Կարգ հիվանդաց՝ բժշկություն հոգու, մարմնի ու մտքի

Կարգ հիվանդաց՝ բժշկություն հոգու, մարմնի ու մտքի

Կարգ հիվանդացի խորհուրդը սահմանված է բժշկելու համար. ինչպե՞ս բժշկվել, ներկայացնում է Ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Հուսիկ քահանա Դոխոլյանը:

 

«Հիվա՞նդ է ձեզնից մեկը, թող կանչի եկեղեցու երեցներին, և նրանք նրա վրա թող աղոթք անեն և յուղով օծեն նրան Տիրոջ անունով» (Հակոբոս 5:14):

 

Բժշկություն՝ հոգու ու մարմնի

 

  • Կարգ հիվանդաց՝ այն հոգու, մտքի ու մարմնի բժշկություն է, մարդու հաստատումն է քրիստոնեության ճանապարհի վրա, մարդու մեղքերի թողությունն է և բուժումը: Խորհուրդը կատարվում է Քրիստոսի օրինակով: Ավետարանում կարդում ենք Աստծո Որդու հրաշագործությունների ու հիվանդներին բժշկելու մասին: Հետագայում Տերն Իր աշակերտներին իշխանություն տվեց հիվանդների վրա ձեռքը դնելու, աղոթելու և բուժելու: Այդ պատվերն առաքյալները փոխանցեցին իրենց հաջորդներին՝ հոգևորականներին, որոնք կատարում են միջնորդի դեր: Աստծո պաշտոնյան՝ հոգևորականը, աղոթքով դիմում է Նրան. բուժողն Աստված է: 

 

Խորհուրդ՝ ոչ միայն բժշկվելու, ապաշխարելու նաև զորանալու համար

 

  •  Երբ հիվանդություն ունեցող մարդը դիմում է հոգևորականին, Տիրոջ սպասավորը ձեռքը դնում է հիվանդի վրա ու աղոթում նրա համար, որպեսզի վերջինս զորանա, բժշկվի իր մարմնական ու հոգեկան հիվանդություններից: Խորհուրդը ենթադրում է անկեղծ զրույց: Հոգևորականն այցելում է ոչ միայն ապաշխարության կոչելու, այլև Սուրբ Հաղորդություն տալու, քրիստոնյային հավիտենական կյանքի մասին պատմելու, պատրաստելու հավիտենական կյանքին: Խորհրդի ընթացքում կարևորվում է մարդուն քրիստոնեական հավատի մեջ հաստատելը ̀ ընթերցվածքներով, սաղմոսներով, շարականներով: 

 

Նեղության մեջ հավատարիմ մնալու մասին

 

  • Քահանան այցելում է մարդուն, որպեսզի նա իր նեղության մեջ հավատարիմ մնա Տիրոջը, չսասանվի, չկորցնի հավատը: Խորհրդի նպատակն է հորդորել հիվանդին՝ գիտակցել մեղքերը, զղջալ, խոստովանել ու դառնալ դեպի Տերը, լցվել հավատքով, հույսով ու սիրով, զորանալ քահանայի աղոթքով ու օրհնությամբ, հոգեպես նորոգվել, ամրանալ, լուսավորվել: Հավիտենական կյանք մտնելու համար ̀ նեղության մեջ հավատի զորություն է անհրաժեշտ: Հիվանդություն ունեցող մարդիկ պետք է դիմեն հոգևորականին ̀ բուժում ստանալու՝ մարմնապես ու հատկապես հոգեպես, որպեսզի կարողանան ամրանալ իրենց հավատի մեջ, պայքարեն ու չսասանվեն, չվախենան, հավատան ու սիրեն:

  • 2025-05-06
×