Սուրբ Հարության տոնը Արարատյան Հայրապետական թեմի համայնքներում նշվել է նաև ազգային ավանդույթներով, միջոցառումներով՝ երգով, պարով, բեմադրությամբ, ցուցահանդեսներով:
Թեմի եկեղեցիներում մատուցվել է Սուրբ Պատարագ, որից հետո եկեղեցիների բակերում ներկաները մասնակցել են միջոցառումների:
Մի շարք համայնքներում ներկաները ձեռք-ձեռքի են տվել, հավատալով, որ ազգային պարը միացնող է: Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիներում մի խումբ երիտասարդների կողմից կազմակերպված միջոցառմանը մասնակիցները հավաքվածներին սովորեցրին հայկական ազգային պարեր, որից հետո բոլորով շուրջպար բռնեցին: Նույնկերպ Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու բակում «Մենք» պարի խմբի կազմակերպմամբ ներկաները վերհիշեցին ազգային պարերն ու միասին փորձեցին արթնացնել ազգային ոգին:
Մի շարք եկեղեցիներում միջոցառումն ուղեկցվեց ազգային երգ ու պարով, հյուրասիրությամբ: Դավթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու բակում միջոցառումը զարդարեց «Արուս Գուլանյանի» անվան անսամբլը: Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում միջոցառումը Նորագավիթի Մշակույթի տան ու թաղապետարանի հետ գործակցությամբ էր: Նույնկերպ թաղապետարանների հետ գործակցելով միջոցառումներ կազմակերպվեցին Նորք-Մարաշի Սուրբ Աստվածածին, Սուրբ Երրորդություն եկեղեցիների բակերում: Ավարտին ներկաները մասնակցեցին տոնին հատուկ ձվախաղին: Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում կազմակերպվեց համերգային ծրագիր:
Վերին Շենգավիթի Սրբոց Առաքելոց եկեղեցու բակում տոնական միջոցառումից զատ եկեղեցու կիրակնօրյա դպրոցի երեխաները ներկայացրին իրենց ձեռքի աշխատանքները:Էրեբունի համայնքում կիրակնօրյա դպրոցի սաները ներկաներին Սուրբ Հարության տոնի մասին պատմեցին տոնական բեմադրությամբ:
Ավանի Սուրբ Աստվածածին, Սուրբ Հովհաննես, Ներքին Չարբախի Սուրբ Խաչ և այլ եկեղեցիների բակերում Սուրբ Պատարագից հետո ներկաներին էր սպասում տոնական զատկական սեղանը, որտեղ մարդիկ հնարավորություն ունեցան միասին նշելու Սուրբ Հարության տոնը: