Ո՞վ է կինը՝ ըստ քրիստոնեական ընկալման, ինչպիսի՞ն է կնոջ ներկայությունը եկեղեցում և արդյո՞ք տղամարդն ունի առավելություններ: Մեր զրուցակիցը՝ Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու խորհրդակատար Տեր Տիգրան քահանա Բադիրյանը, հիշեցնում է կնոջ մասին Պետրոս առաքյալի բնորոշումը՝ կինը՝ կյանքի շնորհի ժառանգակից:
Կին և տղամարդ. հավասար, բայց տարբեր առաձնահատկություններով
-Տղամարդու և կնոջ փրկաբանությունը չի տարբերվում իրարից: Փրկվելու համար չկան գործառույթներ, որոնք վերապահված են միայն տղամարդուն կամ կնոջը: Մենք հավատում ենք, որ մարդը կարող է լինել Քրիստոսի նման, ոչ թե տղամարդը կամ կինը, այլ՝ մարդը: Կինն ու տղամարդը հավասար են: Այլ հարց է, որ կինն ու տղամարդն ունեն առանձնահատկություններ՝ ֆիզիոլոգիական և հոգեբանական: Եկեղեցին չի դիտարկում անձին՝ օտարված իր բնությունից, որովհետև մարդու սեռը նաև այն գործիքակազմն է, որը պետք է տանի նրան փրկության:
Կնոջը տրված շնորհն ու առաքելությունը
-Կանանց տրված է մայրությունը, այդ շնորհն անհամեմատելի է երբևէ մարդուն տրված շնորհների հետ: Աստծուց բացի ո՞վ է կարողանում կյանք տալ բանական էակի՝ մարդու, միայն կինը: Կանանց համար Մարիամ Աստվածածինն օրինակ է: Չմոռանանք, որ մարդկանցից միայն նա է հասել քրիստոնեական կատարելությանը: Ցավոք այսօր աշխարհում կա միտում՝ մոր կերպարը նսեմացնելու և անկախ, ազատ ու գործարար կնոջը ցույց տալու ̀ որպես կատարելատիպ:
Կանանց իրավունքներն ու քրիստոնեությունը
-Պողոս առաքյալն առաջին դարում հայտարարում էր, որ չկա տարբերություն կնոջ ու տղամարդու միջև: Քրիստոնեությունը, չտարբերակելով մարդու սեռը, խոսում է մարդու փրկության մասին: Եթե նայենք պատմությանը, կտեսնենք, որ իրապես կանանց իրավունքների համար պայքարը ձևավորվել է քրիստոնեական միջավայրում, քրիստոնեական ընկալումների մեջ և ամենասուր փաստարկները սուրբգրային էին: Պետք է ընդունել նաև, որ կնոջ հավասարությունը, չի նշանակում կնոջ գերակայություն:
Տղամարդկանց գերակայությո՞ւն. սովորույթնե՞ր, թե՞ հավատք
-Քրիստոնեությունը տարածվել է հայրիշխանական հասարակություններում և ընկալման միջավայրերում: Եկեղեցում, կանոնական առումով, այս ընկալումներն արտացոլվում են, բայց չեն պարտադրվում՝ որպես դավանաբանություն, վարդապետություն: Կան կանոններ, որոնք բխում են պահի անհրաժեշտությունից՝ կենցաղը կազմակերպելու համար և կան կանոններ, որոնք հավիտենական են:
Սուրբ Հաղորդությանն առաջինը տղամարդկանց մոտենալը տեղական սովորույթ է, իսկ պատշաճ հագնվելը ցանկալի է երկու սեռի դեպքում էլ: Նշված կանոնները չեն վերաբերում փրկաբանությանը, չեն առնչվում հավատքի հետ, սակայն մարդու մեջ հարգանք, պատկառանք և աղոթական վիճակ ստեղծելու գործիքակազմ են: Քանի որ պատմականորեն կանայք չեն ծառայել եկեղեցում, մենք չենք ունեցել նախադեպեր կանանց՝ Խորան բարձրանալու:
Գլխաշորի առկայությունը՝ ոչ թե հավատքի ցուցիչ, այլ բարեպաշտական սովորություն
-Պողոս առաքյալի ̀ Կորնթացիներին ուղղված թղթում կա պատվեր՝ կնոջ գլուխը ծածկելու մասին, բայց այդ թղթում առաքյալն անդրադառնում էր համայնքում առկա խնդիրներին: Կորնթոսում և մի շարք վայրերում անբարոյական կանանց գլուխը սափրում էին, որպեսզի բոլորի համար տեսանելի լիներ անբարոյականությունը: Կանայք, երբ դարձի էին գալիս, եկեղեցում հեշտ կարելի էր տարբերակել նրանց: Գլխաշոր կրելու դեպքում նրանց հնարավոր չէր տարբերել: Այսօր կնոջ համար գլխաշոր կրելը բարեպաշտություն է: Գլխաշոր կրել կամ չկրելը, մարդու հագուստը հավատքի կամ անհավատության ցուցիչ չէ: Միևնույն ժամանակ մարդու հագուստը վկայում է, թե նա ինչ վերաբերմունք ունի տվյալ վայրի հետ:
Չկան արգելված օրեր՝ եկեղեցի մտնելու համար
-Չկան օրեր, որ կնոջն արգելվում է մտնել եկեղեցի: Ֆիզիոլոգիայով պայմանավորված որևէ բան չի կարող խոչընդոտել մարդուն՝ մտնելու եկեղեցի: Մենք պետք է տարբերենք ժամանակի հնարավորությունները և կարիքները: Ժամանակին կանանց հատուկ օրերին թույլ չի տրվել մտնել եկեղեցի, քանի որ չեն եղել հիգիենայի համապատասխան միջոցներ: Նույնկերպ եկեղեցի չեն եկել տարբեր հիվանդություններ ունեցող մարդիկ: Հղի կանանց չի խրախուսվել եկեղեցի մտնել, քանի որ նույն վայրում հավաքվել են շատ մարդիկ, տարածվել են տարբեր վարակներ, և հղի կինը կարող էր վարակվել: Այսօր մենք չունենք նման արգելքներ: Երբ հավատը տկարանում է մարդկանց մեջ, մարդիկ սկսում են ուշադրություն դարձնել հարյուրերորդական բաների՝ անտեսելով կարևորը: