Համբարձման տոնը՝ ազգային ավանդույթների շնչով

Համբարձման տոնը՝ ազգային ավանդույթների շնչով

Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը նշել են ազգային ավանդույթները պահպանելով: Մայիսի 29-ին եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Պատարագ: Ավելի ուշ երիտասարդները տոնը շարունակեցին ազգային երգ ու պարով, ժողովրդական խաղերով՝ ծաղկեպսակներ հյուսեցին, ներկայացվեց վիճակահանության ժողովրդական ծեսը։

 

Ավանդության համաձայն՝ «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն»-ի հարակից այգում տեղի ունեցավ տոնակատարությունը, որը նախկինում ժողովրդին հայտնի էր «Ջանգյուլում» անվամբ։

 

ԱՀԹ երիտասարդաց միությունների համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի խոսքով, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, տասը տարուց ավելի է՝ Համբարձման տոնին կազմակերպվում է միջոցառում։


«Մեր Եկեղեցին ազգային է: Մեր տոները՝ քրիստոնեական ու ազգային, շաղկապված են։ Եթե կտրվենք մեր ավանդույթներից, կկտրվենք մեր արմատներից: Յուրաքանչյուր տոն ունի իր ազգային ծեսը: Համբարձման տոնին նվիրված ազգային ավանդույթները մենք պահպանում ենք»,- նշեց Տեր Պետրոսը: 

 

Նախկինում տոնին երիտասարդ աղջիկները կժի մեջ լցնում էին յոթ աղբյուրից հավաքած ջուրը, ծաղկի թերթիկներն ու պատրաստվում վիճակ գցելուն։ Շրջում էին տնետուն, երգեր երգում, մթերքի կամ մետաղադրամների տեսքով նվերներ ստանում ու հավաքվում էին վիճակի կուլայի շուրջ։ 

 

Համբարձման տոնին կազմակերպված միջոցառմանը երիտասարդները վիճակահանության ժողովրդական ծեսի համար ընտրել էին Աստվածաշնչից մեջբերումներ: Տեր Պետրոսը, պնդումներին, թե վիճակահանությունը գուշակություն է, նշում է, որ այն գուշակության ու սնահավատության հետ պետք չէ կապել: Հիշեցնում է, որ ավետարանական դրվագում առաքյալները վիճակահանությամբ են ընտրում 12-րդ առաքյալին՝ Հուդայի փոխարեն։ 



Միջոցառմանը հանդես եկավ և օրը տոն դարձրեց Ռուդիկ Հարոյանի անվան «Մասունք» ավանդական երգի-պարի համույթը: Երիտասարդները ներկաներին հյուրասիրեցին տոնի ուտեստը՝ կաթնապուր և գաթա։ 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 

  • 2025-05-30
×