«Շողակն Արարատյան»՝ նոր շող հայ մամուլի անդաստանում:
«Շողակն Արարատյան»՝ նոր շող հայ մամուլի անդաստանում:
Երևանի մամուլի շենքի դիմաց՝ 2004 թվականի հոկտեմբերի 16-ից տեղադրված է Հարություն քահանա Շմավոնյանի հուշարձանը՝ կերտված արցախյան մարմարից: Հեղինակը` քանդակագործ Լևոն Թոքմաջյանն է: Դա պատահական չէ. այդ օրը լրանում էր հայ մամուլի սկզբնավորման 210-ամյակը: Հաջորդ տարի՝ 2005 թ. Կալկաթայում բացվեց Հարություն Շմավոնյանի կիսանդրին, որի հեղինակը նույնպես Լևոն Թոքմաջյանն է:
Ո՞վ էր այդ համեստափայլ մարդը, ում սերունդները պիտի պատվեին դարերի հոլովույթում: Նա Իրանի Շիրազ բնակավայրում ծնված, ազգի ճակատագրով մտահոգ, նրա ազատագրության համար ուղիներ որոնելով հեռավոր Հնդկաստանի Մադրաս քաղաքը հասած ուսյալ հոգևորական էր, ով միաժամանակ փիլիսոփա էր, աստվածաբան, պարսկերեն ու արաբերեն լեզուների գիտակ, հասարակական գործիչ ու իմաստուն այր: 1794 թվականին նա Մադրասում հիմնեց «Ազդարար» ՝ առաջին հայ պարբերականը:
Հայոց եկեղեցին մեր ազգային կյանքում իր դերակատարությունն է ունեցել մշակույթի և հայապահպանության գործում: Եվ, ինչպես տեսնում ենք, հայ մշակույթի նոր իրողությունը՝ մամուլի սկզբնավորումը ևս կապված էր Հայոց եկեղեցու հետ: Ուսումնասիրել հայ մամուլի պատմություն, նշանակում է՝ ուսումնասիրել հայ հասարակական մտքի պատմություն, որի էջերում իրենց հետագիծն են թողել նաև հայ հոգևորականները…
Արդյո՞ք սխրանքի չէր նման, որ մի խումբ հոգևորականներ, հաղթահարելով ժամանակի ծանր փորձությունները, ավելի քան 300 տարի առաջ հեռավոր Սուրբ Ղազար կղզում վառեցին հայկական քաղաքակրթության կանթեղը՝ հիմնելով Մխիթարյան միաբանությունը: Օտարներն այն «Հայոց կղզի» կոչեցին: Իսկ Մխիթարյան միաբանությունը դարձավ հայագիտական խոշոր կենտրոն: Մխիթարյան հայրերը իրենց հայագիտական աշխատություններով ու հիմնած պարբերականներով սերունդներին էին ժառանգելու մեր պատմության ու մշակույթի բազմաճյուղ բնագավառների մասին բացահայտումները:
«Ուր լեզու՝ անդ Հայրենիք». այս նշանաբանով են առաջնորդվել Մխիթարյան հայրերը: Եվ սա գրված է եղել նաև Հայր Ղևոնդ Ալիշանի և Հայր Գաբրիել Այվազյանի (Այվազովսկի) հիմնադրած «Բազմավէպ» հանդեսի կազմին: Եվ «Բազմավէպ»-ը լույս է տեսնում 1843 թվականից մինչև օրս՝ համարվելով մեր ազգային արժեքներից մեկը հայ մամուլի պատմության անդաստանում:
Թերթեք հայ մամուլի հարուստ պատմության էջերը, կտեսնեք, որ հայ հոգևորականը միայն կրոնավոր չէ: Նա եղել է ազգային-ազատագրական պայքարի մարտիկ: Նրանց թողած գաղափարական դասերն այսօր էլ պիտի դրվեն մեր պետականության հիմքում: Նրանցից յուրաքանչյուրի թողած գործը դեռ վեր է հանվելու անցյալի էջերից ու ամբողջացվելու է մեր մշակույթի պատմությունը: Եվ հայ մամուլի պատմությունը հարստանալու է ևս մի անուն պարբերականով, որը ծնունդ առավ մեզ համար դարձյալ դժվարին ժամանակներում ու շարունակում է իր ընթացքը՝ «Շողակն Արարատյան»…
Հիրավի, անվանը համահունչ թերթ, որը շատերի կյանքում պիտի դառնար լույսի շող:
«Շողակն Արարատյան»-Ի երախտավորներն ու նվիրյալները
Երկու տարի անց «Շողակն Արարատյան» ամսաթերթը կտոնի իր 30-ամյա հոբելյանը: Որքա՛ն ջանք ու նվիրում կա այս գործում, որի գինը հայտնի է միայն թերթի խմբագիրներին և ազգի ժառանգությունը վեր հանող գիտության և մշակույթի գործիչներին, որոնց շնորհիվ ստեղծվել է թերթի յուրաքանչյուր համարը:
Դժվար ժամանակներ էին: Բայց պե՛տք էր ձեռնարկել ու կյանքի կոչել մի գործ, որը կդառնար ևս մի ազգային-հոգևոր հարթակ՝ մոտեցնելու ժողովրդին իր եկեղեցուն: Եվ այն իրագործվեց 1997 թվականին՝ Տ. Նավասարդ վարդապետ Կճոյանի նախաձեռնությամբ ու օրհնությամբ, ով այն ժամանակ Արագածոտնի թեմի առաջնորդն էր: Հայր Սուրբն ինքն էլ դարձավ նոր հիմնվող պարբերականի առաջին խմբագիրը: Այստեղ, ասես, մի կարևոր խորհուրդ կար. Օշականը Հայոց սրբավայրերից մեկն է, ուր գտնվում է սուրբ Մեսրոպ Մաշտոցի գերեզմանը: Ծնունդ առավ մի թերթ, որը մեր սրբավայրից՝ Հայոց Կենաց արմատից ուժ ու օրհնություն էր ստանալու՝ իր ընթացքն ու ուղին շարունակելու համար: Այս նվիրական գործում իր անուրանալի ավանդը բերեց նաև Ապարանի «Սահակ-Մեսրոպ» հոգևոր, մշակութային, կրթական, բարեգործական միության նախագահ երջանկահիշատակ Էդվարդ սարկավագ Ֆրանգուլյանը:
1997 թվականի հուլիս ամսին Հայր Նավասարդը Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Ա Վեհափառի ձեռամբ ձեռնադրվեց եպիսկոպոս: «Շողակն» ամսօրյայի առաջին համարը լույս տեսավ հուլիսին՝ անդրադարձ կատարելով նաև այդ հիշարժան իրողությանը: Ամսօրյայի խմբագրական աշխատանքները հետագայում իրականացրեց Արտավազդ Նազարյանը:
1999 թվականի դեկտեմբերին Սրբազան Հայրը նշանակվեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ: «Շողակն» ամսօրյան դարձավ Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնաթերթը՝ վերանվանվելով «Շողակն Արարատյան»:
«Շողակն Արարատյան»-ի խմբագիրներն են եղել Արսեն Պողոսյանը, Հայկանուշ Մեսրոպյանը, Մհեր Գասպարյանը և Հասմիկ Եղիազարյանը, ովքեր իրենց ուրույն ձեռագիրն ունեն ամսաթերթի տպագրման գործում:
«Շողակն Արարատյան»-ը մինչ օրս շարունակում է լույս տեսնել Սրբազան Հոր օրհնությամբ՝ վերջին տարիներին՝ սկսած 2018 թվականից, արդեն որպես գունավոր ամսաթերթ:
«Շողակն Արարատյան»-ի էջերում տեղ են գտել այնպիսի առանցքային թեմաներ, ինչպիսիք են պատմաբանասիրական ու քրիստոնեական դավանաբանական հոդվածները, եկեղեցու պատմությանը, հայկական մշակույթին վերաբերող նյութեր, գրախոսություններ, հարցազրույցներ, թարգմանություններ, տոնախոսականներ…
«Շողակն»-ը ոչ միայն Արարատյան Հայրապետական թեմի գործունեությունը լուսաբանող պարբերական է, այլև յուրահատուկ հայագիտական հարթակ է, որը գրեթե երեք տասնամյակների ընթացքում չի շրջանցել ոչ մի ազգային արժեք:
«Շողակն Արարատյան»-ի մասին խոսելիս հնարավոր չէ չհիշել այն թղթակիցներին, որոնց շնորհիվ կայացավ թերթը ու իր էջերից ազգային ժառանգության լույսը բաշխեց ընթերցողին:
Ամսաթերթի մշտական թղթակիցներն են եղել գիտնականներ, մշակույթի վաստակավոր գործիչներ, ովքեր հետագիծ և ավանդ ունեն մեր ազգային կյանքի տարբեր ոլորտներում: Հիշենք մի քանիսին:
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Դանիելյանը քննության է առել Հայոց հին ու միջնադարյան պատմության հիմնահարցերը՝ կապված Հայկական լեռնաշխարհում հայ ժողովրդի տեղաբնիկության, ավելի քան հինգհազարամյա հայկական պետականության, պատմական աշխարհագրության, տիեզերաբանական պատկերացումների, քրիստոնեության լուսապաշտական ակունքների և Հայ Առաքելական Եկեղեցու վաղ պատմության, հայ-իրանական հարաբերությունների և բազում այլ հարցեր: Հեղինակ է հինգ մենագրության և ավելի քան 200 գիտական հոդվածների: Եվ տարիներ շարունակ մեր սիրելի պրոֆեսորի հոդվածները տպագրվել են նաև «Շողակն Արարատյան»-ի էջերում:
Էդուարդ Դանիելյանն այն գիտնականն էր, ով Հայոց պատմության կեղծարարությունների դեմ պայքարում էր ամենուր՝ հայ ազգի կողքին համախմբելով տարբեր երկրների ազդեցիկ դիրք զբաղեցնող մարդկանց, ովքեր իրենց անցած ճանապարհով ապացուցել էին, որ իրապես հայ ժողովրդի բարեկամն են: Անգամ անգլալեզու հայագիտական կայք էր ստեղծել, որը յուրահատուկ կռվան էր ընդդեմ այն ուժերի, որոնք խմբագրում են Հայոց պատմությունը և այն «շարադրում» ըստ օրվա քաղաքական շահերի՝ աշխարհի հիշողությունից փորձելով դուրս թողնել հայերին… Նա այդ պայքարում իսկական մարտիկ էր:
Անգնահատելի է պատմական գիտությունների դոկտոր, աղբյուրագետ Վրեժ Վարդանյանի ավանդը ևս՝ արդի հայ պատմագիտության համար: Նրա աշխատությունները վերաբերում են հին և միջնադարյան Հայաստանի, Հայ Առաքելական Եկեղեցու պատմության հանգուցային խնդիրներին: Աշխարհաբարի է վերածել, առաջաբանով ու ծանոթագրություններով հրատարակել է Թովմա Արծրունու «Պատմություն Արծրունյաց տան» (1985թ.) երկը: Հեղինակել է բազմաթիվ աշխատություններ՝ նվիրված հայ պատմիչների երկերին, Հայոց պատմության տարբեր շրջաններին, որոնց նոր լույս են սփռել: Բավական է թվարկել մի քանիսը. «Վասպուրականի Արծրունյաց թագավորությունը. 908-1021 թվականներ» (Երևան, 1969), «Արծրունիները Հայոց պատմության մեջ» (Երևան, 2002թ.), «Հայ եկեղեցին վաղ միջնադարի քաղաքական խաչուղիներում» (Երևան, 2004) և այլն: Բազմաթիվ գիտական հանդեսներ՝ Հայաստանում և արտերկրում ընդգրկել են պրոֆեսորի արժեքավոր հոդվածները: Եվ «Շողակն Արարատյան» թերթի թե՛ խմբագրության, թե՛ ընթերցողների համար սպասված են Վրեժ Վարդանյանի գիտական հոդվածները, թե հերթական համարում ի՞նչ նոր բան ենք բացահայտելու մեր ազգային պատմության և ինքնության մասին: Նա թողել է մի մեծ ժառանգություն, որի հետևում մի համեստագույն անհատականություն էր: Հիրավի, բոլոր իսկական մեծություններին բնորոշ մի հատկանիշ, ով մեր փոքրիկ կոլեկտիվի հիշողության մեջ մնացել է հենց այդպիսին: Եվ «Շողակն Արարատյան» ամսաթերթը ուժ և ճանապարհ է ստացել նաև նրա գրչի շնորհիվ:
«Շողակն Արարատյան» թերթի ավագագույն սերնդի մշտական թղթակիցներից է եղել Սարգիս Ժամկոչյանը՝ Ռումինիայից հայրենադարձվածների զավակ, ով ընթերցողներին ներկայացրել է հայ գաղթօջախների պատմությունը, ուշագրավ նյութեր, որոնք հարստացրել են հայագիտությունը, թե ինչ քաղաքակրթական հետքեր են թողել հայերը տարբեր երկրներում: Իսկ նրա հայրենապաշտ էությունը արտացոլվում էր իր հոդվածներում: Մարդ, ով Հայրենիքի հզորացումը տեսնում էր հայրենադարձության գաղափարի մեջ: Եվ մի առիթով պատմելով բազում դժվարություններով լի կյանքի, աշխատանքային գործունեության մասին՝ ասել էր. «Երեսուն տարվա ընթացքում որ գնում-գալիս էի, անընդհատ մտածում էի՝ Ամերիկայու՞մ պետք է ապրել, թե Հայաստանում: Վերջը չկարողացա որոշել:
Ապրեցի Հայաստանում, որովհետեւ այստեղ է իմ շրջապատը, այստեղ է իմ հարազատ լեզուն, այստեղ են իմ հարազատների գերեզմանները… Ինչ վերաբերում է մեր նիստուկացին, անհարմար է ասելը՝ մենք մինչև էսօր էլ հայրենադարձ ենք մնացել, մեր ընտանիքը կոնկրետ: Ես, կինս, երեխաներս էլ որոշ չափով, չենք փոխվել ադաթներով, սովորություններով, բարոյականությամբ …»:
Այսպիսին էր նրա հայրենասեր ու չփոխվող հայ տեսակը:
Արդյո՞ք որևէ թերթի խմբագրության համար անկրկնելի արժեքներից չէր այն փաստը, երբ իրենց թղթակցում էր այնպիսի մեծություն, ինչպիսին էր արձակագիր, հրապարակախոս, լրագրող Հրաչյա Մաթևոսյանը (ՀՐԱՉՕ): Նրա խոհական աշխարհին հաղորդակցվելով՝ ընթերցողը ճանաչել է իր ազգային հոգին: Հրաչօի պատմվածքները «Շողակն Արարատյան»-ի էջերում ունեցել են ազգային, հայեցի դաստիարակության նշանակություն նաև թերթի պատանի ընթերցողների համար, թե ինչպիսին պիտի դաստիարակվի հայ մանուկը, որ լինի իր երկրի հայրենատեր քաղաքացին: Հնարավոր չէ մոռանալ նրա այցելությունները խմբագրություն, զրույցնեը, որոնք միշտ ազգի մասին էին…
Որքա՛ն ազդեցիկ են նրա խոսքերը մեր օրերի համար. «…Մտածեք, որ էս երկիրը մերն է: Վերջին հողակտորը, մնացած երկիրը մերն է: Եվ ինչպե՞ս անենք, որ մենք էլ լինենք երկրինը: Մե՛ր երկրինը: Կյանքո՛վ լինենք երկրինը: Աճյունի համար միշտ էլ տեղ ճարվում է…»:
Այսպես էր ապրում համեստափայլ Մարդը և ճշմարիտ մտավորականը՝ Հրաչյա Մաթևոսյանը, ինչպես որ կապրեր իսկական նվիրյալը…
«Շողակն Արարատյանի» տարեգրությունն են հարստացրել ՀԽՍՀ վաստակավոր ժուռնալիստ, արձակագիր Մարգո Ղուկասյանի հրապարակախոսական, պատմա-մշակութային հոդվածները, որոնք դարձյալ հայ մարդուն պատմել են ի՛ր մասին: Ինչպիսի՞ն է եղել մեր պատմությունը, ինչպիսի՛ արժեքներ են արարել մեր նախնիները… Եվ Մարգո Ղուկասյանի հոդվածները եղել են հենց այդ ազգային ինքնաճանաչողություն տանող արժեքներից մեկը՝ արտացոլված մեր թերթի էջերում: Հիշենք նրա «Քարակերտ հրաշքներ» շարքը, որտեղ «Շողակն Արարատյան»-ի ընթերցողը համարից համար ծանոթանում էր մեր պատմա-ճարտարապետական կոթողների պատմությանը; Իսկ իր վերջին գիրքը՝ «Ավերնագիր…»-ը, նվիրված էր Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակներին, մեր պատմական հիշողությանը, որով ապրում էր Արևմտյան Հայաստանի Բասեն գավառից գաղթած ծնողների ընտանիքում ծնված ու մեծացած մտավորականը, ում գրիչը միշտ եղավ զորավիգ իր երկրին:
Մինչ օրս էլ մեզ համար շատ պարտավորեցնող նշանակություն ունեն Մարգո Ղուկասյանի այս խոսքերը՝ ուղղված մեր թերթին. «…Քիչ է պատահում, որ որևէ թերթի անուն կամ ամսագրի անուն այդքան համապատասխան լինի իր բովանդակությանը, որքան «Շողակն Արարատյանինը»:
Շողակն…
Լույսի, արեգակի շողեր, որ իջնում են երկնքից, թափվում Մայր Արարատյան դաշտի վրա և թափանցում ընթերցողի՝ թե երիտասարդի, թե տարեցի հոգիները…»:
Անմոռանալի են մշակույթի խոնարհ նվիրյալ ու մշակ Վարազդատ Ավագյանի վարած շարքերը «Շողակն Արարատյան»-ի էջերում, ով ապրեց բոլորից աննկատ ու ծառայեց Հայոց բառ ու բանի բացահայտմանը: Եվ ընթերցողը ծանոթանում էր իր լեզվի պատմությանը, ամեն մի բառի կենսագրությանը, որոնց մեջ ասես ի ցույց էր դնում մեր կոդը, մեր ինքնությունը…
…Երախտագիտությամբ ենք հիշում բոլորին: Եվ ժամանակը դեռ կբացահայտի յուրաքանչյուրին՝ թե՛ ավագ սերնդին, և թե՛ երիտասարդներին, ովքեր շարունակում են մեզ հետ ճանապարհ անցնել:
Թող շարունակական լինի «Շողակն Արարատյան»-ի ընթացքը, որի 500-րդ համարն է դրվում մեր ընթերցողի սեղանին: Մաղթում ենք, որ Աստված զորավիգ լինի Հայոց եկեղեցուն և Հայաստան աշխարհին…