Քրիստոնյայի առաքելությունն է՝ ցավը կիսել

Քրիստոնյայի առաքելությունն է՝ ցավը կիսել

Ի՞նչ անել, երբ ցավ ունենք, ինչպե՞ս բուժենք մեր սիրտն ու հոգին ու թույլ չտանք, որ ցավը մեր կյանքը վերածի մղձավանջի. ստորև Սուրբ Երրորդություն եկեղեցու խորհրդակատար Տեր Զաքարիա քահանա Անանյանի հետ զրույցից հատված:

 

Մեր ցավերի ու առաքելության մասին

 

-Յուրաքանչյուրս ունենք ցավեր՝ մեծ ու փոքր, բայց ունենք առաքելություն, որպես Քրիստոսի հետևորդներ, օգնելու մեկս մյուսին: 

 

Մեր հասարակությունը ստացել է ուժեղ հարված, շատերը կորցրել են իրենց հարազատներին: Ցավը հաճախ մեր կյանքը փոխում է: Ոմանք փորձում են անտեսել ցավը, խուսափել ցավից, բայց այն անխուսափելի է: Ոմանք չարանում են իրենց նմանի դեմ, պատերազմի մեջ են մտնում հասարակության ու Աստծո դեմ՝ շարունակ հարցնելով՝ ինչո՞ւ հենց իրենք: Երբեմն ցավը վերածվում է մղձավանջի և ոմանք դրանից ազատվելու միակ ելքը համարում են իրենց կյանքին վնաս տալը: Կան նաև մարդիկ, որոնք դեմ հանդիման են կանգնում ցավին ու ընդունում այն՝ որպես իրենց բաժին հասած մի փորձություն: Ցավին տալիս են այլ մեկնաբանություն ու գույն: 

 

Ճանապարհ, որը պետք է անցնել անհատապես

 

-Ծառայության ընթացքում մենք՝ հոգևորականներս, հանդիպում ենք վշտաբեկներին, որոնք հայացքներն ուղղել են դեպի եկեղեցի: Հաճախ մեզ պատկերացնում են՝ որպես հրաշագործի, որը մի խոսքով պետք է ցույց տա ելքը: Մենք, հիմնվելով Ավետարանի վրա, կարող ենք ցույց տալ այն ուղղությունը, որով պետք է ընթանալ, սակայն այդ ճանապարհը պետք է անցնի յուրաքանչյուրն անհատապես: Քրիստոս խաչով բարձրացավ դեպի Գողգոթա, ճանապարհը շատ ծանր էր: Յուրաքանչյուրը պետք է անցնի իր ճանապարհն այն գիտակցումով, որ որքան էլ դժվար լինի ուղին, ընդհուպ մինչև խաչելություն, մահ, կա հարություն, ցավից ազատում: 

 

Ցավ, որը պետք է ընդունել 

 

-Յուրաքանչյուրն իր կյանքում ունի ցավ, որի հետ պետք է առերեսվի: Եթե մարդը ցանկանում է ազատվել ցավից, պետք է ընդունի այն, որքան էլ փորձում է այդ պահը հետաձգել: 

 

Պետք է ընդունենք, որ գոյություն ունի մահը, և այն պատիժ չէ. ժամանակավոր բաժանում է: Երբեմն պատմությունը կարող է շուտ ավարտվել, սակայն դա չի նշանակում, որ պետք է գիրքը ծալել: Հարազատի բացակայության ցավը թեև մնում է, սակայն նրա բացակայությունը կարող է ընկալվել այլ կերպ: Հարազատն իրենց հետ չէ, բայց միայն ֆիզիկապես, իր ֆիզիկական ներկայությունը փոխվել է հոգևոր ներկայության: 

 

Հարատև գործ և աղոթք

 

-Որքան էլ մարդկանց թվա, որ իրենց բաժին հասած ցավն անտանելի է, պետք է ծնկները ծալված մնան, Աստծով ամեն ինչ հնարավոր է: Հարազատից բաժանումը չպետք է լինի պատճառ՝ չարանալու: Այդ բաժանումը մեր առջև դնում է պարտավորություն՝ հարատև գործ և աղոթք մեր հարազատի հիշատակի համար: Պետք է ոչ թե սգի մեջ հարատևել, այլ բարի գործով, աղոթքով թեթևացնել բաժանման ցավը:

 

Երբ դիմացինը ցավ ունի…

 

-Մեր առաքելությունն է՝ ցավը կիսել: 

 

Ցավի ճնշման ներքո մարդիկ մեկուսանում են հասարակությունից, որովհետև յուրաքանչյուրը կարող է մտածել, թե մենակ է, որևէ մեկը չի ընդունում իր ցավը և չի հասկանում իրեն: Մեր՝ քրիստոնեական հասարակության խնդիրն է  սիրով, ջերմությամբ այդ մարդկանց ետ բերել առօրյա կյանք: Մենք այսօր խնդիր ունենք առանձնահատուկ ուշադրություն դարձնել նրանց, քանի որ նրանք ունեն մեր սիրո ու կարեկցանքի կարիքը: Մեր գործողությունների հիմքում պետք է լինի աստվածային սերը: Երբ  փորձում ենք խնամել դիմացինին, որը ցավ ունի, կատարում ենք Աստծո պատվիրանը՝ սիրում ենք: Պետք է օգնենք դիմացինին մեր գործով, խոսքով, աղոթքներով: Յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ ցավի հետ մենակ չէ: 

 

Անի Ավագյան

 
  • 2025-05-21
×