Ս. Ծննդյան բացիկներ

Ս. Ծննդյան բացիկներ

Ոչ ոք համոզված չէ, թե երբ է ծնունդ առել Ս. Ծննդյան առաջին բացիկը: Ոմանք ասում են, թե այն սկիզբ է առել Անգլիայում, որտեղ տանից հեռու սովորող դպրոցականները նամակ էին գրում ծնողներին` հիշեցնելու, որ մոտենում էր նվերներ տալու ժամանակը: Ս. Ծննդյան բացիկ պատրաստող առաջին արվեստագետ վարպետը Ջոն Քալքոթ Հորսլին էր, ով բացիկ պատրաստեց Լոնդոնի թանգարանի տնօրեն Սըր Հենրի Քոուլի համար: Սըր Հենրի Քոուլը որոշել էր, որ ավելի հեշտ կլիներ ուղարկել նախապես պատրաստված բացիկներ, քան թե մշակել անհատական ողջույն-շնորհավորանքներ, ինչպես ինքն արել էր, երբ դեռ մանուկ էր եղել: Սըր Հենրին արդեն տպել էր հազար բացիկ և վաճառեց յուրաքանչյուրը 1 շիլլինգով: Սկզբում միայն հարուստները կարող էին իրենց թույլ տալ բացիկ գնել, սակայն հետագայում մատչելի դարձան ավելի էժան բացիկները: Վիկտորիա թագուհուն շատ դուր եկավ բացիկի գաղափարը, և շուտով բացիկները մոդայիկ դարձան: 1850-ական թվականներին Ս. Ծննդյան բացիկներն արդեն լավ ձևավորված ավանդույթ էին:

 

Ս. Ծննդյան բացիկներն Ամերիկայում մասսայական չէին մինչև 1870-ական թվականները, երբ Մասաչուսեթսում փոքրիկ տպարան ունեցող գերմանացի գաղթական Լուի Փրանգը ձևավորեց և տպեց այնպիսի գեղեցիկ բացիկներ, որ հայտնի դարձավ որպես «Ս. Ծննդյան ամերիկյան բացիկների հայր»: Բացիկներն ակնահաճո և գեղեցիկ էին, սակայն արտադրության համար ձեռնտու չէին թանկ արժեքի պատճառով: 19-րդ դարի վերջերին ի հայտ եկան ավելի էժան բացիկներ, և Փրանգը դուրս մղվեց բիզնեսի այդ ոլորտից: Մինչև Առաջին Համաշխարհային պատերազմն Ամերիկայում վաճառված բացիկների մեծամասնությունն արտադրվում էր Գերմանիայում, և բացիկների բիզնեսը ծաղկեց: Այսօր աշխարհում փոխանակվում է տարեկան երկուսուկես միլիարդ Ս. Ծննդյան բացիկ:


Կարծիք կա, որ Ս. Ծննդյան բացիկ պատրաստող առաջին արվեստագետ վարպետ Ջոն Քալքոթ Հորսլին իր գործում ներշնչվել էր Ս. Վալենտինի օրվա առթիվ բացիկներից, որոնք շատ մասսայական և ընդունված էին Անգլիայում: Նաև ընդունված էր, որ Անգլիայի դպրոցներում սովորողները պատրաստեին Ս. Ծննդյան բացիկներ: Այդ նպատակով նրանք սովորաբար օգտագործում էին թղթի թերթեր, որոնք նկարազարդում էին գույնզգույն շրջանակներով, ապա գրում Ս. Ծննդյան մաղթանքներ:


Սըր Հենրի Քոուլը Ջոն Քալքոթ Հորսլիին հանձնարարեց ձևավորել Ս. Ծննդյան իր առաջին բացիկի նկարը, ինչի հիմքը միջնադարյան եռաթև պատկերն էր` երեք նկարազարդումների համադրությամբ: Կենտրոնական` մեջտեղի նկարը պատկերում էր մեծերի և մանուկների մասնակցությամբ, ուտելիքի և խմիչքի առատությամբ ուրախ խնջույք: Նկարի տակ բարեմաղթանք էր. «Մաղթում ենք ուրախ Ս. Ծնունդ և երջանիկ ամանոր»: Կողային նկարները պատկերում էին աղքատներին հագցնելու և սովյալներին կերակրելու բարի տեսարաններ:


1850-ական թվականներին Քոուլի գաղափարն իրեն չարդարացրեց, մինչդեռ 20 տարի անց գրենական պիտույքների ֆիրմաներն արտադրում էին հազարավոր բացիկներ, և Քոուլի սկզբնական անհաջող փորձը մեծ հաջողություն բերեց:

 

Ս. Ծննդյան և ամանորյա բացիկների պատմությունը
 

Միմյանց Ս. Ծննդյան և ամանորյա բացիկներ նվիրելու ավանդույթն այնքան հաճելի և լավն է, որ թվում է, թե այն միշտ էլ եղել է: Սակայն այդպես չէ: Ավելին, Ս. Ծննդյան և ամանորյա բացիկները մեզ համար սովորական դարձած տեսքով ի հայտ են եկել բավական ուշ:


Ս. Ծննդյան բացիկների նախօրինակը որոշակիորեն կարելի է համարել չինական այցեքարտերը, որոնք տարածված էին դեռևս հազար տարի առաջ: Այն ժամանակվա վարվելակերպը պարտադրում էր նրանց, ովքեր չէին կարող այցելել այս կամ այն հանդիսությանը, տոնի առթիվ շնորհավորել կարմիր գույնի հատուկ այցեքարտերի միջոցով, որոնց վրա ընդունված էր գրել շնորհավորանք: Իմիջիայլոց, հազիվ թե այդ այցեքարտերն առնչվեին Ս. Ծննդյան բացիկների պատմությանը. չէ՞ որ այն ժամանակներում քրիստոնեության մասին խոսք անգամ չկար:
Ժամանակի հետ առաջացավ և տարածվեց քրիստոնեությունը նախ Մերձավոր Արևելքում, ապա` Եվրոպայում, իսկ դրա հետ միասին` Ս. Ծնունդը տոնելու ավանդույթը:


Այն ժամանակ շատ տարածված էին միջնադարյան փորագրությունները քիստոնեական մոտիվների պատկերումներով, որոնք մեծ ազդեցություն ունեցան Ս. Ծննդյան բացիկների պատմության վրա: Նման փորագրանկարներ վաճառում էին հոգևորականները և ուխտավորները, դրանք բավական թանկ արժեին: Փորագրանկարներով զարդարում էին տները, հաճախ դրանք նվիրում էին Ս. Ծննդյան և Ս. Հարության տոների առթիվ: Ժամանակի ընթացքում փորագրանկարների վրա սկսեցին նկարել տարբեր նկարներ ու պատկերներ և դրանք օգտագործել որպես զանազան հանդիսությունների հրավիրատոմսեր:


Չնայած այն բանին, որ միջնադարյան փորագրանկարներն իրենց ֆունկցիոնալ նշանակությամբ փոքր-ինչ հիշեցնում էին ժամանակակից Ս. Ծննդյան բացիկները, բացիկների բուն պատմությունը սկիզբ առավ ավելի ուշ:


Միմյանց Ս. Ծննդյան բացիկներ նվիրելու ավանդույթը ձևավորվել է Անգլիայում: Ս. Ծննդյան առաջին բացիկը 1794թ. նկարեց անգլիացի նկարիչ Դոբսոնը: Սակայն այդ բացիկը չառաքվեց փոստով, քանի որ նկարիչն անձամբ այն հանձնեց ստացողին: Առաջինը Սըր Հենրի Քոուլը շնորհավորական բացիկ ուղարկեց փոստով 1843թ., և այդ պահից սկիզբ առավ Ս. Ծննդյան և ամանորյա բացիկների պատմությունը:


Արժե նշել, որ միմյանց բացիկներ նվիրելու ավանդույթը շատ արագ Անգլիայից տարածվեց Ռուսաստան և բարենպաստ հող գտավ. թղթի վրա տպված և հիմնականում ներկված էժանագին պատկերները շատ հարմար էին` այսօր շատ ընդունված բացիկների նկարազարդման համար:


Ս. Ծննդյան նախահեղափոխական բացիկներն ամենից հաճախ պատկերում էին ռուսական ձմեռվա բնապատկերներ` ձյունածածկ խրճիթների մոտով սլացող ձիակառքերով: Սակայն հին բացիկների սյուժեները չէին սահմանափակվում միայն սովորական կենցաղային կերպարներով: Նախահեղափոխական բացիկների ստեղծմանը մասնակցում էին այնպիսի հայտնի նկարիչներ, ինչպիսիք էին Ա. Բենուան, Լ. Բակստը. Կ. Մակովսկին և Ն. Ռերիխը: Հին բացիկները ձևավորում էին լավագույն մասնագետները, վաստակավոր նկարիչները և տպագրիչները, ինչպես նաև լուսանկարիչները: Բացիկների պատրաստման համար հայտարարվում էին մրցույթներ, կազմակերպվում ցուցահանդեսներ, թողարկվում ալբոմ-կատալոգներ:


Ըստ մի վարկածի Ս. Ծննդյան և ամանորյա բացիկների պատմությունը Ռուսաստանում սկսվեց 1901թ., երբ Նիկոլայ Կարազինը ստեղծեց ռուսական առաջին բացիկը: Իմիջիայլոց, այդ տեսակետը Ռուսաստանում Ս. Ծննդյան և ամանորյա բացիկների պատմության շուրջ միակը չէ: Մի շարք պատմաբաններ ենթադրում են, որ ռուսական բացիկների հայրը դարձավ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի գրադարանավար Ֆյոդոր Բերենշտամը: Ռուսական հին բացիկներում մեծ ուշադրություն էր դարձվում ոճին. անհատներին նվիրելու համար նախատեսված բացիկների պատրաստման նամար օգտագործվում էին դրոշմվածքներ, ոսկու կամ արծաթի փշրանք, իսկ գործնական բացիկներն ավելի հասարակ և խիստ ոճով էին:


Հեղափոխությունն իր շտկումները բերեց բացիկների պատմության մեջ: Խորհրդային իշխանությունը ջանում էր ամեն գնով քաղաքացիների կյանքից դուրս մղել կրոնին առնչվող ամեն ինչ, դրա համար էլ հեղափոխությունից հետո Ս. Ծննդյան բացիկների զարգացումը կասեցվեց: Չնայած այն բանին, որ բոլշևիկները հուսով էին մարդկանց ստիպել հրաժարվել թե Ս. Ծննդից և թե ամանորից, ժողովուրդը չկարողացավ հրաժարվել ձմեռային տոներից, ուստի բոլշևիկներն ամանորի տոնն այնուամենայնիվ վերականգնեցին` այն ամբողջովին մաքրելով Ս. Ծննդյան իմաստային տարրից: Ի տարբերություն Ս. Ծննդյան հին բացիկների, խորհրդային ամանորյա բացիկները դարձան պրոպագանդայի միջոց:


Խորհրդային ժամանակաշրջանի ամանորյա բացիկների պատմությունը ցույց է տալիս Ս. Ծննդյան կերպարների վերաիմաստավորման գործընթացը և դրանց նոր իմաստ հաղորդելու փորձը: Տիեզերքի նվաճման ժամանակ Ս. Ծննդյան բացիկների վրա Ձմեռ պապի ձիակառքը փոխարինվեց տիեզերական հրթիռով, իսկ երբ սկսվեց հակաալկոհոլային արշավը, բացիկների վրայից վերացան շամպայնի, անգամ դատարկ գավաթների պատկերները:


Խորհրդային ամանորյա բացիկներն իսկապես հզոր քարոզչական միջոց դարձան Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ, երբ երկար տարիների արգելքից հետո դրանք պաշտոնապես վերադարձվեցին սովորական խորհրդային քաղաքացիների կյանք: Բացիկների վրա սովորական շնորհավորանքը փոխարինվեց «Հայրենիքի հերոս պաշտպաններին ամանորյա ողջույն»-ով, բացիկների վրա հայտնվեցին նկարներն այնպիսի հերոսների, ումից կարելի էր օրինակ վերցնել՝ Չապաև, Շչորս, Կատովսկի: 1941թ. թողարկված բացիկի հակառակ կողմում տեղադրվեց կոչ. «Շնորհավոր ամանոր, ընկեր զինվորներ, հրամանատարներ և քաղաշխատողներ: Հառաջ հանուն հայրենիքի` լիովին ջախջախելու թշնամուն»:


Հետպատերազմյան բացիկները թվում են հատկապես ջերմ: Այդ բացիկներին նայելիս զգացվում է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակից հետո տիրող անհուն ուրախության մթնոլորտը. դժվար է պատկերացնել, թե ինչքան ջերմ զգացմունքներ բերեցին այդ բացիկները զրկանքներով լի հետպատերազմյան ժամանակաշրջանում:


Չնայած այն բանին, որ այժմ կան ցանկացած ճաշակի ժամանակակից բացիկներ, հներն ունեին առաձնահատուկ հմայք: Եվ խնդիրը բոլորովին էլ դրանք ստեղծած նկարչի տաղանդը չէ, ավելի շուտ հին բացիկները մասնիկն են անվերադարձ անցած դարաշրջանի, որի հետ կապվում են հաճելի հուշեր:


2010թ. դեկտեմբերի 10-ին Նյու Յորքում Sotheby’s աճուրդի տանը վաճառքի դրվեցին Ս. Ծննդյան` աշխարհում ամենահինը համարվող 3 բացիկ` թողարկված 1843թ. Լոնդոնում: Դրանք պատրաստվել էին փոքր տպաքանակով և նկարազարդվել ձեռքով: Բացիկներից երկուսի վրա պատկերված էր տոնական ճաշկերույթ, իսկ երրորդի վրա` Ս. Ծննդյան տոնական համերգի հատվածներ: Բացիկներից յուրաքանչյուրը նախապես գնահատվել էր շուրջ 10 հազար դոլար:

  • 2021-08-09
×