Սպասել Տիրոջը՝ պատվիրանները կյանքի կոչելով

Սպասել Տիրոջը՝ պատվիրանները կյանքի կոչելով

Սուրբ Հարությունից 40 օր հետո նշվում է Հիսուս Քրիստոսի համբարձման տոնը, երբ Աստծո Որդին «երկինք համբարձվեց և նստեց Հոր աջ կողմում» (Մարկոս 16:19):

 

Սուրբ Երրորդություն եկեղեցու խորհրդակատար Տեր Զաքարիա քահանա Անանյանի խոսքով՝ օրը մեզ՝ քրիստոնյաներիս, փոխանցում է. «Սպասել Քրիստոսի գալստյանը, բայց ինչպե՞ս սպասել՝ պատրաստվելով, Քրիստոսավանդ պատվիրանները կյանքի կոչելով»:

Ըստ Ավետարանի՝ Սուրբ Հարությանը հաջորդած քառասուն օրերի ընթացքում հարուցյալ Տերը խորհրդավոր կերպով, բայց մարմնապես երևում էր աշակերտներին, տալիս Իր պատգամները: «Իրեն կենդանի ներկայացրեց նրանց առաջ շատ ապացույցներով քառասուն օրերի ընթացքում խոսելով Աստծու արքայության մասին» (Գործք Առաքելոց 1:3-4)։

 

Տեր Զաքարիայի խոսքով՝ Աստծո Որդին կարծես նախապատրաստում էր առաքյալներին իրենց հետագա առաքելությանը: Այս ամենից հետո Քրիստոս աշակերտների հետ գնաց Բեթանիայի Ձիթենյաց լեռ և պատգամեց. «Գնացե՛ք այսուհետև, աշակե՛րտ դարձրեք բոլոր հեթանոսներին, մկրտե՛ք նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով։ Սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ պատվիրեցի ձեզ»: 

 

Նկարագրվում է, որ Նա բարձրացրեց ձեռքերը, օրհնեց Իր աշակերտներին և համբարձվեց երկինք: Քիչ հետո լուսավոր մի ամպ Նրան ծածկեց առաքյալների տեսողությունից: Մինչև առաքյալները զարմացած նայում էին Տիրոջ երկինք համբարձվելուն, երևացին երկու սպիտակազգեստ մարդիկ ու ասացին. «Ո՛վ գալիլեացիներ, ինչո՞ւ եք կանգնած նայում երկնքին, այս Հիսուսը, որ ձեր միջից երկինք բարձրացավ, գալու է նույն ձևով, ինչպես տեսաք Նրա երկինք գնալը» (Գործք Առաքելոց 1:11): Այսպես հրեշտակները առաքյալներին հայտնում են Քրիստոսի երկինք բարձրանալու և վերստին գալու մասին:

 

Հոգևորականի խոսքով՝ Քրիստոս բաժանվեց աշակերտներից, սակայն հոգով միշտ մեզ հետ է: Քրիստոնյաներս սպասելով Տիրոջ գալստյանը, պետք է շարունակենք մեր առաքելությունը:

 

Հայրապետական Աթոռի վերահաստատումը Սուրբ Էջմիածնում 

 

Հայ Առաքելական Եկեղեցին տոնին հիշատակում է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Ս. Էջմիածին փոխադրելու պատմական օրը: Հայրապետական Աթոռը 484 թվականից հանգրվանել էր Հայաստանի տարբեր վայրերում: 1441 թվականին՝ Համբարձման տոնին, Վաղարշապատում գումարված ազգային-եկեղեցական ժողովի որոշմամբ աթոռը վերահաստատվեց Սուրբ Էջմիածնում, որտեղ իջել էր Միածինը, որտեղից հայ ժողովրդին բաշխվում էր լույսը, որը Քրիստոս հանձնել էր հայոց հողին: 

 

Համբարձման տոնը հարուստ է ոչ միայն եկեղեցական, այլև ժողովրդական ծեսերով: Տոնի հիմնական սովորույթներն են ծաղկահավաքը, վիճակահանությունը, ուխտագնացությունը:

 

Անի Ավագյան

 
  • 2025-05-29
×