Նավասարդ Սրբազանն օրհնության գրի արժանացրեց Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանին

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Նավասարդ Սրբազանն օրհնության գրի արժանացրեց Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանին

Նավասարդ Սրբազանն օրհնության գրի արժանացրեց Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանին

Փետրվարի 11-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ եւ Երիտասարդաց միությունների համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանին արժանացրեց օրհնության և գնահատանքի գրի 70-ամյա հոբելյանի և եկեղեցական երկարամյա ծառայության ու վաստակի համար։ 


Օրհնագրում մասնավորապես ասվում է. «Այն երեցները, ովքեր լավ վերակացու են, կրկնակի պատվի թող արժանանան» (Ա Տիմոթեոս Ե 17): 


Չորս տասնամյակից ավելի Ձեր ծառայասիրությամբ, նախանձախնդրությամբ և նվիրումով Սուրբ Ավետարանի հունդերն եք ցանում մեր Եկեղեցու անդաստաններում՝ արժանիորեն վայելելով հավատավոր զավակների և հոգևոր եղբայրների սերն ու ջերմությունը: Ազգային արժեքներն արթնացնելու տեսլականով կյանքի եք կոչում մեր եկեղեցասեր երիտասարդներին հայեցի դաստիարակելու ազգաշահ առաքելությունը: Ձեր հայրական հոգածությամբ և սիրով նրանց առաջնորդում եք ավետարանական տիրավանդ պատգամներով՝ նրանց հոգիներում առատացնելով Մայր Եկեղեցու և Հայրենիքի հանդեպ ունեցած ազնիվ զգացումները: 


Հղում ենք Ձեզ և Ձեր ընտանիքին մեր բարեմաղթանքներն ու օրհնությունները՝ ցանկանալով   աստվածաշնորհ խաղաղություն և բազում արևշատ օրեր: Աղոթք ենք առաքում առ Աստված, հայցում քաջառողջություն և Տիրոջ  բարեխնամությունը՝ Ձեր առաքելության անխախտ ընթացքի համար»։


Տեր Պետրոսն իր 40-ամյա ծառայության ընթացքում վերջին 10 տարիները համակարգում է նաեւ թեմի երիտասարդական միությունները։  Նրա ղեկավարությամբ երիտասարդները բազմաթիվ ծրագրեր են իրականացրել։ Դրանց մեջ իրենց կարեւոր տեղն ունեն  ազգային տոները (Բուն Բարեկենդան, Միջինք, Համբարձում, Վարդավառ եւ այլն) վերականգնելու եւ  ցեղասպանության 100-րդ տարելիցն արժեւորելու  ուղղված մի քանի տասնյակ  նախաձեռնությունները, Խաչի քարոզը, Հաղթանակի աղոթքը, ինտելեկտուալ փառատոնի վերականգնումը եւ այլն։ Տեր Պետրոսի գլխավորությամբ թեմի երիտասարդները նաեւ պատվով ներկայացնում են թեմը` Հայ Եկեղեցու տարբեր ծրագրերում։ 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2024-02-12
×