Տասը տարի շարունակ Ներքին Չարբախի բնակիչներն իրենց ուժը, նվիրումն ու ջանքերը ներդրեցին, որպեսզի համայնքն ունենա եկեղեցի: Միասնական աշխատանքի արդյունքում վեր խոյացավ Սուրբ Խաչ եկեղեցին՝ դառնալով համայնքի անդամների համախմբման վայրը:
Սուրբ Խաչ եկեղեցին կառուցվել է ճարտարապետ Հրաչյա Գասպարյանի նախագծով: Աշխատանքները մեկնարկել են Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության շրջանում: 1996 թվականին եկեղեցու հիմնօրհնեքը կատարել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը (այժմ՝ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոս): Տասը տարի անց՝ 2006 թվականին, ավարտվել են շինարարական աշխատանքները և օծվել ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ: 2008 թվականին կառուցվել է եկեղեցու զանգակատունը:
Եկեղեցու կառուցման նախաձեռնողն ու իրականացնողը համայնքի բնակիչ Խաչատուր Վարդանյանն է, բայց աշխատանքներում ներգրավվել են նաև տեղի բնակիչները, նշում է եկեղեցու հոգևոր հովիվը՝ Տեր Հրաչյա քահանա Գյոզալյանը: Նա եկեղեցում ծառայության է կոչվել 2018 թվականից:
«Բնակիչները մտահոգ էին, որ իրենց տարածքում չունեն եկեղեցի, այդ տարածքում կառուցելու անհրաժեշտությունը մեծ էր: Եկեղեցին կառուցվել է բնակիչների պահանջով ու անմիջական օգնությամբ: Մարդիկ օգնել են անշահախնդիր, ով, ինչով կարող է»,- հավելում է Տեր Հրաչյան:
Ավարտվել են եկեղեցու կառուցապատման աշխատանքները, տարածքն ունի գեղեցիկ բակ, բայց բարեկարգումը շարունակվում է: Գործում է կիրակնօրյա դպրոց, ծխական խորհուրդ, երիտասարդաց, տիկնանց միություններ: Տարբեր տարիքի ու մասնագիտությունների տեր մարդիկ ձեռք ձեռքի են տվել՝ փորձելով շենացնել իրենց եկեղեցին:
Սյուզի Սարգսյանն ամեն անգամ Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցի է հասնում Նոր Նորքի 8-րդ զանգվածից: Ճանապարհը, թեև երկար է, սակայն խոչընդոտ չէ, արդեն Երիտասարդաց միության անդամ է: Նույն եկեղեցու Ծխական խորհրդից է իր սիրելին: Նրա հետ է այցելել Սուրբ Խաչ եկեղեցի, մասնակցել հոգևորականի հետ հանդիպումներին ու հասկացել, որ ցանկանում է դառնալ համայնքի անդամ:
«Դժվար պահերին մեզ օգնում է հավատքը, եկեղեցին կապող օղակ է մեզ համար, որտեղ ստանում եմ հոգևոր աջակցություն, նաև շատ կարևոր վայր է ինքնաճանաչման համար: Երբ թվում է, թե ներսումս ամեն ինչ խառնվել է, տակնուվրա եղել, մտնում եմ եկեղեցի, ու կարծես ամեն ինչ ներսումս դասավորվում է իր դարակներում»,- նշում է Սյուզին:
Երիտասարդաց միությունն այժմ ունի մոտ 20 անդամ, որոնք աշխատանքներ են տանում նաև սոցիալական էջերում՝ մարդկանց պատմելով իրենց համայնքի գործունեության մասին:
Համայնքում կիրակնօրյա դպրոցի ստեղծումը ևս կարևոր նշանակություն ուներ, նշում է դպրոցի ուսուցչուհին՝ Լուսինե Մուրադյանը. «Երբ երեխաներն ունեն գիտելիք, պաշտպանված են, իրենց չեն կարող շեղել: Տարածքում շատ են աղանդավորները, որոնք փորձում են հոգևորսությամբ զբաղվել, սակայն կիրակնօրյա դպրոցի երեխաներն ամուր են, քանի որ հարստացնում են իրենց գիտելիքները: Որքան փոքր տարիքում երեխաներն ունենան այդ սերմերը, տարիների հետ կունենան աճ, և նրանց չեն կարողանա մոլորեցնել»:
Կիրակնօրյա դպրոցը գործում է 2021 թվականից: Ուսուցչուհին հիշում է, որ սկզբում հաճախում էր երեք երեխա, այսօր՝ մոտ 15: Երեխաները հանդիպումներին երկխոսում են, քննարկում ու իրենց ստացած գիտելիքը տարածում: Ընթացքում կազմակերպվում են այցելություններ, ուխտագնացություններ: Հետագայում նախատեսում են ունենալ անգլերենի խմբակ նաև դասավանդել Հայ Եկեղեցու պատմություն առարկան, որը դպրոցական ծրագրից հանվել է:
Մոտ կես տարի է, որ եկեղեցում ձևավորվել է նաև ծխական խորհուրդ: Այժմ ունեն 12 անդամ, որոնք զբաղվում կազմակերպչական հարցերով, փորձում են աշխուժացնել համայնքային կյանքը: Կազմակերպում են նաև բարեգործական ծրագրեր: Խորհրդի անդամների խոսքով՝ դարձել են մի ընտանիք:
Անդամներից Արթուր Մելիք-Թանգյանի խոսքով՝ եկեղեցում ստացած լույսը փորձում է հասցնել իր երեխաներին:
«Եկեղեցին մեզ տալիս է խաղաղություն, հույս, և ես այդ ամենը փորձում եմ փոխանցել ընտանիքիս: Երեխաներս ինձ հետ գալիս են եկեղեցի, որպեսզի կարողանամ նրանց մեծացնել լավ մարդ, լավ քրիստոնյա, հոգեպես ուժեղ մարդիկ: Ես ինձ լավ եմ զգում, երբ փորձում եմ անել աստվածահաճո գործ, երբ կարողանում եմ որևէ մեկին օգտակար լինել նաև փորձում եմ այդպես օրինակ լինել իմ շրջապատի համար»,- նշում է Արթուր Մելիք-Թանգյանը:
Համայնքի անդամներն ուրախ են, որ ստանձնել են պատասխանատվություն ու փորձում են անել հնարավոր ամեն բան, որ իրենց եկեղեցին շարունակի շենանալ: