Օգնության ձեռք՝ արցախահայերին

Օգնության ձեռք՝ արցախահայերին

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կողքին է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին: 

 

Սնունդ, դեղորայք, գումար, կահույք ու տեխնիկա ստանալու համար՝ Երևանում ապաստան գտած արցախահայերը դիմում են նաև մայրաքաղաքի եկեղեցիներ:

 

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմում իրականացվում է հոգևոր ու սոցիալական աջակցության ծրագրեր:

 

2023 թվականի հոկտեմբերի սկզբից յուրաքանչյուր համայնքում քահանաների նախաձեռնությամբ իրականացվում են տարբեր աշխատանքներ՝ օգնելու արցախահայերին: Նախաձեռնությունները տարբեր են: Գործը գլուխ են բերում համայնքի ուժով՝ ըստ կարիքի: 

 

ԱՀԹ սոցիալական բաժնի ղեկավար Շուշան Պետրոսյանն ընդգծում է՝ ծրագիրն իրականացնելու համար՝ հավաքել են տվյալներ, գնահատել կարիքները, գործակցել համայնքապետարանների հետ: Փորձել են հասկանալ, թե ինչով կարող է եկեղեցին օգնել այս պահին ու հետագայում: 

 

«Օգնության հավաքագրումը բխում է նրանից, թե ինչ կարիք ունեն մարդիկ: Գրանցում ենք, համաձայնեցնում բարերարների հետ: Հիմնականում սննդի կարիք ունեն: Տրամադրել ենք սննդի փաթեթներ, հիգիենայի, անկողնային, կենցաղային պարագաներ, տաք հագուստ»:

 

Կարիքը հասկանալուց հետո՝ միասին փորձել են աջակցել: Տարբեր եկեղեցիներում նաև տրվել են նվեր քարտեր, գումար՝ բազմազավակ, կարիքավոր ընտանիքներին: Մոտ 1300 ընտանիքի տրամադրվել է նյութական օգնություն:

 

Արցախահայերը ստացել են նաև հոգևոր աջակցություն՝ դժվար իրավիճակը հաղթահարելու համար:

 

Շուշան Պետրոսյանը հավելում է՝ իրականացվում են նաև այցելություններ՝ տներ, բժշկական կենտրոններ, ծերանոցներ:

 

«Աշխատանքներ են տարվել՝ կիրակնօրյա դպրոցներում արցախահայ երեխաների ուսումնառությունը ապահովելու ուղղությամբ, իսկ երիտասարդները սկսել են հաճախել երիտասարդաց միություններ»:

 

Աշխատանքներում բացի բարերարներից ներգրավվել են եկեղեցական կառույցները: 

 

Ծրագրի նախնական փուլում արցախահայերը, անկախ հաշվառման վայրից, օգնություն էին ստանում ցանկացած եկեղեցուց: Այսօր աշխատանքն ավելի համակարգված իրականացնելու համար՝ կարիք ունեցողները պետք է դիմեն այն համայնքների եկեղեցիներ, որտեղ հաշվառվել են:

 
  • 2023-11-09
×