Հավատքն առանց գործերի մեռած Է. Սուրբ Սարգիս Շնորհալի

Հավատքն առանց գործերի մեռած Է. Սուրբ Սարգիս Շնորհալի

«Սրանով ենք ճանաչում, թե սիրում ենք Աստծու Որդուն, երբ սիրենք Աստծուն և կատարենք նրա պատվիրանները»: (Ա  Հովհ. 5:2-3)

 

Հավատանք Աստծո Որդուն, որի մարդասիրության շնորհը վայելեցինք: Հավատանք նաև Հոր վկայությանը, թե արդարև ճշմարիտ է և ամեն բարության աղբյուր: Հավատանք ոչ միայն բերանով և շուրթերով, այլև սրտով, և ոչ միայն սրտով, այլև գործով և ճշմարտությամբ, որովհետև հավատքի արտահայտությունը Քրիստոսի պատվիրանները պահելն է, որ իրապես այն կենդանի է պահում՝ վերածելով գեղեցիկ և վայելուչ պատկերի: Եթե Աստծո պատվիրանները պահենք և կատարենք, այդժամ նոր ճշմարիտ հավատացյալ կդառնանք: Այս մասին նաև մեր Տերն ասաց. «Եթե դուք իմ ուսուցմանը հավատարիմ մնաք, իմ ճշմարիտ աշակերտները կլինեք, և կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը ձեզ կազատի» (Հովհաննես 8:31-32): Իսկ եթե չկատարենք, մահվան մեջ կմնանք և մեղքը մեր մեջ կհաստատվի, իսկ նա, ով մեղք է գործում, մեղքի ծառա է դառնում, ըստ Տիրոջ խոսքի. «Ամեն ոք, որ մեղք է գործում, մեղքի ծառա է» (Հովհաննես  8:34): Հատկապես քրիստոնյան կրկնակի և բազմապատիկ մեղքի ծառա է դառնում, և ոչ միայն ծառա, այլև մեղքով էլ կմեռնի և կապականվի, որովհետև նա, ով մեղք է գործում, մեռնելու է: Եվ ինչպես կարող է իրական հավատացյալ լինել, երբ մեղքերի և անօրինության մեջ է ապրում, երբ բարի գործեր չունի, երբ չարիքի մեջ գտնվելով՝ չի զղջում և Աստծո սպառնալիքներից չի վախենում, այդպիսին դևերի պես է և հավատքից ոչ մի օգուտ չի կարող քաղել:

 

Մենք, որ Սոդոմից դուրս եկանք և փախչեցինք հրկիզվելուց, աղաչում եմ, այլևս այնտեղ չվերադառնանք, այլ գործերով հավատանք մեր Փրկչին՝ Տիրոջը, և զղջումով ու խոստովանությամբ մոտենանք Նրա շնորհի աթոռին, որպեսզի օգնության պատեհ պահին Նրանից ողորմություն գտնենք: Թերևս մեկը հարցնի, թե ինչպե՞ս մոտենանք: Հավատքով, հույսով, սիրով, հեզությամբ, խոնարհությամբ, ողորմածությամբ և եղբայրասիրությամբ, և այն ժամանակ Նրանից ողորմություն կգտնենք:

 

Չկորցնենք շնորհի աթոռի ժամանակը, որովհետև, ինչպես Պողոսն է ասում. «Հիմա է ընդունելի ժամանակը, հիմա է փրկության օրը» (Բ Կորնթացիս 6:2): Հիմա մոտենանք, երբ ժամանակը մեր ձեռքում է, երբ կամովին ենք նավարկում, երբ շահավաճառության հույս ունենք մեր առջև, երբ Դատավորն անցնում է և շնորհի աթոռին է նստում: Եթե հազար քանքար ենք պարտք, չվախենանք, այլ հավատքով մոտենանք և աղաչենք, վստահ եմ, որ ներելու է, որովհետև մարդասեր է, միայն թե թողություն ստանալուց հետո մեր ծառայակիցների հանդեպ տմարդի չգտնվենք: Եթե մեր բազում մեղքերի պատճառով անհուսությամբ տանջվենք էլ, թե Նրանից ողորմություն չենք գտնի, չհուսահատվենք, այլ հույսով ամրապնդվենք, թե Նա ողորմած ու գթած է և ցավում է մարդկանց չարիքների համար: Նա ըստ մեր մեղքերի չի չի վարվում մեզ հետ, ըստ մեր անօրինությունների չի հատուցում մեզ, և հավիտյան ոխ չի պահում, որովհետև անոխակալ բնություն ունի: Թեև մեր կողմից արհամարհվում, անարգվում և նախատվում է, սակայն չի բարկանում, ոչ էլ ոխ է պահում, հակառակը՝ աղաչում է, աղերսում, և մեր դարձն է ցանկանում, որովհետև հեզահամբույր, ողորմած ու անհիշաչար բնություն ունի:

 

Քանի դեռ այժմ աղաչում է, գթություն, ողորմություն, մարդասիրություն, պարտքերի թողություն, կապանքներից և բանտերից արձակում բաշխում, հետևաբար նրան մոտենանք լալով, ողբալով և հառաչելով և խոստովանենք մեր մեղքերը, դատարկ  և ապիկար կերպով չմոտենանք Նրան: Մեր մարմնի տաճարից աղաղակենք մաքսավորի ձայնով, որպեսզի արդարանանք, աշխարհի խաչափայտի վրայից Նրան ասենք. «Հիշի՛ր մեզ, Տե՛ր, երբ գաս արքայությամբդ» (Ղուկաս 23:42): Լացենք անառակի հետ, արտասվենք Պետրոսի հետ, երանելի Դավթի պես ամբողջ գիշեր արտասվենք մահճում և արցունքներով թրջենք մեր անկողինը: Մանասեի պես ողորմելի և արտասուքի արժանի ողբով կոծենք, որ ասում էր. «Արժանի չեմ նայելու և տեսնելու երկնքի բարձունքները»: Եթե նման կերպ մոտենանք Նրան, չի անտեսի, որովհետև մարդասեր է:

 

Արդ, չսպասենք, որ Դատավորը շնորհի աթոռից ելնի և դատավորի աթոռին նստի, որպեսզի անօգնական չլինենք անվախճան հավիտենականության մեջ, ի զուր չզղջանք գեհեին կրակներում և անմխիթար չգտնվենք  արտաքին խավարում, որովհետև այնտեղ ո՛չ ողորմություն կա, ո՛չ մարդասիրություն, ո՛չ գթություն և ո՛չ էլ մեղքերի թողություն, այլ հավատի քննություն՝ գործերի, խոսքերի, խորհուրդների, այնուհետև՝ հատուցում: Հիմա մոտենանք շնորհի աթոռին, որպեսզի ողորմություն գտնենք օգնության պատեհ ժամանակին, այսինքն՝ դատաստանի օրը, երբ ամեն ոք՝ հարուստ և աղքատ, իշխան ու հպատակ, թագավոր և ծառա, բոլոր էլ ողորմության և օգնության կարիք են ունենալու, որովհետև յուրաքանչյուրն իր բեռի մասին է մտածելու և իր մեղքերի պարտքը տեսնելով՝ վշտահար զարհուրելու և ամաչելու է:

 

Արդ, եթե այսօր խոստովանությամբ, ապաշխարությամբ և ողորմությամբ Նրան ներկայանանք, ոչ միայն օգնություն կգտնենք, այլև կարժանանանք Նրա արքայությանը, և կհասնենք խոստացված բարիքներին՝ մեր Տիրոջ ու Փրկչի՝ Հիսուսի Քրիստոսի շնորհով և մարդասիրությամբ:

 

 

Փոխակերպումը գրաբարից՝

Գայանե ԹԵՐԶՅԱՆԻ

  • 2023-11-22
×