Հոգևոր ընտանիք. Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի

Հոգևոր ընտանիք. Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի

Արաբկիր համայնքում յուրահատուկ ճարտարապետությամբ առանձնանում է Սուրբ Խաչ եկեղեցին: Այն համայնքի անդամների խոսքով՝ միայն ուխտատեղի չէ, ընտանիք է, որի անդամները՝ տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ, փորձում են գտնել իրենց հարցերի պատասխանները, միասին բացահայտում են, սովորում, ճանաչում: Սուրբ Խաչ եկեղեցում ամեն կիրակի հնարավոր է հաղորդակցվել հայ հոգևոր երաժշտության հրաշակերտի՝ կոմիտասյան Պատարագի խորհրդավոր հնչյունների հետ:

 

Սուրբ Խաչ եկեղեցու նախագծի հեղինակը Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանն է: Եկեղեցին կառուցվել է Լուիզ Սիմոն Մանուկյանի հովանավորությամբ և գործում է 2018 թվականից: 

 

«Արաբկիր համայնքում և հարակից տարածքներում եկեղեցի չկար և կառուցելն անհրաժեշտություն էր: Բնակիչները, հոգևոր սնունդ ստանալու համար, ստիպված գնում էին այլ համայնքներ: Սուրբ Խաչի վայրը պատահական չի ընտրվել: Կան հետաքրքիր պատմություններ, որ նույն վայրում ժամանակին եղել է սրբավայր, մոտակայքում եղել է Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը հետագայում քանդվել է»,- պատմում է եկեղեցու հոգևոր հովիվը՝ Տեր Պարթև քահանա Մուրադյանը: Եկեղեցում ծառայության է կոչված նաև Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը:  

 

Սուրբ Խաչ եկեղեցին ունի կիրակնօրյա դպրոց, որտեղ սովորում են մոտ 30 երեխաներ: Տիկնանց միության անդամների թիվը հասնում է մոտ 4 տասնյակի, երիտասարդաց միության անդամների թիվը 40-ից ավելի է: Այժմ աշխատում են ձևավորել նաև ծխական խորհուրդ: Անդամները գործուն մասնակցություն ունեն եկեղեցում կատարվող իրադարձություններին: «Մի ընտանիք ենք»,- հավելում է Տեր Պարթևը:

 

Յուրաքանչյուր կիրակի երիտասարդաց միության անդամները՝ տարբեր մասնագիտություններ ունեցող մարդիկ, հանդիպում են խոսելու հավատքի մասին, փորձում ճանաչել քրիստոնեությունը: Զրուցում են երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու Տեր Տիգրան քահանա Բադիրյանի հետ: Ունեն նաև բանավեճի ակումբ, կազմակերպում են ֆիլմերի դիտում, կատարում այցեր խնամքի տարբեր կենտրոններ: 

 

Համայնքի անդամներից Հայկ Մարգարյանն աշխատում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նաև երիտասարդաց միության ատենապետն է: 
 

«Իմ խորհուրդն է երիտասարդներին, որ ունենան ամուր հավատ, առողջ մտածողություն ու հասկանան, որ կարևոր են իրենց ընտանիքի, հայրենիքի, եկեղեցու համար: Թող կապը չկորցնեն Աստծո հետ, քանի որ այդ կապը ուժ, խաղաղություն և իմաստություն է տալիս: Իրենց հետաքրքրող հարցի պատասխանը գտնելու համար՝ կիրառեն յուրաքանչյուր հնարավոր ու անհնար տարբերակ: Հարցի պատասխանը կարող է տալ Աստծո շունչը: Կապը չկորցնեն եկեղեցու հետ: Եկեղեցին այն վայրն է, որտեղ մարդը կարող է վերագտնել իրեն»,- նշում է Հայկ Մարգարյանը:

 

Երիտասարդաց միության անդամներից Արմինե Արությունյանը բժշկուհի է, նշում է՝ իր աշխատանքը միշտ սկսում է աղոթքով: 

 

«Մեր ժամանակներում ստանում ենք շատ ինֆորմացիա և հեշտ է խճճվելը, մոլորվելը, եկեղեցում մենք հանդիպում ենք ճշմարտությանը, դառնում ավելի ուժեղ: Լցվում ենք լույսով և այդ լույսը հասցնում մեր տներ»,- նշում է Արմինեն:

 

Միության միջոցով երիտասարդները գտել են թանկ ընկերներ նաև ձևավորվել են ընտանիքներ: Եկեղեցու բակում հաճախ կազմակերպվում են միջոցառումներ, երբ ներկաներին միավորում է շուջպարը: Սուրբ Խաչ եկեղեցում «Մենք» պարի խումբն անցկացնում է պարի դասեր: Եկեղեցում գործում է նաև երգի խմբակ, որտեղ սովորում են հոգևոր երգեր: Տիկնանց միությունն ունի թաղիքագործության խմբակ:

 

Եկեղեցին ունի արական երգչախումբ, որն իր արհեստավարժությամբ լուրջ հայտ է ներկայացնում։ Երգչախմբի շնորհիվ ամեն կիրակի հնչում է Կոմիտասի «Պատարագ»-ը: Խմբի գեղարվեստական ղեկավարը Շահե Քեշիշյանն է:

 

Եկեղեցին ունի մեկ այլ առանձնահատկություն ևս: Աղոթատան 5 զանգերից յուրաքանչյուրն ունի իր անունն ու խորհուրդը։ Առաջին զանգն ունի հավատքի խորհուրդը։ Այն իր ղողանջով մարդկանց հոգիներում տարածում է հավատ ու սեր։ Զանգը կրում է զարդաքանդակներ՝ Սուրբ Հարության, Սուրբ Ծննդի և Սուրբ Խաչ տոների նկարագրությամբ։ Երկրորդ զանգի խորհուրդը հայրենասիրությունն է։ Իր ղողանջով այն լցնում է հայրենիքի հանդեպ սիրով։ Կրում է Սուրբ Գրիգոր Նարեկացու սրբապատկերը։ Երրորդ զանգն ունի ծնողասիրության խորհուրդը: Զանգի վրա պատկերված է Սուրբ Մարիամ Աստվածածնի սրբապատկերը։ Չորրորդ զանգը վերաբերում է զավակասիրությանը։ Իր ղողանջով այն ավետում է Հիսուս Քրիստոսի ծնունդն ու հայտնությունը։ Կրում է հայտնության նկարագրությամբ զարդաքանդակ։ Հինգերորդ զանգն ունի մկրտության խորհուրդը և իր ղողանջներով մարդկանց հորդորում է հնարավորություն ունենալ արժանանալ Աստծո արքայությանը։ 

 

Սուրբ Խաչի երևման տոնը Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու ուխտի օրն է: Այդ օրը եկեղեցի է բերվում սրբազան մասունք և մատուցվում է Սուրբ Պատարագ:

 

Անի Ավագյան

 
  • 2025-05-19
×