Պիտի գործ անենք, որ փոխենք մեզ, մեր իրականությունը

Պիտի գործ անենք, որ փոխենք մեզ, մեր իրականությունը

­­­Ապրե՛լ քրիստոնեական արժեքներով. հիշաչարություն
 

«Մարդիկ չարացել են». արտահայտություն, որն այսօր հաճախ կարելի է լսել, բայց ո՞վ, ի՞նչ է անում՝ այդ չարությունն իր մեջից հանելու, այն վերացնելու համար, հարցնում է Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվը՝ Տեր Հրաչյա քահանա Գյոզալյանը: 
 

«Ագահություն, չարություն, նենգություն, գիջություն, չար նախանձ, հայհոյություն, ամբարտավանություն, անզգամություն։ Այս բոլոր չարիքները ներսից են ելնում և պղծում մարդուն»։ (Մարկոս 7;22-23)
 

Քահանան նկատել է՝ մեր ազգը պառակտվել է: Մարդիկ չեն կիսում միմյանց գաղափարները, մեկը մյուսի հանդեպ լցվել են չարությամբ, դարձել անհանդուրժող, հիշաչար.
 

«Չարի ցանկությունն այն է, որ պառակտի մարդկանց: Մոլորեցնողը սատանան է, որ գործում է մարդկանց միջոցով, որ բաժանի մեզ ու կորցնենք այն, ինչ ունենք: Քրիստոնյան պիտի սիրով լինի: Աստված սիրեց մեզ ու իր միածին որդուն ուղարկեց մեր փրկության համար: Քրիստոս սիրեց մեզ»: 
 

Ստեղծված իրավիճակը ձևավորվում է նախ ընտանիքում, կարծում է հոգևոր հովիվը. երեխաների դաստիարակության մեջ մեծ դեր ունեն ծնողները: Զավակները կլինեն աստվածապաշտ, եթե ընտանիքում լինի սիրո մթնոլորտ: 


«Նույն չարությունը, որը կա մեր հասարակության մեջ, սերմանվում է ընտանիքում, մինչդեռ այն պետք է ձևավորել քրիստոնեական արժեքներով: Աստծո ներկայությունը պիտի գլխավորող լինի ընտանիքում, հասարակության մեջ»:


Կյանքը փուլ առ փուլ վերափոխելու համար՝ կարևոր է Աստծո խոսքը: 


«Ուրեմն դեն գցելով ամեն չարություն, նենգություն, կեղծիք, նախանձ ու չարախոսություն, իբրև նորածին երեխաներ՝ միշտ փափագո՛ղ եղեք բանական և անխարդախ կաթին, որպեսզի նրա միջոցով աճեք փրկության համար, քանի որ արդեն ճաշակել եք, որ քաղցր է Տերը»։ (Ա ՊԵՏՐՈՍ 2;1-3)


Հոգևորականի պատգամն է՝ գնահատել մեր ունեցածը, չկորցնել հոգևորի հետ կապը, ուժ գտնել մեր մեջ.


«Մենք պիտի գործ անենք, որ փոխենք մեզ, մեր իրականությունը»:


Տեր Հրաչյան հավատում է՝ որքան էլ մեզ փորձեն հեռացնել մեր արժեքներից, կպահպանենք դրանք, հայրենասերները շատ են ու կգա հայրենասիրությունը դրսևորելու ժամանակը:


Անի Ավագյան

 
  • 2023-12-07
×