Հիսուս Քրիստոսի` Մեր Աստծո Ծննդյան և Հայտնության ճրագալույցի նավակատիկ (ըստ Հայսմավուրքի)

Հիսուս Քրիստոսի` Մեր Աստծո Ծննդյան և Հայտնության ճրագալույցի նավակատիկ (ըստ Հայսմավուրքի)

Մարգարեների կանխասացություններն, ովքեր նախօրոք պատմեցին Քրիստոսի գալստյան մասին, այսօր, լրումին հասնելով, կատարվեցին: Որովհետև Նա, Ով ասաց Աբրահամին, թե «քո զավակից կօրհնվեն երկրի բոլոր ժողովուրդները» (Ծննդ. 12:3, 18:18, 22:18, 26:4, 28:14), այսօր եկավ և կատարեց խոստումը` լինելով որդի Ս. Կույս Մարիամի: Ինչպես Մովսեսը տեսավ վառվող մորենին, որը չէր այրվում և խորհրդանշում էր Ս. Կույս Մարիամին (Ելք 3:2):


Իսկ Տիրոջ կողմից Օսէսին` նույն ինքը Հեսուին ասվեց. «Տիրոջ զորքի զորավարն եմ. արդ եկա օգնել քեզ» (Հեսու 5:13-16): Դավիթը մարգարեացավ. «Նա թող իջնի որպես անձրև հնձած խոտի վրա և որպես ցող` երկրի վրա» (Սաղմ. 71:6):
 

Իսկ Սողոմոնն ասում է. «Կյանքի ծառը բուսնում է արդարության պտղից» (Առակ. 11:30): Զաքարիա և Մաղաքիա մարգարեներն ասում են. «Իմ անունից երկյուղ կրողների համար արդարության արեգակը պիտի ծագի, բժշկություն պիտի լինի նրա շողերի մեջ» (Մաղ. 4:2) և, թե. «Ահա´ այր, և ծագումն անվան Նրա» (Զաք. 6:12):


Բարուքը գրում է, Երեմիայի խոսքերի համաձայն, թե Աստված Բարձրյալ երկրում կհայտնվի և մարդկանց մեջ կշրջի (Բարուք 3:38):


Եվ լրացան յոթանասուն յոթնյակները Դանիելի (Դան. 9:24), և Աստված կատարեց նրա ցանկությունը, ով աղաչեց Աստծուն, թե՝ ցույց տուր ինձ Տեր, Քո Օծյալին, մինչև իմ մեռնելը (Դան. 9:17):


Եվ ասաց Գաբրիել հրեշտակապետը. «Ե´կ, հանգստացիր, ա´յրդ սիրելի: Երբ լրանան յոթանասուն յոթնյակները, որոնց մասին մարգարեացար, Բանն Աստված երկրի վրա կհայտնվի, և լույսը կծագի գերեզմանիդ վրա»:


Մարգարեների այս բոլոր կանխասացությունները հիմա կատարվեցին: Այս պատճառով ուղղափառ եկեղեցիները տոնում են այսօր՝ հունվարի 5-ին, Քրիստոսի Ծննդյան և Հայտնության ճրագալույցի տոնը` ուսանելով այն սուրբ առաքյալներից և մեր վարդապետներից:


Թարգմանեց Աննա Կիշինևսկայան

  • 2021-08-09
×