Սիրելի՛ հավատավոր զավակներ,
Հրաշազարդ Սուրբ Հարության տոնի առթիվ հղում ենք մեր սրտաբուխ բարեմաղթանքներն ու շնորհավորանքները:
Փա՜ռք Քրիստոսի ամենազոր Հարությանը: Անհնար է պատկերացնել մեր կյանքն առանց այս կենսաբեր ողջույնի, որով ամենամյա նորոգությամբ ի լուր ամենքի ազդարարվում է. «Մահուամբ զմահ կոխեաց եւ յարութեամբն իւրով մեզ զկեանս պարգևեաց»: Քրիստոս Իր մահվամբ հաղթեց մահվանը: Տերը հարությամբ ուղենշեց հավիտենական կյանքի ճանապարհը՝ մեզ պարգևելով փրկարար հավատք՝ կենսավորված խաչով և հարության հաղթանակով։
Զատկական առավոտ թող հարուցյալ Տերն Իր մշտակենդան և հավիտենախոս ներկայությամբ պահապան և զորավիգ լինի մեր Հայրենիքին: Թող Հարության ավետիսը ձեզ պարգևի մահվան դեմ հաղթանակած լինելու բերկրանքը, սեր և բարություն սփռի ձեր հոգիներում, զորացնի՝ դիմագրավելու փորձություններին և ապրելու Տիրահաճ կյանքով:
«ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ,
ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՐՈՒԹԻՒՆՆ ՔՐԻՍՏՈՍԻ»:
Սուրբ Հարության բերկրանքով և օրհնությամբ՝
ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ