Հավատամք՝ երաշխիքը մեր ինքնության, տեսակի, առաքելականության պահպանման
Հավատամք՝ երաշխիքը մեր ինքնության, տեսակի, առաքելականության պահպանման
Ինչի՞ն է հավատում հայ քրիստոնյան, ներկայացնում է Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Կարապետ քահանա Կարապետյանը:
Հավատամք՝ մեր հավատքի բանաձևը
- Քրիստոնեական հավատքի ամփոփումը Հավատո հանգանակն է՝ Հավատամքը: Հանգանակում ամփոփված է քրիստոնեական եկեղեցու դավանանքը՝ երկնքի և երկրի արարիչ Աստծո և Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի մարդեղության, առաքելության, քարոզության, փրկագործ չարչարանքների, խաչելության, թաղման, հարության և համբարձման, Սուրբ Հոգու գալստյան ու վերջին դատաստանի մասին եղած վարդապետության, ինչպես նաև ընդհանրական և Առաքելական Սուրբ եկեղեցու հաստատման վերաբերյալ: Հավատամքն այն բանաձևն է, որով մենք ներկայանում ենք որպես քրիստոնյա, որտեղ ամփոփված է փրկության հասնելու ճանապարհը: Հավատամք նշանակում է՝ հավատում ենք:
Ինչի՞ն է հավատում հայ քրիստոնյան
- Մենք հավատում ենք Հայր Աստծուն, ով ստեղծեց ողջ տիեզերքը, ով անսկիզբ է և արարեց ամբողջ աշխարհը: Հավատում ենք Որդուն, ով Աստված է, կատարյալ Աստված և հավատում ենք Սուրբ Հոգուն, որ բխում է Հորից և էակից է Որդուն, որը նույնպես Աստված է։ Այս երեք անձերը միացած են անխառն և անշփոթ կերպով։ Հավատամքով Եկեղեցին հայտարարում է քրիստոնեական հավատքի հիմնական դավանանքը՝ Հոր, Որդու և Սուրբ Հոգու, այսինքն՝ Սուրբ Երրորդության մասին:
Հավատամքը՝ միասնության հիմք
- Յուրաքանչյուր կիրակի Սուրբ Պատարագի ժամանակ հնչում է մեր սրբազան երդումը: Հավատամքը երաշխիքն է մեր ինքնության, տեսակի, առաքելականության պահպանման, ազգային ու հոգևոր մտածելակերպի, միասնականության, որի կարիքը այսօր շատ է զգացվում: Որքան խորամուխ լինենք հավատքի այս սահմանումը հասկանալու, ըմբռնելու, այնքան մեր հավատքն ամուր կլինի, այնքան միասնական կլինենք, իսկ միասնականությունն ուժ է: Հավատամքը հիմք է հանդիսանում միասնության, Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ համախմբվելու:
Հավատո հանգանակի բանաձևումը
- Հավատո հանգանակը մի բանաձև է, որը դեռևս Քրիստոսի առաքյալները սահմանեցին առաջին դարում: Հետագայում Քրիստոսի Եկեղեցին ենթարկվեց ալեկոծության: Ի պատասխան հերետիկոսական պատկերացումների, աստվածաբանական մտքի խեղաթյուրման՝ կարիք եղավ հավատո հանգանակի բանաձևվման, որը ամբողջական, ամփոփ ներկայացնում է եկեղեցու վարդապետությունը և աստվածաբանությունը: Այսինքն՝ այն ամենը, ինչին մենք հավատում ենք: Նիկիական հանգանակը հաստատվեց 325 թ․ Նիկիայի տիեզերական ժողովում, որին 318 հայրապետերի շարքում մասնակցում էր նաև Գրիգոր Լուսավորչի որդին՝ Արիստակես Հայրապետը: Նիկիական հանգանակի մեջ ամփոփվում են Սուրբ Երրորդության երեք անձերի մասին Եկեղեցու աստվածաբանական պատկերացումները։
Հավատամքը պահպանվել է նույնությամբ
- Հայ Եկեղեցին, որպես ավանդապահ Եկեղեցի, Հավատամքը պահպանել է նույնությամբ՝ վերջավորությանը ավելացնելով Սուրբ Գրիգոր Լուսավորչին վերագրվող «Իսկ մեք փառաւորեսցուք…» հատվածը: Հավատամքը նաև վերահաստատվել և լրացվել է Կոստանդնոպոլսի երկրորդ տիեզերական ժողովում՝ 381 թվականին: Հայ Եկեղեցու դավանանքին են պատկանում, միայն ծիսական տարբերություններ ունեն Ղպտի Ուղղափառ Եկեղեցին, Հնդիկ Մալանկարա Եկեղեցին, Ասորի Ուղղափառ Եկեղեցին և Եթովպիայի Ուղղափառ Եկեղեցին: Բացի Նիկիական հանգանակից Հայ Եկեղեցին ունի նաև Գրիգոր Տաթևացու և Մկրտության խորհդրի հավատամքը: