Հայ Առաքելական Եկեղեցին հիշատակում է կույսերին, որոնք պայքարեցին հանուն ճշմարտության:
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Կարապետ քահանա Կարապետյանի խոսքով՝ հայոց աշխարհ եկած կույսերը դարձան օրինակներ իրենց հավատքով, կամքով, կյանքով։ Նահատակվեցին, բայց հաղթանակեցին. «Նրանք արտասովոր մարդիկ չէին, մեզ նման էին, պարզապես սրբության ուղին անցնում էր հեզության, մաքառման ճանապարհով: Սրբությունը հանձնառություն է, մարտահրավերներից չխուսափելն է, մաքառումն է ու հաղթանակը՝ Տիրոջով: Սրբերը քրիստոնեական հավատքի մեկնողներն են՝ իրենց կյանքով, վարքով, նրանք թարգմաններն ենք Սուրբ Գրքի»:
Հայոց պատմության մեջ մեծ նշանակություն ունեցավ կույսերի հայոց աշխարհ գալը։ Տեր Կարապետը նկատում է՝ նահատակությամբ դրվեց հայոց մեծ դարձի սկիզբը և այսօր ունենք սրբերի կենսակերպին հետևելու առիթ:
Համազգային դարձի մասին
Կույսերի մասին պատմում են պատմիչներ Ագաթանգեղոսը, Մովսես Խորենացին, տեղեկանում ենք նաև Հայսմավուրքից:
Հիշատակվող դեպքերը տեղի են ունեցել 301 թվականին` Սուրբ Գրիգոր Լուսավորչի` Խոր Վիրապից ելնելուց առաջ:Հռիփսիմյանց և Գայանյանց կույսերը Հռոմում՝ Սուրբ Պողոսի վանքում, ապրում էին աղոթական կյանքով: Պատմիչ Ագաթանգեղոսը գրում է, որ նրանք, փախչելով Հռոմի Դիոկղետիանոս կայսրից, հաստատվում են Հայաստանում՝ Վաղարշապատ քաղաքի մոտ` հնձաններում: Փախուստի պատճառը Հռիփսիմեի մերժումն էր կայսեր ամուսնության առաջարկին: Հայաստանում, սակայն, կույսին փորձում է տիրանալ Տրդատ Գ արքան, կույսը մերժում է, ինչն էլ պատճառ է դառնում, որ արքան հրամայի սպանել Հռիփսիմեին ուղեկցող բոլոր կույսերին: Նրանք ինը օր մնում են անթաղ: Դաժան սպանությունների հետևանքով արքան խելագարվում է, և նրան կարողանում է օգնել միայն Գրիգոր Լուսավորիչը, որն այդ ժամանակ փակված էր Խոր Վիրապում:
«Արքան ապաքինվեց Գրիգոր Լուսավորչի աղոթքով: Հայոց աշխարհում տեղի ունեցավ մեծ մկրտություն՝ հայոց առաջին Հայրապետի ձեռամբ, հայ ազգը դարձի եկավ ապաշխարությամբ,- նշում է Տեր Կարապետը:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչը հավաքում է ու ամփոփում կույսերի նշխարներն ու նրանց նահատակության վայրերում կառուցում վկայարաններ: Հետագայում կառուցվում են նաև եկեղեցիներ:
Հայ կնոջ կերպարը
Քրիստոնեության տարածման գործում վճռորոշ ազդեցության են ունեցել նաև հայ կանայք, նշում է Տեր Կարապետն ու թվարկում անուններ. «4-րդ դարում Աշխեն թագուհին և արքայաքուրը՝ Խոսրովդուխտը, մեծ դեր են ունեցել քրիստոնեական հավատքն ընդունելու գործում: Մեկ այլ օրինակ՝ ոսկեդարյան նշանավոր դեմք Ձվիկը հետևում էր հայ իշխանների, մեծամեծերի զավակների կրթությանը, նրանց դաստիարակում էր քրիստոնեական հավատքի ոգով: Հիշենք նաև 5-րդ դարում տիկնանց՝ փափկասուն հայոց աշխարհի, որոնք խռովություն բարձրացրին հայ տղամարդկանց դեմ, երբ վերջիններս ընդունեցին մազդեզական կրոնը»:
Ըստ հոգևորականի՝ ցավոք այսօր, արժեքների փոփոխություն կա կնոջ կերպարի ընկալումների մեջ: Քահանան հիշեցնում է՝ վաղվա ապագան պայմանավորված է այսօրվա սերնդով, որը դաստիարակվել է հայ մայրերի կողմից:
«Դարեր շարունակ Տիրամոր կերպարը եղել է ներշնչանքի աղբյուր: Կինը բարձրացել է խոնարհությամբ, հեզությամբ, հնազանդությամբ, կանացիությամբ: Արժեհամակարգի փոփոխությունն այսօրվա քարոզչության արդյունքն է: Արժեհամակարգը շատ կարևոր է ազգի բարօրության համար»,- նշում է Տեր Կարապետը:
Հիշատակության օրը Սուրբ Հռիփսիմեի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի Սուրբ Պատարագ: