Ամեն մեկս մեզնից մի բան զոհելով՝ պետություն կառուցենք

Ամեն մեկս մեզնից մի բան զոհելով՝ պետություն կառուցենք

«Մենք առաջին քրիստոնյա ժողովուրդն ենք, ինչո՞ւ է Աստված մեզ այսպես պատժում». հարց, որն այսօր հաճախ ենք լսում:

 

Սուրբ Երրորդություն եկեղեցու խորհրդակատար Տեր Հուսիկ քահանա Դոխոլյանն առաջարկում է երբ մենակ ենք, ինքներս մեզ անկեղծորեն հարցնենք՝ արդյո՞ք գոհ ենք, թե ինչ որակի քրիստոնյա ենք, քրիստոնյաին վայե՞լ ենք ապրում, շեղվե՞լ ենք մեր ուղուց:

 

«Իսկ ի՞նչ է մեր ժողովրդի մեջ մնացել քիստոնեության ուխտից՝ միայն անուններ, պատմություն»:

 

Քահանան հիշեցնում է Պողոս առաքյալի խոսքը: Աբրահամի զավակները նրանք չենք, որ գենետիկորեն սերում են Աբրահամից:

 

«Իմացե՛ք, ուրեմն, որ Աբրահամի որդիներ են նրանք, ովքեր հավատին են ապավինում»։ (ԳԱՂԱՏ. 3;7) 

 

Տեր Հուսիկի խոսքով՝ Աստծուն չպետք է պահանջներ ներկայացնել, քանի որ Տիրոջ պարգևը չափազանց մեծ է: Այլ հարց է, որ մենք այն չենք գնահատում: Առաջարկում է Աստծուն մեղադրելու փոխարեն՝ մեր դժբախտությունների պատճառն այլ տեղում փնտրել, երբ պատմության ընթացքում շատ հաճախ պայքարել ենք իրար դեմ: Եսասիրաբար՝ միայն մեզ համար տաքուկ անկյուն փնտրելով չէ, որ պիտի պետականություն ունենանք: 

 

«Երբ նայում ենք մեր պատմությանը, տեսնում ենք անմիաբանություն՝ պետության գաղափարի շուրջ: Մենք պիտի մտածենք, որ ամեն մեկս մեզնից ինչ-որ մի բան զոհելով՝ պետություն կառուցենք: Միասնականությունը ինքնազոհություն պահանջող երևույթ է: Մենք մեզ պիտի նեղություն տանք, որ կառուցենք պետականություն»:

 

Հոգևոր հայրը վստահ է՝ երբ նորոգենք մեր ուխտը, այն ժամանակ կհասկանանք, թե ինչ է տվել մեզ քրիստոնեությունը և ինչ է տալու:

 

«Մենք առաջին քրիստոնյաներն ենք, ինչը մեզ պարտավորեցնում է: Պարտականություն զգանք այդ անունը կրելու՝ այս սուրբ ժառանգության մասը լինելու»:

 

Առաջին քրիստոնյա ժողովուրդն ենք, բայց մեր մոտ պակասել է սերը: Այս ամենը սկսում է ընտանիքից: Ընդգծում է Տեր Հուսիկը՝ հավելելով, որ մենք պիտի սկսենք սիրել իրար՝ ընտանիքից: Հասկանանք, որ սերը զոհաբերություն է:

 

«Ով չի սիրում, չի ճանաչում Աստծուն, քանի որ Աստված սեր է»։ (Ա Հովհաննես 4;8)

 

Քահանայի խոսքով՝ եկեղեցիների գմփեթների, խորանների խաչերը տեսնում ենք, մեր պարանոցին խաչ ենք կրում, խաչը մեր տան մեջ է, բայց նայելով խաչին՝ մոռանում ենք խաչյալին, իսկ Քրիստոս մեզ ցույց տվեց սերը՝ բոլորի նկատմամբ՝ սկսած իրեն խաչողներից:

 

Այսօր, երբ բռնի տեղահանվել են 100.000-ից ավելի մեր հայրենակիցները, պետք է սիրով վարվենք նրանց հետ, նշում է Տեր Հուսիկը՝ հավելելով, որ հնարավոր է երբեմն դիմացինը սթրեսի, իրականությունը ճիշտ չհասկանալու պատճառով՝ հավասարակշիռ վիճակում չլինի, բայց մենք պետք է օգնության ձեռք մեկնենք:

 

«Աստվածաշնչի քարոզած սերը եղբայրասիրությունն է՝ քո անձը տալու չափ եղբայրասիրությունը»:

 

Անի Ավագյան

 

  • 2023-10-31
×