Հոգևոր ընտանիք՝ կառուցված սիրով ու ծառայությամբ. Մալաթիայի Սուրբ Մարիամ Աստվածածին
Հոգևոր ընտանիք՝ կառուցված սիրով ու ծառայությամբ. Մալաթիայի Սուրբ Մարիամ Աստվածածին
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին կառուցվել է պատմական Մալաթիա քաղաքի գլխավոր եկեղեցու նմանությամբ ու հայրենի քաղաքից բերված հողն է դրվել պատերի շաղախի մեջ: Այսօր այն համախմբող վայր է Հայաստանի տարբեր մարզերից հավաքված բնակիչների համար:
Մեր եկեղեցին
1927 թվականին Խորհրդային Հայաստան եկան նաև գաղթականներ, որոնք Փոքր Հայքի Մելիտենե (Մալաթիա) քաղաքից ցրվել էին աշխարհով մեկ: Նրանք հիմնեցին Նոր Մալաթիա թաղամասը:
«Այսօր բնակչության մեծ մասն են կազմում Սիրիայի Քեսաբ քաղաքից եկած մարդիկ: Նաև ունենք բնակիչներ Հայաստանի տարբեր շրջաններից: Թաղամասում ժամանակին հիմնադրվել է Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-այգին, որին կից տարիներ անց կառուցվել է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին»,- նշում է եկեղեցու հոգևոր հովիվը՝ Տեր Տիրան ավագ քահանա Առուշանյանը:
Եկեղեցու կառուցումը սկսվել է 1991 թվականին՝ Արցախյան հերոսամարտում ընկած հերոսների նաև նահատակված հայերի հիշատակին: Նախաձեռնողներն էին Արցախյան պատերազմի ազատամարտիկներ Վահան Զատիկյանը, Հակոբ Հակոբյանը: Եկեղեցու ճարտարապետը Հրաչյա Գասպարյանն է: Շինության կառուցումն ավարտվել է 1998 թվականին: Տարիների ընթացքում տարածքը շատ է գեղեցկացել: Աշխատանքները շարունակվում են նաև այսօր, բարեկարգման ծրագրեր ունեն, որը հույս ունեն շուտով կյանքի կոչել:
Եկեղեցին մեծ չէ: Հոգևոր հովվի խոսքով՝ ներսում տեղավորվում է մոտ 100 անձ, սակայն Սուրբ Պատարագներին մարդկանց թիվը մի քանի անգամ ավելի է:
«Մեր զավակները՝ ամռանը արևի տակ, ձմռանը՝ ցրտին կանգնում են անգամ դրսում, քանի որ ներսում բոլորին տեղավորել չի ստացվում: Հավաքվածները Սուրբ Պատարագը լսում են նաև բարձրախոսների միջոցով և անգամ այդ պայմաններում՝ անձրևի տակ ծնկի են իջնում»,- նշում է Տեր Տիրանը: Նա Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում է ծառայում 2000 թվականից, այնտեղ է սպասավորում նաև Տեր Մկրտիչ ավագ քահանա Թովմասյանը:
Մեր մարդիկ. տեսակով հայ
Համայնքն ունի տիկնանց միություն, ծխական խորհուրդ, կիրակնօրյա դպրոց, երիտասարդաց միություն: Տարբեր ոլորտների մասնագետների համար այն ընտանիք է: Արմատներով ռուս, բայց տեսակով հայ է գեղանկարիչ Ալեքսանդր Նեֆեդովը: Հոգևոր թեման հաճախ կարելի է տեսնել նաև իր ստեղծագործություններում, բայց այսօր իր ասելիքը ոչ թե արվեստի, այլ հոգևոր կյանքի վերաբերյալ է:
«Դաստիարակվել եմ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո: Յուրաքանչյուրս մի բջիջն ենք, մի մասնիկ ենք Եկեղեցու: Պետք է ուժեղ լինենք, որ արտաքին ու ներքին ոչ մի ազդակ չներգործի մեր Եկեղեցու վրա, այն հզոր լինի, իսկ հզոր կարող է լինել մարդկանցով»,- նշում է Ալեքսանդրը և հավելում՝ երիտասարդաց միությունն այն վայրն է, որտեղ կարելի է ստանալ հոգևոր դաստիարակություն, սովորել ազգասիրություն:
23-ամյա լրագրող Էլեն Միքայելյանը նախկինում եղել է կիրակնօրյա դպրոցի սան, այսօր երիտասարդաց միության փոխատենապետն է:
«Իմ ամենասիրելի զբաղմունքներից է եկեղեցում Սուրբ Պատարագի ամբողջ ընթացքը նկարելը: Ինձ սկսեցին ճանաչել: Հետագայում դարձել եմ երիտասարդաց միության անդամ ու ավելի ակտիվ գործունեություն ծավալել: Այն ինձ համար խաղաղվելու միջոց է»,- նշում է Էլենը:
Միության անդամները կազմակերպում են միջոցառումներ, այցելում հատուկ կենտրոններ, ջերմություն ու սեր փոխանցում այնտեղ բնակվողներին: Պարբերական բնույթ ունեն նաև ուխտագնացություններն ու հոգևորականի հետ հանդիպումները: Էլենի քույրը՝ Մարիամը, ևս միության անդամ է, գրաֆիկ դիզայներ է:
«Միության անդամ դառնալուց հետո՝ հոգեպես հասունացել եմ, այժմ շատ ավելին եմ հասկանում: Այսօր ավելի ճիշտ որոշումներ եմ կարողանում կայացնել, քանի որ երբ ավելի խաղաղված ես, բեռնաթափված, ունես գիտելիքներ, առավել հեշտ է ինքդ քեզ ճիշտ դրսևորելը: Փորձում եմ իմ ընդունակությունները, հմտությունները ծառայեցնել եկեղեցուն»,- նշում է Էլենը:
Եկեղեցու կիրակնօրյա դպրոցում սովորում է մոտ 25 երեխա: Ուսուցչուհիներից Մարգարիտա Ղազարյանի խոսքով՝ կիրակնօրյա դպրոցը հայ դաստիարակելու լավագույն ճանապարհն է. «Դասերը վերաբերում են ոչ միայն քրիստոնեական, այլև հայեցի դաստիարակությանը: Եթե երեխան գիտի իր հավատը, իր Եկեղեցին, ունի հոգևոր դաստիարակություն, այս ամենը մեծ քայլ է հայ մնալու համար»:
Ուսուցչուհիներից Հասմիկ Սարգսյանն էլ սեփական օրինակով է խոսում դպրոցի մասին: Երեք տղաներն էլ հաճախել են կիրակնօրյա դպրոց, ու այսօր արդյունքը երևում է նրանց դաստիարակության, գիտելիքների, աշխարհայացքի, մտածելակերպի առումով:
«Կիրակնօրյա դպրոցում դրվում են բարոյական դաստիարակության հիմքերը: Շատ երեխաներ մկրտված չէին, սակայն ստանալով գիտելիքներ, լսելով մեր հորդորները մկրտվեցին: Գիտելիքից բացի սեր ենք փոխանցում մեր սաներին»,- հավելում է Հասմիկ Սարգսյանը:
Տիկնանց միության անդամները փորձում են հոգալ համայնքի կարիքները:
«Պարբերաբար կազմակերպում ենք նաև ուխտագնացություններ դեպի Հայաստանի տարբեր եկեղեցիներ ու վանքեր, կատարում ենք նվիրատվություններ: Սա մեր փոքրիկ մասնակցությունն է եկեղեցական ծառայության պատշաճ իրականացման համար։ Այցելում ենք կարիքավոր ընտանիքներին՝ մեր ուշադրությունը, հոգատարությունն ու աջակցությունը բերելով նրանց։ Մեր նպատակն է ոչ միայն աղոթքով, այլև գործով ծառայել մերձավորին»,- նշում է տիկնանց միության ատենապետ Հասմիկ Ավետիսյանը:
Համայնքի յուրաքանչյուր անդամ փորձում է իր ծառայությունը բերել եկեղեցուն, ունենալ իր լուման նրա շենացման գործում: