«Երանի նրանց, ովքեր սրտով մաքուր են, որովհետև նրանք կտեսնեն Աստծուն»: Մատթեոս 5.8
Մարդկության պատմության մեջ սիրտը միշտ եղել է ավելին, քան պարզապես մկանային օրգան. այն եղել է մեր զգացմունքների, բարոյականության և հոգևոր իմաստության խորհրդանիշը: Երբ սրտաբանն ուսումնասիրում է սրտի զարկերը, նա տեսնում է առողջության նշանները, բացատրում է սրտի աշխատանքը, նրա հետ կապված խնդիրները, բայց երբ ուսումնասիրում է այդ նույն զարկերն առ Աստված ունեցած հավատքի մթնոլորտում, նա սկսում է լսել կյանքի մեղեդին և հոգևոր յուրահատուկ իմաստությամբ բացատրել, թե ինչ է այն զգում և թե բժշկական միջամտությունից առավել ինչ է նրան անհրաժեշտ:
Մեր ամսաթերթի այս համարում իր խոկումն է բերում սրտաբան Ավագ Մկրտչյանը, ով իր մասնագիտական գործունեության մեջ կարողացել է ներդաշնակորեն միավորել ժամանակակից բժշկության գիտելիքները և իր խորը հավատքի լույսը. «Ինքնավար սրտին հանգստություն է բերում հավատքը…»: Ավագի հոգևոր ծննդավայրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է, որի մկրտարանի սրբազան ավազանում մկրտվել և անդամագրվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն` քրիստոնեական իր առաքելությունը գտնելով հիմնականում բժշկության ոլորտում: Որպես Եկեղեցու նվիրյալ զավակ և, միևնույն ժամանակ, սրտաբան՝ Ավագն իր առօրյա աշխատանքում տեսնում է այն հրաշքները, որոնք տեղի են ունենում, երբ բժշկությունը և հավատքը գործում են միասին: Հիվանդների նկատմամբ նրա ցուցաբերած հոգատարությունը և ուշադրությունն արտացոլում են նրա քրիստոնեական արժեքները՝ սերը, կարեկցանքը և մերձավորին ծառայելու պատրաստակամությունը:
Ավագը մայրական հորդորով է կողմնորոշվել բժշկության ոլորտի ընտրության հարցում, իսկ ինչ վերաբերում է սրտաբանությանը, ապա. «Միշտ կարծել եմ, որ այլ բժիշկ չէի կարող դառնալ, իսկ ուսմանս տարիներն այդ զգացողությունն ավելի խորացրեցին, քանի որ սրտաբանության պահանջած մասնագիտական որակը` գտնելու պատճառահետևանքային կապերը, ինձ մոտ ավելի լավ էր արտացոլվում… Այսպիսով, եթե բժշկություն, ապա՝ սրտաբանություն»:
Բժշկությունը ոչ միայն գիտական, այլ նաև հոգևոր կոչում է, առաքելություն. «Հոգևոր արժեքներն ընդհանրապես շատ մեծ դեր ունեն մարդու կյանքում: Իրականում և՛ շատ դժվար է և՛ շատ հեշտ է այսքան ուղիղ, ճշգրիտ մասնագիտության և հավատքի համատեղումը: Եթե անցնենք պատմության էջերով, ապա կտեսնենք, որ ժամանակին բժիշկները եղել են նաև եկեղեցական մարդիկ. ինչո՞ւ, որովհետև, կարծում եմ, կապը հավատքի և բժշկության մեջ միշտ շատ սերտ է եղել»:
Որպես բժիշկ՝ Ավագը, չկենտրոնանալով միայն սրտի վրա, մարդու կյանքի համար կարևորում է բոլոր օրգան համակարգերի բնականոն աշխատանքը, բայց իր այցելուներին էլ միշտ ասում է. «Մենք ամեն ինչ մեր սրտով ենք զգում, մենք ցավը զգում ենք մեր սրտով, մենք մեր սթրեսը զգում ենք մեր սրտով, զայրանում ենք սրտով, սիրում ենք սրտով, կրծքավանդակի ողջ հատվածով` մտածելով, որ ամեն ինչի հիմքում մեր սիրտն է… հոգևոր տեսանկյունից` այո, բայց բժշկական տեսանկյունից շատ դեպքերում ցավի հիմքը կարող է լինել նյարդային կամ որևէ այլ համակարգի հետ կապված խնդիրը, թեպետ գրեթե ամեն ինչ հիմնականում զգում ենք սրտով, իսկ սրտաբանի գործը հենց դա հասկանալն ու տարբերակիչ ախտորոշում կատարելն է` բուն սիրտանոթային պաթոլոգիան»: Դարձյալ անդրադառնալով հավատքի զորությանը և այդ գործում հոգևորականի ունեցած դերին՝ բժիշկն իր մտորումներում ընդգծում է, որ. «Սիրտը, որը մեր մնացած օրգանների պես ևս կատարող է, հաճախ կարելի է ծրագրավորել մեր մտածողությամբ: Առ Աստված հավատքով մարդու հետ աշխատելը շատ ավելի հեշտ է, նա ավելի լավ է ենթարկվում բուժմանը, ավելի լավ արդյունք ենք ստանում, ինչը բացատրելի է նաև գիտական տեսանկյունից. հավատքը մարդուն զերծ է պահում սթրեսներից և վախերից: Հատկապես սրտաբանության ոլորտում հատկապես մահվան հանդեպ տածած վախերին ավելի շատ ենք հանդիպում, ինչը կրկնակի սթրեսի է ենթարկում մարդուն, իսկ սթրեսը, առհասարակ, կարող է լինել բոլոր հիվանդությունների հիմքը: Մինչդեռ հավատքով մարդն ավելի խաղաղ է և համարձակ: Հետևաբար, կարևորում եմ հոգևորականի ունեցած դերը մարդու կյանքում, նրա այցը հիվանդանոց և զրույցը հիվանդների հետ: Կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ, եթե անգամ իր կյանքի ողջ ընթացքում հեռու է եղել Աստծուց, ապա գոնե կյանքի վտանգավոր կամ վերջին շրջանում մոտենում է Աստծուն, հետևաբար, ի նպաստ սթրեսի հաղթահարման, հետևաբար և արագ ապաքինման, հիվանդանոցում հոգևորականի հետ հանդիպման ապահովումը շատ լավ է և գովելի»: Բժիշկն իր խոսքում անդրադարձ կատարեց նաև «Պլացեբոյի էֆեկտ» հասկացությանը, որի բուժական ազդեցությունը կապված է հենց հիվանդի դեղի ազդեցությանը հավատալու ներշնչանքի հետ. «Դրական արդյունքի հասնելու համար պետք է հավատալ բուժմանը, իսկ Աստված հենց Ինքը դեղ է»։
Ավագը կարևորում է Եկեղեցու առաջադիմությունը, արդի մարտահրավերներին ընդառաջ գնալը և ընդունում, որ ցանկացած իրավիճակում հայտնվելիս` բոլոր ժամանակների մարդը, եթե ընթերցի Աստվածաշունչը, ապա կգտնի իրեն հուզող խնդրի պատասխանը, անհրաժեշտ բանալին:
Հետաքրքիր էր լսել հատկապես բժիշկի անմիջական օրինակները «հրաշք» հասկացության վերաբերյալ, երբ նա անդրադարձ կատարեց դեռևս ուսանողական տարիների ընթացքում իր հետ տեղի ունեցած բարդ իրավիճակների փայլուն հանգուցալուծումներին, որոնց մինչ օրս այլ բացատրություն տալ չի կարող, քան հրաշքի լույսի ներքո դիտարկելը. առանձնահատուկ խանդավառությամբ է հիշում, թե ինչպես է ստացել Աստծուն ուղղված իր անկեղծ խնդրանքների պատասխանները: Ճիշտ է, Ավագն աշխատում է «շատ չանհանգստացնել» Աստծուն, բայց վստահ է, որ իր կյանքում միշտ առաջնորդվում է Տիրոջ օգնությամբ և հավատում. «Ամենավատ մայրամուտից հետո էլ արևը միշտ ծագելու է»:
Ավագը, անդրադարձ կատարելով անսասան հավատքի և առ Աստված անկեղծ աղոթքի դերի կարևորությանը, ընդգծեց նաև ընթերցասիրության խիստ անհրաժեշտությունը. «Կարդալ, կարդալ ու էլի կարդալ: Կարդալն աշխարհայացք է մեծացնում: Ամեն կարդացած գրքի հետ քո տեսողությունն ավելի է սրանում… Ամեն կարդացած գրքի հետ դու ավելի ես ուժեղանում»:
Լաուրա ԱՂԱՋԱՆՅԱՆ
Աղբյուրը՝ Շողակն Արարատյան