Եթե կա վախ, ուրեմն՝ չկա սեր

Եթե կա վախ, ուրեմն՝ չկա սեր

Հաճախ առաջ շարժվելու համար՝ խանգարում է վախը: Մարդիկ վախենում են քայլ կատարելուց, կորցնելուց, սխալվելուց, իրենց մեղքերի համար պատժվելուց: Մեր զրուցակիցը՝ ԱՀԹ Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Օրդոյանը, նշում է՝ վախը մեզնից խլում է մեր իրական հնարավորությունները, մինչդեռ հավատքը, գիտելիքը օգնում են ազատվել այդ հոգեվիճակից, զգացողությունից:

 

Վախի պատճառները

 

-Սուրբ Գիրքը սովորեցնում է՝ չվախենալ: Տերն ասում է. «Մի՛ վախեցիր, միայն հավատա՛» (Ղուկ 8։50)։ 

 

Վախը կարող է շատ վնասել: Այն կանգնեցնում է մարդու առաջընթացը՝ հոգևոր ու աշխարհիկ կյանքում։ 

 

Վախը մարդու թերահավատության արդյունքն է, գիտելիքի պակասի արդյունքը: Մի անգամ մի մարդ ինձ ասաց, թե վախենում է եկեղեցի մտնել, որովհետև չգիտի՝ ի՞նչ է կատարվում ներսում, այնտեղ գտնվողներն ինչպե՞ս կընդունեն իրեն: Այսինքն՝ եթե չունես գիտելիք, առաջանում է վախ՝ առաջ շարժվելու, հոգևոր կյանքի մեջ աճելու:  

 

Վախ՝ սխալների համար պատժվելուց

 

-Քրիստոնյան ո՞վ է, Աստծո զավակն է, Տերը անշուշտ ճանաչում է իր զավակին, իսկ մարդիկ ճանաչո՞ւմ են իրենց հորը, այստեղ խնդիր կա: Հաճախ Աստծուն դիտում են՝ որպես միայն պատժիչ ուժ, շարունակ վախենում են՝ պատժվելուց: Եթե կա վախ, ուրեմն՝ չկա սեր: Աստված սիրեց և արարեց: Բարության, սիրո արդյունքում՝ ստեղծվեցին երկինքն ու երկիրը, տիեզերքը: Նա ստեղծեց ու սիրեց մարդուն: Անգամ, երբ Ադամն ու Եվան, ճաշակելով արգելված պտուղը, դուրս եկան դրախտից, Տերը չդադարեց սիրել ու օգնել:

 

Հիսուս Քրիստոս ինչո՞ւ աշխարհ եկավ: Եկավ՝ ոչ թե պատժելու, քանդելու հինը, այլ կատարելագործելու, ամբողջական դարձնելու: Նա սիրեց մարդկությանը, խաչվեց բոլորի համար՝ նույնիսկ իրեն խաչը բարձրացնողների: Սա է իրական սերը: Այս հարթության մեջ վախը պիտի դնել մի կողմ:

 

Մենք կարողանում ենք ճանաչել Տիրոջը, երբ տիրապետում ենք Նրա հայտնած խոսքին, այդ գիտելիքին, որն անհրաժեշտ է փրկության համար: Այն մեզ սովորեցնում է՝ մի՛ վախեցիր առաջ գնալուց։ 

 

Վա՞խ, թե՞ զգուշավորություն

 

-Պետք է տարբերենք վախն ու զգուշավորությունը: Ամեն քայլափոխի բոլորը պետք է զգուշավոր լինեն։ Եկեք չշփոթենք նաև համարձակ ու հիմար քայլերը: Համարձակ քայլերը պիտի լինեն գիտակցված, հաշվարկված, տրամաբանված, օրհնված Աստծո կողմից: 

 

Անշուշտ մեր մեղքերի համար պիտի պատասխանատու լինենք, բայց երբ մեղք ենք գործել, չի նշանակում վերջ, անդունդից գլորվել ենք, փրկություն չունենք: Հիշենք անառակ որդու առակը: Զավակը հեռացավ հայրական տնից, բայց հասկացավ՝ ինչ հանցանք է գործել, ապաշխարած վերադարձավ: Հայրը գրկախառնվեց ու ուրախացավ, որ զավակը մեռած էր, կենդանացավ: Աստված միշտ հնարավորություն է տալիս: 

 

Քրիստոնեությունը՝ թույլերի կրո՞ն 

 

Համարձակ քայլերը տանում են դեպի հաջողություն: Որպես քաղաքացի, քրիստոնյա, պիտի լինենք քաջ, հավատով, որ Աստված մեզ օրհնում, օգնում է ու գիտելիքներ տալիս՝ ճիշտ քայլեր անելու: Այդ ամենի համար կարևոր է դաստիարակությունը: Ճիշտ գիտելիք ամբարելու դեպքում՝ դառնում ենք հոգեպես ուժեղ ու այդ ուժը ծառայեցնում մեր ընտանիքներին ու մեր պետությանը։ 

 

Քրիստոնեությունը ուժեղների կրոն է: Այն սովորեցնում է ներել, ո՞վ կարող է ներել, ներողամիտ են ուժեղ մարդիկ: Երբեմն ասում են՝ քիստոնեական պատվիրանները ծանր բեռ են, հնարավոր չէ ամբողջովին հետևել։ Պետք է հիշել, որ կյանքում ոչինչ հեշտ չի տրվում: Ցանկացած բան, որին հասնում ենք հեշտությամբ, հեշտությամբ էլ զրկվում ենք: Պետք չէ վախենալ։ 

 

«Ով երկնչում է, կատարյալ չէ սիրո մեջ» (Ա Հովհ 4։18)։

 

Պատրաստեց Անի Ավագյանը

 

  • 2024-01-18
×