Նշվեց Ս․ Աննա եկեղեցու օծման 10-ամյակը

Նշվեց Ս․ Աննա եկեղեցու օծման 10-ամյակը

Հունիսի 8-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ «Առնո Բաբաջանյան» համերգասրահի փոքր դահլիճում նշվեց թեմի Ս․ Աննա եկեղեցու օծման 10-ամյակը։

 

Կաթողիկե Սուրբ Աստվածածին եւ Սուրբ Աննա եկեղեցիների հոգեւոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանի գլխավորությամբ միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով։



Երաժշտական համարներից առաջ ցուցադրվեց Ս․ Աննա եկեղեցու մասին պատմող կարճամետրաժ ֆիլմը՝ հեղինակ Աշոտ Մկրտչյան։

 

Ապա Տեր Զենոնն ընթերցեց Նավասարդ Սրբազանի օրհնության խոսքը, որտեղ մասնավորապես ասվում է․ 

 

«Սիրելինե՛ր, ջերմորեն ողջունում ենք ամենքիդ  և   սիրով  փոխանցում  Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրական օրհնություններն ու բարեմաղթանքները՝ այս հոգենորոգ օրվա առիթով:

 

«Որքա՜ն սիրելի են քո բնակարանները, զորությունների Տեր» (Սաղմոս 84:1): Մեր սրտերը լցված են ուրախությամբ, քանզի այսօր նշում ենք Սուրբ Աննա եկեղեցու օծման տասնամյակը: Սուրբ Աննան, ում անունն է կրում եկեղեցին,  Աստվածամոր մայրն է: Նրա կյանքը հավատքի և տոկունության վառ օրինակ է: Տարիներ շարունակ Աննան աղոթեց զավակ ունենալու համար և երբեք չկորցրեց իր հավատքը: Նրա հավատարմությունը վարձատրվեց Մարիամի ծնունդով, ով դարձավ Փրկչի մայրը: «Սուրբ Աննա եկեղեցին՝ կառուցված Երևանի միջնադարյան հոյակերտ եկեղեցիներից Կաթողիկե Սուրբ Աստվածածնին կից, իր դիրքով ու հորինվածքով կարծես յուրօրինակ պաշտպան ու հովանի է դառնում Կաթողիկեին, Սուրբ Աննայի նման մայրական հոգածությամբ իր գիրկն առնելով Սուրբ Աստվածածնին» (Գարեգին Բ կաթողիկոս):

 

Սիրելինե՛ր, քիչ առաջ դիտեցիք մի ֆիլմ, ուր բովանդակալից կերպով ներկայացված էր Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների դարավոր և տասնամյա ընթացքը, նրանց սուրբ առաքելությունը, որ ուղենշում է դեպի Քրիստոս ճշմարիտ ճանապարհը: Այսօր արժանաբար պիտի հիշենք եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանին, նրա լծակից քահանաներին և գործակից ծխական համայնքի անդամներին: Նրանց քրիստոսասեր ջանքերն այս տարիների ընթացքում արդյունավորվեցին հոգևոր պտուղներով: Սուրբ Աննա եկեղեցու  հավատավոր զավակներից ձևավորվեց եկեղեցասեր համայնք, ուր յուրաքանչյուր ոք ականջալուր է ավետարանական պատգամների իրագործմանը՝ իր ծառայասիրությամբ դառնալով  բարության հունդերի սերմնացան: Այսօր համայնքի տասնվեց եկեղեցասեր զավակներ հոգևոր հովվի միջնորդագրով մեր կողմից արժանանում  են օրհնության և գնահատանքի գրի: Նրանց բարի կամեցողությունը  Քրիստոսի եկեղեցու նվիրումի արտահայտություն է՝ սուրբ Գրիգոր Նյուսացու՝ «Ի՞նչ է աշխարհը, եթե ոչ սիրո իրագործում» իմաստնագույն խոսքի լույսի ներքո՝ հանուն քրիստոնեական սիրո, բարու  և գեղեցիկի իրագործման:

 

Եկե՛ք այսօր նորոգենք մեր նվիրումը Սուրբ Եկեղեցու և միմյանց հանդեպ: Եկե՛ք երախտապարտ լինենք Աստծուն անցած տասնամյակի օրհնությունների համար և հավատով նայենք մեր հավատքի Զորագլխին՝ Հիսուս Քրիստոսին: Հիշե՛ք.  իրական եկեղեցին դուք  եք. «Դուք էլ, որպես կենդանի քարեր, կառուցվում եք որպես հոգևոր տուն» (Ա Պետրոս 2:5): 

 

Թող Սուրբ Աննայի բարեխոսությամբ և Աստծո շնորհով Սուրբ  Աննա եկեղեցին շարունակի լինել հավատի, հույսի և սիրո կենդանի վկայություն: Գնացե՛ք այնտեղ ամեն օր ու ամեն ժամ, և թող  միշտ լեցուն լինի  հավատքի այդ տունը: Մտե՛ք ներս,  բարձրացրե՛ք ձեր աչքերը վեր և կլսեք մեր սուրբ հայրերի երկնքից եկող մշտաբարբառ ձայները. «Մատի՛ք առ Տէր եւ առէ՛ք զլոյս, Ճաշակեցէ՛ք եւ տեսէ՛ք, զի քա՜ղցր է…»:

 

Մեր աղոթքն է, որ Ամենակարող Աստված Իր երկնառաք ու կենսաբուխ շնորհներով զարդարի Սուրբ Աննա եկեղեցին և իր հոգևորականաց դասով, ծխական համայնքով ու հավատավոր զավակներով  դարձնի լուսավորչահաստատ հավատքի մի սյուն՝ քրիստոնեական անդաստանում: Ամեն»։

 

Իրենց եկեղեցանպաստ գործունեության համար Տեր Զենոնի ներկայացրած միջնորդությամբ համայնքի մի շարք անդամներ՝ Տիգրան Հակոբյանը, Արթուր Մելքոնյանը, Էդուարդ Ղազարյանը, Պարթև Հակոբյանը, Արսեն Մկրտչյանը, Արթուր Տոնոյանը, Հայկ Կարապետյանը, Վազգեն Արտաշեսյանը, Խաչիկ Խադիշյանը, Վախթանգ Կարախանյանը, Անդրանիկ Խաչատրյանը, Արթուր Կարապետյանը, Արսեն Զանյանը, Խաչիկ Զարգարյան եւ Ռուզաննա Պետրոսյան ամուսինները, Գոռ Հակոբյանն ու Նարեկ Եղիազարյանը արժանացան Նավասարդ Սրբազանի գնահատանքի ու օրհնության գրերին։

 

Տոնական երեկոյի ժամանակ ելույթ ունեցան համայնքի անդամները՝ եկեղեցու հոգեւոր երգչախումբը (գեղ․ ղեկավար՝ Արմեն Թովմասյան), ՀՀ վաստակավոր արտիստներ Արթուր Կարապետյանն ու Արսեն Գրիգորյանը՝ Մրոն, Մայքլ Քոթանջյանը, սաքսոֆոնահար Անդրեաս Մկոյանը, երգչուհի Տատյանա Հմայակյանը, ասմունքեց Մարիամ Միքայելյանը, նվագակցում էին ջութակահար Նարե Ավագյանն ու դաշնակահար Նորայր Սիմոնյանը։ Եկեղեցու տարեդարձի առթիվ իրենց հումորային ու մանկական համարով բոլորին ժպիտներ պարգևեցին կիրակնօրյա դպրոցի սաները։ 


Սուրբ Աննա եկեղեցին կառուցվել է ճարտարապետ Վահագն Մովսիսյանի նախագծով: Օծվել է 2015 թվականի ապրիլի 30-ին՝ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ: Եկեղեցու ճարտարապետական հորինվածքն այնպիսին է, որ կարծես Սուրբ Աննան գրկում է դստերը՝ Ս․ Աստվածածնին։ 

 

Ներկայացնելով եկեղեցիների հոգևոր դասի ու համայնքի գործունեությունը՝ Տեր Զենոնը պատմեց, որ երկու եկեղեցիներն ունեն մեկ մեծ համայնք՝ շուրջ 500 ակտիվ անդամներով, որոնք կանոնավոր մասնակցում են Սուրբ Պատարագներին և ստանում Սուրբ Հաղորդություն։

 

Համայնքում գործում են ծխական խորհուրդը, տիկնանց միությունը, «Գանձեր» երիտասարդաց միությունը (հոգեւոր պատասխանատու Տեր Արսեն քահանա Սարոյան) ու կիրակնօրյա դպրոցը՝ մանուկների ու պատանիների համար (ուսուցիչներ՝ Քրիստինե Ղազարյան եւ Մարգարիտ Հովհաննիսյան)։ 

 

Քաղաքամայր Երեւանի սրտում այս եկեղեցիների բակում հաճախ են տոնախմբություններ լինում․ հայկական երաժշտության հնչունների ներքո մեծ ու փոքր ձեռք-ձեռքի են տալիս՝ միավորվելով ազգային երգ ու պարի շուրջ:

 

Ամեն կիրակի՝ Սուրբ Պատարագից և քարոզից հետո, մարդիկ հավաքվում են սիրո ճաշի շուրջ․ համայնքի անդամներից ամեն մեկն իր ձեռքով պատրաստած ուտեստներ կամ քաղցրավենիք է բերում հյուրասիրության համար։ 

 

Ամեն հինգշաբթի երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է խաչալվայի արարողություն՝ օրհնվում է ջուրն ու բաշխվում հավատավոր ժողովրդին։ 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին 

  • 2025-06-09
×