գորիսեցի տղան ճիշտ է: Պիտի խոստանանք, դիմացինի ցավը հասկանանք, վշտակցենք, օգնենք: Չէ՞ որ ողորմածությունը երջանկության նախապայմանն է:

 

«Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն կգտնեն»: (Մատթ. 5.7)

 

Շարունակում եմ համացանցը փորփրել: Կարդում եմ գրող Հովիկ Չարխչյանի խոսքերը:

 

«Արի, հարազատս, քո ցավն իմ ցավն է, քո փրկությունն իմ փրկությունն է»:

 

Այսքան ցավի ու անորոշություն մեջ ես ու տատս սկսում ենք շնչել համաչափ, երկար, իրար նման:

 

 

Անի Ավագյան

 
  • 2023-10-24
×