Ի՞նչ կա Ձմեռ պապի պարկի մեջ

Ի՞նչ կա Ձմեռ պապի պարկի մեջ

Ծննդյան տոնին նախորդող հերթական գիշերը նվերներով լի տոպրակով, սպիտակ հագուստով անցնում էր նա տնից տուն, երբ դեմ դուրս եկավ պահակին: Պահակը մարդկանց կանչեց, և մարդիկ, ի դեմս տարօրինակ հագուստով անծանոթի, ճանաչեցին իրենց եպիսկոպոսին:


Նիկողայոսը ստիպված էր ամեն ինչ պատմել։ Ոչ հեռու այն եկեղեցուց, որտեղ քարոզում էր Նիկողայոս եպիսկոպոսը, ապրում էր մի աղքատ ընտանիք, որն ուներ ամուսնության տարիքի երեք դուստր, սակայն օժիտի բացակայության պատճառով ոչ ոք նրանց կնության չէր առնում:
Սուրբ Ծննդյան տոնին նախորդող մի երեկո, վերադառնալով եկեղեցում ժամերգությունից, եպիսկոպոսը պատահաբար լսում է, թե ինչպես է աղջիկներից մեկը ծնողներին առաջարկում իրեն վաճառել ստրկության, որպեսզի ստացած գումարով հնարավոր լինի քույրերի համար օժիտ գնել: Նա որոշում է օգնել այդ ընտանիքին և ծխնելույզից դրամով լի քսակ է գցում, որը պատահաբար ընկնում է կրակի մոտ չորացող ավագ դստեր գուլպայի մեջ:


Շուտով ավագ դուստրն ամուսնանում է, իսկ հաջորդ տարիներին էլ մյուս երկու քույրերն են Սուրբ Ծննդյան տոնից առաջ իրենց գուլպաների մեջ փողով լի քսակ գտնում և ամուսնանում: Քաղաքում և ամբողջ շրջանում լուրեր են տարածվում, թե անտեսանելի մի սուրբ, Սուրբ Ծննդյան տոնից առաջ, օգնում է այն մարդկանց, ովքեր տարվա ընթացքում իրենց բարի գործերով արժանացել են դրան:


Օգնելով քույրերին` Նիկողայոսը որոշում է շարունակել իր բարի ձեռնարկը: Դրանից բացի, նա ընկույզ, քաղցրավենիք և մրգեր էր դնում մանուկների` սովորաբար գիշերը շեմին թողած կոշիկների մեջ, որպեսզի Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնի իմաստը դեռևս չգիտակցող փոքրիկների մոտ այդ օրերը զուգորդվեին ուրախության և հրաշքի հետ:


Առ այսօր մարդիկ դիմում են Ձմեռ պապին ու սպասում հրաշքների։ Հրաշքներ, երազնաքներ, ցանկություններ, որոնք տեղավորվում են մի փոքրիկ պարկի մեջ։


Բայց արդյո՞ք Ձմեռ պապի պարկում կտեղավորվեն բոլորի նվերները։
-Դե ինձ թվումա Ձմեռ պապիկի տոպրակը կախարդականա, ինչքան կուզի նվեր կդնի։,-ասում է Էրիկը։ (1-ին դասարան)
- Մեր ժամանակներում Ձմեռ պապի պարկի մեջ միայն մանդարին էր, պոպոք, պնդուկ, չամիչ ու եթե մեզ շատ լավ պահեինք փոքրիկ, շատ փոքրիկ տիկնիկ,-պատմում է Լյուդմիլան։
-Ձմեռ պապիկի պարկի մեջ կա լիքը iPhone ու լեգոներ։ (Հակոբ, 1-ին դասարան)


«Բարև իմ շատ սիրելի Ձմեռ պապ։ Ո՞նց ես։ Ես ինձ շատ լավ եմ պահել ու հուսով եմ այս տարի լույս չունենալու պատճառով դու չես մոլորվի ու կբերես իմ նվերը։ Ես ապրում եմ 9-րդ հարկում։ Այս տարի պատուհանի մոտ քեզ համար մոմ կդնեմ, որ դու մեր տունը հեշտ գտնես։ Խնդրում եմ իմ ու քույրիկիս համար գունավոր մատիտներ բեր»։ Արմենուհուց դեպի Լապլանդիա, 1997 թ։


Մեկ փոքրիկ պարկ պոպոք-պնդուկի ու մանդարինի փոխարեն iPhone, պլանշետ, կոնստրուկտոր ու փող։ Ժամանակները փոխվում են, փոխվում է նաև Ձմեռ պապի պարկի պարունակությունը։


Իրականում Ձմեռ պապի պարկի պարունակությունը որոշում ենք մենք ինքներս։ Դրանում արտացոլվում են մեր ցանկությունները։ Այն, ինչ ցանկանում ենք, հայտնվում է ամանորյա պարկում։ Ուրեմն զգոն լինենք մեր ցանկություններում։ Այս տարում յուրաքանչյուրն ով կբացի Ձմեռ պապի պարկը, թող այնտեղից վերցնի սեր, երջանկույթյուն և այնքան հավատ, որը կբավականեցնի մինչ մյուս տարեմուտ։ Մինչև տարին կվերջանա ու նորից բոլորը կսկսեն գուշակել, թե ի՞նչ կա այս տարի Ձմեռ պապի պարկի մեջ։

 

Երբ տարին վերջանում է, իսկ բոլոր երազանքներն ու ցանկությունները դեռ չեն իրականացել, ապա հերթը հասնում է դասական թուղթ ու գրիչին․
«Բարև իմ շատ սիրելի Ձմեռ պապ․․․»։



Հասմիկ Թամամյան

  • 2021-08-09
×