Տերը շարունակում է զորացնել Իր լույսով ու ջերմությամբ. Սուրբ Խաչի երևման տոն

Տերը շարունակում է զորացնել Իր լույսով ու ջերմությամբ. Սուրբ Խաչի երևման տոն

4-րդ դարում Երուսաղեմի երկնքում փայլեց Սուրբ Խաչի նշանը՝ Գողգոթայից ձգվելով մինչև Ձիթենյաց լեռը:

 

«Սուրբ Խաչափայտն արեգակից ավելի հզոր իր ճառագայթներն էր մատուցում տեսնողներին, այն աստիճան, որ աստվածտեսության երկյուղով և ուրախությամբ բռնված, քաղաքում բոլորն անխտիր շտապում էին եկեղեցի»: Այսպես է տեսարանը նկարագրում Երուսաղեմի պատրիարք Սուրբ Կյուրեղ հայրապետն իր նամակում: Այն ուղղված էր Կոստանդիանոս Մեծի որդուն: Սքանչելի երևույթը Սուրբ Կյուրեղ հայրապետը բացատրում էր իբրև ուղղափառ դավանության պաշտպանություն արիոսականության դեմ և հորդորում կայսերը ետ կանգնել արիոսականներին պաշտպանելուց: 

 

Նկարագրվում է, որ Տիրոջ նշանն իր փայլով հաղթել է արեգակի ճառագայթներին և արձակած լույսով ծածկել արեգակը: Արտասովոր այդ դրվագը մարդկանց մեջ երկյուղ է ծնել ու ամրապնդել հավատը: Սուրբ Կյուրեղն այդ օրը եկեղեցական տոն է դարձրել:

 

«Նրա նշանը շողաց Գողգոթայի վրա, որտեղ խաչվեց, լույսի ճառագայթները հասան Ձիթենյաց լեռան վրա, որտեղից համբարձվեց: Դրվագը մարդկանց մեջ զորացրեց հավատը՝ Քրիստոսի հարության: Քրիստոս հաստատեց Իր իրական կենդանությունը: Երկնային պատկերը տեսնելուց հետո շատերը դարձի եկան»,- նշում է Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարթև քահանա Մուրադյանը:

 

Խաչի նշանն ուղղորդեց ընթանալ ճշմարիտ ուղով

 

Սուրբ Խաչի երևման տոնը, Հայ Առաքելական Եկեղեցին նշում է մայիսի 18-ին: 
 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի է բերվել Քրիստոսի Խաչափայտի Մասունքը: Այսօր նաև Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու ուխտի օրն է, մատուցվում է տոնական Սուրբ Պատարագ:

 

Տեր Պարթևի խոսքով՝ 351 թվականին լուսավոր խաչը հույս է ներշնչել հազարավորներին: Դրվագը փաստել է՝ Աստված մեզ հետ է և շարունակում է զորացնել խաչի լույսով, ջերմությամբ և առաջնորդել դեպի փրկություն: 

 

«Սքանչելի դրվագը եղավ հարյուրավոր մարդկանց դարձի պատճառ: Նրանք ամրացան իրենց հավատքի մեջ: Խաչի նշանն ուղղորդեց ընթանալ ճշմարիտ ճանապարհով: Սուրբ Խաչի երևման տոնը վերահաստատում է Քրիստոսի մշտական ներկայությունը մեր կյանքում: Գողգոթան Հիսուսի խաչի ճանապարհի գագաթն է, Ձիթենյաց լեռը՝ այն գագաթը, որտեղից երկինք համբարձվեց Աստծո Որդին: Խաչն առաջնորդում է մեզ դեպի հավերժություն, դեպի հավիտենական կյանք»,- հավելում է Տեր Պարթևը: 

 

Հետևել խաչին, նշանակում է ապրել քրիստոնյային վայել, պայքարել ազնիվ նպատակների, մարդկության մեջ սեր, եղբայրություն, խաղաղություն հաստատելու համար: 

 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի Սուրբ Խաչին նվիրված ևս երեք տոն՝ Խաչվերաց, Գյուտ Խաչի և Վարագա Սուրբ Խաչ:

 

Անի Ավագյան

 
  • 2025-05-17
×