Վարդան Վարդապետի խրատը չորեքշաբթի և ուրբաթ օրերի խորհրդի վերաբերյալ
Վարդան Վարդապետի խրատը չորեքշաբթի և ուրբաթ օրերի խորհրդի վերաբերյալ
(հատվածաբար)
Թեպետև կնոջով մահն աշխարհ եկավ, բայց և կնոջից ծնվեց մեր կյանքը՝ Քրիստոս։ Ադամն իր կնոջը «կյանք» կոչեց, որովհետև մեր կյանքը՝ Քրիստոսին ծնեց, քանզի սուրբ Կույսը Եվայի դուստրն էր։ Առաջին մորից՝ անեծք ու քրտինք, իսկ սրանից՝ Կյանք ու Անմահություն, առաջին մորից՝ փշաբեր ու տատասկաբեր երկիր, իսկ սրանից՝ զանազան բարիքներով զարդարված երկիր, նաև Եդեմական դրախտ։ Նրանից՝ մարդասպան Կայենը, իսկ սրանից՝ կյանք տվող Որդին՝ Հիսուս Քրիստոս, Ով ողջ տիեզերքին կյանք և ուրախություն շնորհեց։ Նրանից՝ խավար, իսկ սրանից՝ համապայծառ լույս ու մայր չմտնող արեգակ, որովհետև սուրբ Կույսն արևելք և արևմուտք անվանվեց, ինչպես որ մարգարեն է ասում. «Արևելքից մինչ արևմուտք Տիրոջ անունը թող փառավորվի»։
Հանգամանալից անդրադառնանք Վարդան Վարդապետի խրատին՝ չորեքշաբթի և ուրբաթ օրերի խորհրդի վերաբերյալ։ Քահանաները հինգշաբթի՝ մեծ խորհուրդի օրը, փառքի Տիրոջը մահվան մատնեցին. «Արդարի հոգին որսացին և անմեղի արյունն էին դատապարտում» (Սաղմ. ՂԳ 21), իսկ ուրբաթ օրը խաչ հանեցին արարածների Արարչին՝ Քրիստոս Արքային։ Չորեքշաբթի օրը մատնեցին Քրիստոսին, և այդ օրն իբրև դժոխք բացվում է մատնության բերանը ստացվածքի համար, որովհետև հիրավի դժոխքի բնակիչներն են նրանք, ովքեր Քրիստոսի վրա հարձակվեցին, ծառաներին չարչարեցին ու ժառանգին սպանեցին՝ կորզելու համար ժառանգությունը (Մատթ. ԻԱ 38)։
Չորեքշաբթի օրը Հերովդեսը գլխատեց Հովհաննեսին՝ ճշմարտության ճրագին, ձայնին ու խոսքին և այս օրը չարագործները չարաչար մահվամբ հեռացան աշխարհից։ Չորեքշաբթի օրը օձի բերանից խավար ելավ ու խավարեցրեց լուսաբեր դրախտը։ Եվ երբ Արարողը եկավ դրախտ ու ձայնեց. «Ո՞ւր ես, Ադամ» (Ծննդ. Գ 19):
Չորեքշաբթի օրը Քրիստոս Գաբրիել հրեշտակապետին առաքեց սուրբ Կույսի մոտ՝ «Ուրախացիր, ով շնորհընկալ»-ն ավետելու (Ղուկ. Ա 28)։ «Լուսավորվիր, լուսավորվիր, Երուսաղեմ, քանզի հասել է Քո լույսը» և Տիրոջ փառքը քո վրա է ծագելու։ Ահա խավարը ծածկեց երկիրը, մառախուղը՝ հեթանոսներին, բայց քո մեջ է հայտնվելու Տերը, և նրա փառքը քո մեջ է երևալու» (Եսայի Կ 1)։ Քանզի Հոր երեսի լույսը Քրիստոս է, իսկ տիեզերքի լուսատուն՝ փրկչական ու կենսաբեր խաչը, որի մասին նաև սուրբ ավետարանիչն է հուշում՝ ասելով. «Եվ ապա երկնքում Մարդու Որդու նշանը պիտի երևա» (Մատթ. ԻԴ 30)։ Ահա թե ի՞նչ է ասում Դավիթը. «Քոնն է ցերեկը, և Քոնն է գիշերը, և լույսն ու արևը Դու հաստատեցիր» (Սաղմ. ՀԳ 16)։
Հինգշաբթի մեծ տոնի օրը փառքի Տերը մեծամեծ խորհուրդներ է կատարում։ Իսկ ինչո՞ւ այդ օրը, որովհետև Ադամն ու Եվան այդ օրը ոտքով ընթացան դեպի ծառը՝ պտուղը ճաշակելու։ Այդ պատճառով էլ Տերը նույն օրը լվաց աշակերտների ոտքերը, որպեսզի այդ օրը զոհը մատուցի և Իր Մարմինն ու Արյունը բաշխի բոլոր արարածներին, որպեսզի նաև նախահոր գարշապարը մեղքից սրբի ու զորություն տա Իրեն հուսացողներին՝ ըստ այս խոսքի. «Ահա ձեզ իշխանություն տվեցի կոխոտելու օձերի, կարիճների և թշնամու ամբողջ զորության վրա» (Ղուկ. Ժ 19), քանզի ոտքերը դնում են հիվանդների վրա և բժշկում։ Դարձյալ համբարձման ժամանակ աշակերտներին Ձիթենյաց լեռը հանեց ու իր ձեռքերը բարձրացնելով՝ օրհնեց նրանց որպես եպիսկոպոսների ու կաթողիկոսների, և բավական չհամարեց միայն ոտքերի լվացումը, այլև Իր աջի զորությունը քահանաներին փոխանցեց, որպեսզի ում վրա որ դնեին ձեռքերը, տային Սուրբ Հոգին։
Այս օրը Պատարագ մատուցեց և Իր Մարմինն ու Արյունը բաշխեց բոլոր արարածներին և ոչ թե միայն առաքյալներին։ Զորացրեց նրանց աչքերն ու ոտքերը և Իր աջի զորությունը քահանաներին փոխանցեց, որովհետև քահանայի աջը, որով նրանք կարող են բժշկել հիվանդների հոգիներն ու մարմինները, ավելի բարձր է, քան երկինքը։
Ավագ ուրբաթը խորհրդանշում է արարչության վեցերորդ օրը, Աստված ասաց.
«Մարդ ստեղծենք մեր պատկերով ու նմանությամբ, նա թող իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների և երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա» (Ծննդ. Ա 26)։ Ադամն ուրբաթ առավոտյան Արարչի ձեռքով ստեղծվեց հողից, և նույն օրվա երրորդ ժամին Աստված Ադամի կողից ստեղծեց կնոջը։ Նրանք պատվիրազանց եղան, երկուսն էլ մերկացան փառքից։ Իններորդ ժամին Տերը գալով դրախտ ասաց. «Ադամ, ո՞ւր ես»։ Այդպես ասելով՝ նրանց հնարավորություն տվեց ապաշխարելու։ Բայց ապաշխարություն չգտնելով՝ Ադամին պատժեց անեծքով. «Հող էիր և հող էլ կդառնաս» (Ծննդ. Գ 19)։
…Մենք պետք է առավել սիրենք Եկեղեցին, որը մեր հոգևոր մայրն է, որովհետև քահանայի միջոցով, Եկեղեցով ու Խաչով են սահմանված մեր բոլորի մահն ու կյանքը, մկրտությունն ու պսակը, թաղումը, Աստծո սքանչելագործությունների ու մարդեղության բոլոր տոնակատարությունները։ Կիրակի օրը պատվեցեք բարեգործությամբ, որովհետև հարության և ազատության օր է։ Մեծ բարիք ու անբավ շահ է հոգու և մարմնի համար Պատարագի գնալը, այդ կարճ ժամանակահատվածում Աստծուն աղոթելը և թշնամիների ու սիրելիների համար թողություն խնդրելը, ինչպես որ Ստեփանոսն էր խնդրում իրեն քարկոծողների, և Փրկիչը՝ Իրեն խաչողների համար։ Խոստովանությունն ապաշխարողներին հրավիրում է և մոլորվածներին հետ բերում։ Խոստովանողի հույսն Աստված է։ Խոստովանեցեք, գոնե քառասուն օրը մեկ հաղորդվեցեք, և Աստծո տաճար ու Սուրբ Հոգու օթևան կկոչվեք։ Խոստովանողը հանդերձյալ կյանքում Աստծուց կյանքի ջուր է խմում և մահվանից դեպի կյանք փոխվում, որովհետև նրա վրա լույս է ծագում։ Ուշիմ լինենք, հեզաբարո կատարենք Վարդան վարդապետ Այգեկցու խրատը. «Ո՛վ որդյակներ, մի՛ ոտնահարեք Աստծո պատվիրանները, որոնք ես՝ ծերս ու ալեհերս, պատվիրում եմ ձեզ. հանուն Աստծո ճշմարտությամբ ապրեք քրիստոնեական հավատքը և մնացեք Քրիստոս Աստծո սիրո մեջ, մի՛ հապաղեք խոստովանել ձեր մեղքերը և ձեր հանցանքների համար թողություն խնդրել, քանզի մոտեցել է մեր Քրիստոս Աստծո գալուստը»։