Աստծո ներկայությունը մեր մեջ. Հոգեգալուստ

Աստծո ներկայությունը մեր մեջ. Հոգեգալուստ

Հունիսի 8-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հոգեգալուստը: 

 

«Հանկարծ երկնքից սաստիկ հողմի նման մի ձայն հնչեց ու լցրեց ամբողջ տունը, որտեղ նստած էին: Եվ նրանց երևացին բաժանված հրեղեն լեզուներ, որոնք նստեցին նրանցից յուրաքանչյուրի վրա։ Եվ ամենքն էլ լցվեցին Սուրբ Հոգով ու սկսեցին խոսել ուրիշ լեզուներով» (ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 2:2-4):

 

Մեր հոգու դուռը թակողը

 

Ո՞վ է Սուրբ Հոգին: Նա մի դեպքում ներկայացվում է որպես շունչ, քամի, մի դեպքում՝ աղավնի, հրեղեն լեզու, ամպ…

 

Սուրբ Հոգին կատարյալ Աստված է:

 

Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վարդան քահանա Գափոյանը նշում է՝ ամեն ինչ չէ, որ կարող ենք ընկալել մտքով, սակայն հստակ է. «Մենք զգում ենք Սուրբ Հոգու զորությունը և ներգործությունը: Սուրբ Հոգին աստվածային Երրորդության երրորդ անձն է: Իբրև կատարյալ Աստված, Նա բխում է Հորից և էակից  է Որդուն»:

 

 «Հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու»

 

Աստվածաշնչում կարդում ենք, որ, երբ երկիրը աներևույթ էր ու խավար. «Աստծու հոգին շրջում էր ջրերի վրա» (Ծնունդ 1:2): 

 

Նշվում է, որ Սուրբ Հոգով բացվեցին ու փակվեցին երկնքի սահմանները, բաբելոնյան աշտարակաշինության ժամանակ բաժանվեցին լեզուները: Քրիստոսի մկրտության պահին Սուրբ Հոգին հայտնվեց աղավնու կերպարանքով:

 

Երբ մենք մկրտվում ենք, Սուրբ Հոգին իջնում է մեզ վրա ու բաշխում Իր աստվածային շնորհները:

 

«Չգիտե՞ք, որ Աստծու տաճար եք, և Աստծու Հոգին է բնակվում ձեր մեջ» (Ա Կորնթացիներին 3:16):  

 

Սուրբ Հոգին հովիվներին մարգարեներ դարձրեց, պարզ մարդկանց` ավետարանիչներ, ձկնորսներին` քարոզիչներ: Աստված Իր շնորհները՝ իմաստությունը, գիտությունը, զորությունը, հանճարը, խորհուրդը, աստվածպաշտությունը և երկյուղը, առատորեն բաշխեց Իր առաքյալներին և նրանց միջոցով բոլորիս՝ մեզ տալով հնարավորություն հոգևոր կյանքը ամրացնելու և հավատքի մեջ զորանալու: Այլ հարց է՝ ինչպես ենք յուրաքանչյուրս օգտագործում մեզ տրված շնորհները՝ անտեսո՞ւմ ենք, թե՞ կիրառում լուսավոր գործերի համար: Հոգեգալստյան տոնը առիթ է այդ մասին կրկին խորհելու:

 

Նա եկավ իբրև սաստիկ հողմ և լցրեց ամենքին

 

Ըստ Սուրբ Գրքի՝ Քրիստոսի հրաշափառ Հարությունից հիսուն օր անց առաքյալները Երուսաղեմում՝ Վերնատանը, աղոթում էին, երբ երկնքից լսվեց ձայնը: Կատարվեց աստվածային խոստումը՝ Սուրբ Հոգին, որպես Մխիթարիչ, հայտնվեց աշակերտներին: Նա եկավ իբրև սաստիկ հողմ և լցրեց ամենքին: 

 

Առաքյալները սկսում են խոսել տարբեր լեզուներով և տարածում լույսը, միավորում բաժանված ժողովուրդներին ու խոսում սիրո մասին: Սուրբ Հոգու իջմամբ Եկեղեցին սկսեց իր առաքելությունն աշխարհում, քրիստոնեությունը հասկանալի դարձավ մարդկությանը:

 

«Աստված մեզ մենակ չթողեց, Աստծո Հոգին մնաց մեզ հետ, մեր մեջ, քանի որ մենք Տիրոջ տաճարներն ենք: Սուրբ Հոգին մեզ զորացնում է, և մենք խնդրում ենք, որ Նա մեզ առաջնորդող լինի»,- հավելում է հոգևորականը:

 

Տեր Վարդանը հորդորում է զգոն լինել, քանի որ աղանդավորական որոշ շարժումներ զբաղվում են լեզվախոսությամբ: Իբրև թե շնորհ են ստացել, խոսում են անհասականալի եղանակով՝ մարդկանց մոլորեցնելու համար, թեև ընդամենը արտաբերում են անկանոն հնչյուններ, որոնք որևէ իմաստ չեն արտահայտում:

 

Անի Ավագյան

  • 2025-06-08
×