Ամենամեծ շնորհը, որը Աստված տվել է մեզ, սիրել կարողանալն է
Ամենամեծ շնորհը, որը Աստված տվել է մեզ, սիրել կարողանալն է
Ինչպե՞ս սիրել նույնիսկ ցավի մեջ։ Երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը խոսում է Տիրոջից ստացած շնորհի, ներելու, ներքին պայքարի, հոգևոր արժեքները պաշտպանելու անհրաժեշտության ու ազնիվ ապրելու ընտրության մասին։
Ստորև ներկայացնում ենք հարցազրույցից հատված:
Շնորհի մասին
-Ամենամեծ շնորհը, որը Աստված տվել է մեզ, սիրել կարողանալն է:
Աստված ամենասեր է և բոլորին է տալիս շնորհներ: Մենք պետք է գրագետ, արժանապատիվ օգտագործենք մեզ տրվածը, մեզնից հետո թողնենք արժեք: Հենց այնպես չապրենք մեր կյանքը, օգտագործենք յուրաքանչյուր ակնթարթը, վայրկյանը, որը Տիրոջ պարգևն է: Ես նույնպես թերանում եմ, որովհետև կան շատ չերգված երգեր, դեռ չստեղծված կտավներ: Գիտեմ, որ ունեմ իմ մեղքի բաժինը, բայց նաև հստակ գիտեմ, որ եթե մի բան անում եմ, չի կարող վատը լինել՝ իմ թռիչքի չափով: Ես շատ երգեր չունեմ, բայց ինչ-որ ունեմ, դուք գիտեք և սիրում եք, դրանց մեջ ազնվություն կա:
Ո՞ւմ է պետք տաղանդը, եթե տվյալ մարդն իր խառնվածքով, աշխարհայացքով, աշխարհընկալմամբ սխալ է ապրում, ծառայում է սատանային, եթե որևէ լավ արարք չի գործում: Ինչպե՞ս կարելի է ապրել առանց սիրո:
Սիրելու մասին
-Ես Ձեզ շատ եմ սիրում, ես բոլորիդ եմ սիրում, ես սիրում եմ մարդուն, որովհետև գիտեմ սիրել, բայց մենք իրար (ազգովի) չենք սիրում:
Ամենամեծ սիրո պատմությունն Աստծո սիրո պատմությունն է: Տերն Իր օրինակով է սովորեցնում՝ ինչպես կարելի է ներել ու սիրել՝ անառևտուր: Մեր հայրենիքը անառևտուր սիրելու հայրենիք է: Ամեն ինչ իր տեղում կլինի, երբ մենք իսկապես գիտակցենք, որ առաջինը քրիստոնեությունն ընդունած ազգն ենք, և դա չպարփակվի միայն կենացների մեջ, այլ մենք ապրենք այդ գիտակցումով:
Կդառնանք ի շրջանս յուր, չարը չի կարող անվերջ լինել:
Փորձությունները հաղթահարելու մասին
-Ես մարդ եմ իմ ապրումներով, տառապանքներով, կորուստներով, թուլություններով, մեղքերով, բայց բաներ կան, որ ինձ համար անընդունելի են՝ չարությունը: Ես փորձությունների միջով եմ անցել՝ ատելության, սպառնալիքի, ծաղրի և չեմ չարացել, չեմ դադարել սիրել: Ինչպե՞ս կարելի է զազրախոսին համարժեք պատասխանել: Ես չար մարդկանց խղճում եմ:
Դժվարությունները կարող ես հաղթահարել, եթե գիտես սիրել: Երբ գիտակցում ես, որ սխալ ես ապրել, միշտ հնարավորություն ունես ապաշխարելու:
Արժեհամակարգի փոփոխության մասին
-Աստծուց շատ ենք հեռացել: Այսօր ազնվության պակաս կա: Ես կարծում եմ, ազգովի այս փորձություններն անցնում ենք, որովհետև մեղքի մեջ կորած ենք՝ չարության, ագահության, զազրախոսության, եսակենտրոն լինելու, փառասեր լինելու: Ինչպե՞ս կարելի է 30 արծաթ վաստակել զազրախոսելով, ընտանիք կործանելով, դիմացինին ցավ պատճառելով, նսեմացնելով, անիծելով, հայհոյելով:
Մեզնից պետք է սկսենք: Ես ամեն օր մտածում եմ, թե որ արարքս կարող է աստվածահաճո չլինել, տանջվում եմ, մինչև աղոթում եմ, կարդում ու հանդարտվում: Երանություն է, երբ եկեղեցի ես գնում ոչ թե միայն մոմ վառելու, այլ նաև հասկանում ես հոգևոր հայրերի խոսքը, խորհուրդը, կարդում ես սաղմոսներ, գիտակցում ես ու սկսում լաց լինել՝ երջանկությունից: Սրտով է պետք զգալ դա:
Հոգևոր արժեքների բացակայության մասին
-Ապրել առանց հոգևոր արժեքների, նշանակում է ապրել առանց գույնի, երաժշտության, գծի կատարելության (կերպարվեստում), առանց սեր տալու, առանց ջերմության:
Չենք գիտակցում, թե ինչ ենք անում: Այնպիսի տպավորություն է, որ մեր քայլերով՝ դավաճանությամբ, աղտոտ խոսքերով, դիմացինի հաջողությամբ չուրախանալով, ամեն անգամ խաչում ենք Քրիստոսին, բայց այդ քայլերից հետո նշում ենք Սուրբ Հարության և տոնը, Սուրբ Ծնունդը: Գիտակցելով այդ երկու տոների խորհուրդը, գիտակցում ես նաև կյանքիդ մնացած օրերի խորհուրդը և չես խաչում Տիրոջը քո քայլերով:
Պետք է լինենք հրեշտակների բանակի նման: Պետք է լինենք երկրի վրա ապրող հրեշտակները: Այն բանակը, որը Տիրոջ, Աստծո Որդու համար պետք է կռիվ տա: