Զատկական ձվի թանգարանները և հավաքածուները

Զատկական ձվի թանգարանները և հավաքածուները

Ուկրաինայի Իվանոֆրանկովյան մարզի Կոլիմիա քաղաքում կա զատկական նախշազարդ ձվերի թանգարան: Թանգարանում պահվում է 6000-ից ավելի զատկական ձու Ուկրաինայի տարբեր շրջաններից և աշխարհի տարբեր երկրներից: Ցուցանմուշների թվում են նաև Ուկրաինայի հայտնի քաղաքական գործիչների ինքնագրերով ձվեր:
 

Թանգարանը ստեղծվել է Ուկրաինայի Գուցուլշչինա և Պոկուտյե պատմաժողովրդագրական մարզերի ազգային արվեստը ներկայացնող Իոսաֆատ Կաբրինացու անվան թանգարանի զատկական ձվերի հավաքածուի հիման վրա: Սկզբում ցուցադրությունները տեղի էին ունենում Կոլիմիայի Ս. Ավետում եկեղեցում: 2000թ. սեպտեմբերի 23-ին գուցուլյան 10-րդ միջազգային փառատոնի ընթացքում թանգարանը բացվեց մասնագիտացված շենքում, որի մի մասը զատկական նախշազարդ ձվի հուշարձան է` 13,5 մետր բարձրությամբ, 10 մետր տրամագծով: Այդպիսով, Կոլիմիայի հուշարձանն աշխարհի ամենամեծ զատկական ձուն է: Թանգարանի շենքն ամբողջությամբ կառուցված է գունավոր ապակուց, իսկ վիտրաժի ընդհանուր տարածքը 600 քառակուսի մետրից ավելի է:
 

Ներկայումս թանգարանի հավաքածուն ունի 10 հազարից ավելի զատկական նախշազարդ ձու: Մշտական հավաքածուն ընդգրկում է զատկական ձվեր Ուկրաինայի համարյա բոլոր մարզերից: Ձվերից շատերն ավանդական ոճերի ժամանակակից վերաստեղծումներ են, սակայն կա նաև Իվանոֆրանկովյան մարզի հին զատկական ձվերի հրաշալի հավաքածու` թվագրվող 19-20-րդ դարերին:

 

Կան նաև զատկական նախշազարդ ձվեր սլավոնական երկրներից` Բելառուսիա, Չեխիա, Լեհաստան, Ռումինիա, ինչպես նաև այլ երկրներից` Շվեդիա, ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Պակիստան, Շրի Լանկա, Հնդկաստան:
 

Գերմանիայի Բադեն-Վյուրտեմբերգ հողի Զոննենբյուլ համայնքում գտնվող դեկորատիվ զատկական ձվերի թանգարանը բացվել է 1993թ: Թանգարանում կա տարբեր ոճեր և ժամանակաշրջաններ ներկայացնող շուրջ 900 ձու, այդ թվում` հավի ձվից բացի` նաև ջայլամի և սագի ձու: Ձվերից շատերը նվիրել են համայնքի բնակիչները: Կան նաև զատկական խաղալիքների և անգամ ձվամանների հավաքածուներ:
 

Աշխարհահռչակ ոսկերիչ-արվեստագետ Պյոտր Կառլ Ֆաբերժեի կայսերական զատկական ձվերից 11-ը, ինչպես նաև առանձին անհայտ կամ չպահպանված զատկական ձվերի ««անակնկալներ»» և 4 այլ զատկական ձու գտնվում է ռուս խոշոր բիզնեսմեն Վիկտոր Վեկսելբերգի մասնավոր հավաքածուում՝ քանակով գերազանցելով անգամ Կրեմլի թանգարանին, որտեղ պահպանվում է Ֆաբերժեի կայսերական զատկական 10 ձու: Մինչ այդ Նյու Յորքցի մագնատ Ֆորբսին պատկանող հավաքածուն Վեկսելբերգը ձեռք բերեց 2004թ., երբ Ֆորբսի ժառանգորդներն ընդհանուր ժողովում որոշեցին “Sotheby's” վաճառատանն աճուրդի դնել զատկական ձվերի նրա հավաքածուն, որտեղ հավանաբար ձվերից յուրաքանչյուրն առանձին կվաճառվեր: Սակայն աճուրդից մի քանի օր առաջ Վեկսելբերգը գնեց ամբողջ հավաքածուն:
 

Թարգմանությունը ռուսերենից՝ Լարիսա Նավասարդյանի

  • 2021-08-09
×