Եվս մեկ հնարավորություն նոր կյանքի համար

Եվս մեկ հնարավորություն նոր կյանքի համար

Ամանորին դեպի եկեղեցի տանող ճանապարհը գտնելը շատ հեշտ է անգամ եկեղեցու տեղը չիմացող մարդու համար: Եկեղեցի տանող ճանապարհը լուսավորված է տոնական ծառերի լույսերով:
 

Թվում է՝ բոլորն իրենց տներում պետք է լինեն, քանի որ Ամանորին մնացել է մեկ ժամ: Փողոցներում միայն մեքենաներն են շտապելով այս ու այն կողմ գնում:


23:10 է, ճանապարհին երևում են խումբ-խումբ մարդիկ, ովքեր ձեռքերում ինչ-որ բան պահած՝ շտապում են եկեղեցի: Քայլում ես, երկու կողմերից լուսավորված, ուղիղ ճանապարհն է, իսկ երբ գլուխդ բարձրացնում ու վեր նայում, տեսնում ես եկեղեցին, որ այդ լույսերի ներքո սովորականից մեծ է երևում:


«Սա է միակ ճիշտ ճանապարհը: Ես քայլում ու հասկանում եմ, որ այս օրը ես պետք է այստեղ լինեմ: Ճանապարհն ինքն է տանում ինձ դեպի եկեղեցի: Երբեք այսքան ուժեղ չեմ զգացել եկեղեցու կանչը: Իսկ հիմա, այս օրը ինձ թվում է Աստված ինքն է կանչում ինձ իր տուն՝ միասին տարին ճանապարհելու ու նորը դիմավորելու»,- ասում է Կարինեն, ով առաջին անգամ է Ամանորն անցկացնում եկեղեցում:


Դեպի եկեղեցի գնացող մարդիկ էլ կարծես լույսեր լինեն, ամեն մեկը նման է փոքրիկ կայծի, որ շուտով միանալով մյուսներին մի մեծ կրակ կդառնա: Այդ լույսը, որ կա նրանց մեջ, ներքին հավատի լույսն է, որն այդ օրը այնքան է մեծանում, որ չնկատելն անհնար է:


Կեսգիշերին եկեղեցին լի է մարդկանցով, նայում ես ժամացույցին, հետո խորանին, հետո մարդկանց, որոնց մի մասը քեզ անծանոթ են ու մի պահ անշարժանում ես.
«Տարօրինակ զգացողություն է: Չեմ սիրում, երբ անծանոթ մարդկանց շրջապատում եմ, այն էլ այս օրը, բայց ավելի տարօրինակ է այն, որ այս մարդիկ ինձ հարազատ են թվում: Իրոք, նայում եմ բոլորին ու հասկանում, որ յուրաքանչյուրին, կարծես, ճանաչում եմ: Զգացողություն է, թե մեծ գերդաստանով նշում ենք Ամանորը: Ինձ չի թողնում այն միտքը, որ Աստված կանչել է ինձ իր տուն ու ես հիմա Նրա հետ պետք է նշեմ Նոր տարին»,- մի փոքր շփոթված ասաց Անին:


Հնչեցին եկեղեցու զանգերը: Ժամը 24:00-ն է: Դրսում հրավառության ձայնն ավելի է ուժեղանում:


«Երբ զանգերը հնչեցին, մի պահ դուրս եկա եկեղեցուց: Աննկարագրելի էր: Ես կանգնած էի եկեղեցու դիմաց: Ներսից «Հայր մերն»-ն էր լսվում, դրսում երկու կողմից հրավառություն էր: Ետ եմ գնում եկեղեցի: Դուռը բացելուն պես խնկի բույրն եմ զգում: Ու ես ինձ կենդանի եմ զգում»,- ասում է Հասմիկը:


Ապա սկսվում է Նռնօրհնեքը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հաստատվել է օրհնության կարգ, որի համաձայն` ամեն տարի Ամանորի գիշերը Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում Հանրապետական մաղթանքի ավարտին կկատարվի նռնօրհնեքի արարողություն:


Հայկական ավանդության մեջ նուռն` իբրև ազգային խորհրդանիշ, կրում է կյանքի, ծաղկունքի և առատության իմաստը: Քրիստոնեական խորհրդաբանության մեջ նուռը խորհրդապատկերն է Հիսուս Քրիստոսի հեղած արյան` խորհրդանշելով նաև Տիրոջ հրաշափառ Հարությունն ու Աստծու շնորհների բազմազանությունը: Հայոց Եկեղեցու վարդապետների և հայրերի մեկնություններում նուռը ներկայացվում է նաև այն խորհրդաբանությամբ, որ նռան հատիկների պես Եկեղեցու անդամները շատ ու բազմատեսակ են, սակայն պատված են նռան նման պինդ կեղևով` միավորված լինելով մեկ Եկեղեցու մեջ:


«Պարտիզպանը իր այգում մի թզենի էր տնկել, և երբ պտղի ժամանակը հասավ, նա եկավ նրա վրա պտուղ փնտրելու ու չգտավ: Այգեգործին ասաց. «Ահա երեք տարի է, որ գալիս եմ այդ թզենու վրա պտուղ փնտրելու և չեմ գտնում, արդ, կտրի՛ր այդ, ինչո՞ւ է հողն զբաղեցնում»: Այգեգործը, որ շատ էր աշխատել այդ ծառի վրա, խնդրում է. «Տեր իմ, նրան այս տարի էլ թող, մինչև որ նրա շուրջը փորեմ և պարարտանյութ տամ, գուցե թե պտուղ տա, ապա թե ոչ՝ մի տարուց հետո կկտրես այդ»(Ղուկ. 13:6-9):


Ամեն մեկս մի ծառ ենք տնկված Աստծու պարտեզում, ուստի այս նոր տարին ևս մեկ հնարավորություն է ապրելու, ստեղծագործելու, ներելու ու սխալները շտկելու համար:

 


Հասմիկ Թամամյան

  • 2021-08-09
×