Հավատացելոց Պատարագ. Թաթախում, Բեկում

Հավատացելոց Պատարագ. Թաթախում, Բեկում

«Քրիստոս պատարագեալ բաշխի ի միջի մերում», այսինքն՝ «Քրիստոս պատարագվելով բաշխվում է մեր մեջ». տողերը կարճ ամփոփում են Սուրբ Պատարագը: Հիսուս Քրիստոս պատարագվում և բաշխվում է մեր մեջ՝ մեր ազատագրման, մեղքերի քավության և թողության համար: Ծիսական արարողության յուրաքանչյուր հատված ունի իր խորհուրդն ու նշանակությունը:
 

Թաթախում
 

Պատարագիչ քահանան, երկրպագելով Սուրբ Սեղանին, համբուրում է այն: Նշխարը, որն արդեն Հիսուսի Մարմինն է, թաթախում է անապակ գինու մեջ, որն արդեն Հիսուսի Արյունն է՝ ի նշան մարդկության փրկության համար Քրիստոսի Արյան հեղման: Արյունը խորհրդանշում է կյանքը, քանի որ թափվել է հավատացյալների փրկության ու մահացածների հարության համար: Այն պահին, երբ Քրիստոսի խորհրդանշական Մարմինը թաթախվում է Արյան մեջ, Քրիստոսի Արյունը խորհրդաբար հեղվում է հավատացյալների վրա ու նրանց կյանք տալիս: Քահանան շարունակում է իր աղոթքը՝ խնդրելով Տիրոջը արժանացնել Սուրբ Հաղորդությանը և մեղքերի թողությանը: 
 

Պատարագիչը բարձրացնում է սկիհը և շրջվում դեպի ժողովուրդը, Սուրբ նշխարով և գինով լի բաժակով օրհնում է ժողովրդին: Հորդորում է, որ սրբությամբ ճաշակեն մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Մարմինն ու Արյունը, որ երկնքից իջնելով` բաշխվում է մեր մեջ: Սա է կյանքը, հույսը, հարությունը, մեղքերի քավությունը և թողությունը:
 

Քահանան շրջվում է դեպի Սուրբ Սեղանը: Փակվում է Խորանի վարագույրը: Դպիրները և ժողովուրդը երգում են «Տեր, ողորմեա»-ն ու աղոթելով նախապատրաստվում Սուրբ Հաղորդությանը:
 

Բեկում

 

«Սաղմոս ասացէք». Ժողովուրդը քահանայի և սարկավագի կողմից հրավեր է ստանում սաղմոս երգելու: Այդ ընթացքում պատարագիչ քահանան ծածուկ աղոթում է՝ պատրաստվելով Սուրբ Հաղորդության բաշխմանը: Դպիրները սկսում են երգել. «Օրհնեալ է Աստուած. Քրիստոս պատարագեալ», այսինքն՝ պատարագված Քրիստոս բաշխվում է մեր մեջ: Ընթացքում սարկավագը սկուտեղի վրա դրված մասը բերում է երիցագույն եկեղեցականի մոտ, որպեսզի վերջինս օրհնի: Մասը մարդիկ տանում են տուն՝ հիվանդներին, նաև եկեղեցուց բացակայած ընտանիքի անդամներին:
 

Քահանան Մարմինը վերցնում է իր ձեռքը, այն համբուրում ու աղոթում՝ ասելով. «Ինչ օրհնություն կամ ինչ գոհություն տանք այս Հացին և Բաժակին: Այլ միայն Քեզ ենք օրհնում, Հիսուս՝ Հորդ և Ամենասուրբ Հոգուդ հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն»: Շարունակում է աղոթել. «Դավանում եմ և հավատում, թե Դու ես, Քրիստոս՝ Աստծու Որդին, որ Իր վրա կրեց աշխարհի մեղքերը»: Քահանան Սուրբ Հացը, չորս մասի բաժանելով, այն թաթախում է Գինու մեջ՝ ասելով. «Լրումն Հոգւոյն Սրբոյ», այսինքն՝ Սուրբ Հոգու կատարումը: Քահանան շարունակում է աղոթքը: 
 

Խոստովանության կարգ՝ ընդհանրական և անհատական
 

Մոտենում է Սուրբ Հաղորդություն ստանալու պահը: Հավատացյալները մինչև հաղորդվելը պետք է մաքրվեն, զղջան սխալների համար, խոստովանեն մեղքերը: Հայ Եկեղեցում խոստովանության երկու կարգ կա` ընդհանրական և անհատական: Անհատական խոստովանության դեպքում մինչև Պատարագը, մարդիկ գնում են խոստովանության՝ անձամբ հանդիպելով քահանային: Ընդհանրական խոստովանության ժամանակ հավատացյալները եկեղեցում Աստծո առջև ծնկաչոք ընթերցում են «զղջման» աղոթքը, որտեղ հիշատակվում են մարդկային բոլոր մեղքերը: Այնուհետև հոգևորականը Քրիստոսի կողմից շնորհված իշխանությամբ արձակում է նրանց մեղքերը, որից հետո խոստովանողները կարող են հաղորդվել: 
 

Անհրաժեշտ է Սուրբ Պատարագին մասնակցել սկզբից, որը խոստովանությամբ է: Ավելի ուշ Պատարագին միացած մարդկաց համար եկեղեցիներում մինչև Սուրբ Հաղորդություն ստանալու պահը անցկացվում է ընդհանրական խոստովանության կարգ:
 

Պատրաստեց Անի Ավագյանը
 

Նախորդիվ՝ «Հավատացելոց Պատարագ. Հիշատակություններ, Խոնարհում, Փառաբանություն»

  • 2024-05-21
×