Հոգևոր ընտանիք. Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիներ

Հոգևոր ընտանիք. Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիներ

Երևանի սրտին շատ մոտ է գտնվում միջնադարյան եկեղեցիներից Կաթողիկե Սուրբ Աստվածածինը, որը դիմացել է դարերի փորձություններին: Կառույցին կարծես յուրօրինակ պաշտպան է կից գործող Սուրբ Աննա եկեղեցին, որի օծման 10-ամյակը լրանում է 2025 թվականին:

 

Սուրբ Աննա եկեղեցին տասը տարեկան է

 

Եկեղեցին կոչվել է Մարիամ Աստվածածնի մոր անունով, և ինչպես նշել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը. «Սուրբ Աննա եկեղեցին՝ կառուցված Երևանի միջնադարյան հոյակերտ եկեղեցիներից Կաթողիկե Սուրբ Աստվածածնին կից, իր դիրքով ու հորինվածքով կարծես յուրօրինակ պաշտպան ու հովանի է դառնում Կաթողիկեին՝ Սուրբ Աննայի նման մայրական հոգածությամբ իր գիրկն առնելով Սուրբ Աստվածածնին»:

 

Սուրբ Աննա եկեղեցին կառուցվել է ճարտարապետ Վահագն Մովսիսյանի նախագծով: Օծվել է 2015 թվականի ապրիլի 30-ին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի մասնակցությամբ: Վերոնշյալ եկեղեցիներն այսօր ունեն ակտիվ համայնք, որից մոտ 500-ը հաստատուն է, կանոնական կերպով մասնակցում է Սուրբ Պատարագին և ստանում Սուրբ Հաղորդություն, նշում է Տեր Զենոն քահանա Բարսեղյանը՝ 2017 թվականից եկեղեցիների հոգևոր հովիվը:

 

Հոգևորականը, խոսելով համայնքի մասին, շատ է կարևորում մարդկանց հետ կենդանի շփումը և հիշեցնում՝ եկեղեցի պետք է այցելել հոգու փրկության համար:

 

«Եկեղեցի պետք է գալ Սուրբ Պատարագին և ընդհանրական աղոթքին մասնակցելու, Քրիստոսի մարմինն ու արյունը ճաշակելու համար, Քրիստոսով ապրելու և Քրիստոսի հետ քայլելու համար»,- հավելում է Տեր Զենոնը: 

 

Ըստ հոգևոր հովվի՝ իրենց համայնքի զարգացմանը նպաստում է ժողովրդի կենդանի մասնակցությունն արարողություններին. «Մարդիկ միասնական աղոթքով իրենց զգում են արարողության մի մասնիկը: Երգում են շարականներ, մասնակցում քարոզներին: Սիրով են մասնակցում, որովհետև նրանց համար կատարվող ծիսական արարողությունները խորթ չեն»: 

Առանձնացնում է մեկ այլ գործոն. Սուրբ Պատարագին ծնողների հետ երեխաները ևս եկեղեցի են գալիս: Նրանց գալը խրախուսվում է, անգամ, եթե մի փոքր աղմկեն. «Երեխան, եթե մեծացել է եկեղեցում, հետագայում ինչ առաքելություն էլ ունենա, որտեղ էլ լինի, մանկությանը ցանված սերմերը կլինեն իր սրտում և հոգում, դրանք որևէ մեկը չի կարող արմատախիլ անել»:

 

Այսօր եկեղեցու Ծխական խորհրդում 11 անդամ կա, Տիկնանց միությունում՝ 13: Անդամները գործուն մասնակցություն ունեն եկեղեցում կատարվող իրադարձություններին: Կիրակնօրյա դպրոցում սովորում է 6 տասնյակ երեխա: 

 

«Եկեղեցում ամեն շաբաթ երեկոյան կազմակերպվում է հարց ու պատասխան ձևաչափով հանդիպում: Ամեն շաբաթ ունենք խաչալվայի արարողություն: Ուրբաթ օրերին լինում է երիտասարդացած միության անդամների հավաքը, շաբաթ օրերին կիրակնօրյա դպրոցի դասի օրն է, հաճախ են նաև ծխական խորհրդի ու տիկնանց միության ժողովները»,- շաբաթվա իրենց հագեցած առօրյայի հանդիպումներն է թվարկում քահանան: 

 

Կիրակի օրերն էլ Սուրբ Պատարագից և քարոզից հետո մարդիկ հավաքվում են սիրո ճաշի շուրջ: Հաճախ եկեղեցու բակում լինում են տոնախմբություններ, հավաքվածները ձեռք-ձեռքի են տալիս՝ միավորվելով ազգային երգ ու պարի շուրջ:

 

Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների «Գանձեր» երիտասարդաց միության հոգևոր պատասխանատուն եկեղեցիների խորհրդակատար Տեր Արսեն քահանա Սարոյանն է: Միության անդամների թիվը 50-ից ավելի է: Համայնքի անդամներից Սառա Դեմիրճյանի խոսքով՝ եկեղեցին իրեն տվել է հոգևոր ընտանիք, որը վաղուց փնտրում էր:

 

«Համայնքային կյանքը երիտասարդին տալիս է աստվածճանաչողություն, ապահով տարածք, որտեղ կհասկանաս, որ մենակ չես: Քեզ նման շատերը ինչ-որ տեղ սայթաքում են, ինչ-որ տեղ հաջողում: Բոլորն էլ անցնում են փորձությունների միջով, ցանկանում են գտնել խորհուրդ ու աջակցություն: Այսօր, երբ աշխարհում ամեն ինչ քաոսային է և ոչ կայուն, կարևոր է մենակ չլինելու զգացումը, որն ապրում ես, երբ գտնում ես մարդկանց, որոնց հետ կարող ես հանգիստ խոսել ու լսել նրանց»,- նշում է Սառան: 

 

Երիտասարդի խոսքով՝ եկեղեցին ապահով տարածք է, որտեղ կարելի է գտնել 

սեր ու ջերմություն: Համայնքի անդամներով փորձում են սեր տալ՝ հուսալով, որ սեր ստացողներն այն նաև տարածում են:

 

 Անի Ավագյան

 
  • 2025-05-02
×