Ավագ հինգշաբթի. Տեր Պարթև քահանա Մուրադյան

Ավագ հինգշաբթի. Տեր Պարթև քահանա Մուրադյան

Ավագ հինգշաբթի օրը հիշատակվում են Վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը: Այդ օրը եկեղեցիներում տեղի է ունենում նաև Ոտնլվայի կարգ, որը ավանդվել է մեզ Հիսուս Քրիստոսից: Օրվա խորհրդի մասին զրուցել ենք Արաբկիրի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարթև քահանա Մուրադյանի հետ:


 

- Ավագ շաբաթվա ընթացքում հավատացյալների խոհերի հիմնական առարկան ի՞նչը պիտի լինի:

- Ավագ շաբաթվա ընթացքում հավատացյալների հիմնական մտածումները պիտի լինեն հոգևոր մասնակցությունները Տիրոջ երկրային վերջին օրերին: Շաբաթվա ամեն մի օրը շատ կարևոր խորհուրդ ունի, և կատարյալ օրինակ է ճշմարիտ քրիստոնյայի կյանքի և ընթացքի համար: Արդ, մեր խորհուրդը, պատգամը և հորդորն է բոլոր հավատացյալներին, որ այս օրերին առավել ևս աղոթական ոգով պատրաստվեն Հարության ավետիսին արժանանալու:


 

- Ավագ հինգշաբթի օրը հաստատվեց Սուրբ Հաղորդության խորհուրդը: Ո՞րն է այս խորհրդի նշանակությունը:

- Ավագ հինգշաբթի օրը Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում առավոտյան կատարվում է Սուրբ և Անմահ Պատարագ, որը խորհրդանշում է Քրիստոսի կողմից Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը: 

Այս օրը Քրիստոս, վերնատանը հավաքելով իր աշակերտներին, Վերջին ընթրիքի ժամանակ վերցրեց հացը և բաժանեց իր աշակերտներին՝ ասելով. «Առեք, կերեք, այս է Իմ մարմինը»: Եվ վերցնելով գինին՝ տվեց աշակերտներին՝ ասելով. «Խմեցեք դրանից ամենքդ, որովհետև այդ է Նոր ուխտի Իմ Արյունը, որ թափվում է շատերի համար` իրենց մեղքերի թողության համար»:  Սուրբ Հաղորդությունը մեր հնարավորությունն է Քրիստոսին միանալու և Տիրոջ հետ ապրելու:


 

- Ինչո՞ւ Սուրբ Հաղորդության համար Քրիստոս ընտրեց հացն ու գինին, և ո՞վ ունի հաղորդություն ստանալու իրավունք:

- Հացը խորհրդանշում էր Քրիստոսի մարմինը, իսկ գինին՝ Քրիստոսի արյունը:
Ամեն մարդ, ով պետք է մոտենա Սուրբ Հաղորդության, պետք է կատարած լինի կարևորագույն պայմաններ: Այդ պայմաններից առաջինը մկրտության խորհուրդն է: Մկրտությամբ մարդ մաքրվում ու ազատվում է ադամական մեղքից և ստանալով Սուրբ Հոգու շնորհները՝ անդամագրվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն: Եվ միայն դրանից հետո է նրան հասու դառնում Սուրբ Հաղորդության խորհուրդը: 

Ամեն հավատացյալ, ով ցանկություն ունի Քրիստոսին հաղորդակից լինելու, պետք է նաև ապաշխարության խորհրդով մաքրված և այդ օրը ծոմապահությամբ իր հոգին և մարմինը մաքրած լինի, որպեսզի կարողանա այդ սրբությունը ճաշակել:


 

- Այս օրը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում կատարվում է նաև Ոտնլվայի կարգ: Ո՞րն է սրա խորհուրդը:

- Ոտնլվայի կարգը կարևորագույն խորհուրդներից է: Քրիստոս, կանչելով իր աշակերտներին, ծնկեց նրանց առաջ և լվաց նրանց ոտքերը: Դրանից հետո պատգամ տվեց՝ ասելով, թե այս արեք նաև դուք: Սա օրինակ է ամենքիս̀  խոնարհության և հեզության: Քրիստոս, լինելով Տեր և Ուսուցիչ, ծնկեց իր աշակերտների առաջ և նրանց ոտքերը լվաց: Քրիստոս մեկ ուրիշ անգամ  պատվիրեց. «Վերջինները  առաջին   պիտի   լինեն,   և   առաջինները` վերջին»: Այսինքն՝ այս խորհրդով Քրիստոս պատգամում է խոնարհությամբ արժանանալ Տիրոջ ներկայությանը: 


 

- Սուրբ Հաղորդությամբ հաղորդակից ենք լինում Քրիստոսին: Արդյո՞ք միայն այս խորհրդով, միայն այս ճանապարհով է, որ կարող ենք մոտենալ Նրան:

- Ամեն մի հավատացյալ իր կյանքով և վարքով կարող է մոտենալ Քրիստոսին, որովհետև հավատքը, հույսը, սերը մեզ մոտեցնում են Աստծուն: Աղոթքի միջոցով կարողանում ենք շփվել Աստծո հետ, Աստծո ներկայությունը զգալ: Սակայն Հաղորդության խորհուրդը կարևոր է, քանի որ ամեն մի հավատացյալ, որքան էլ որ մոտենում է Աստծուն, չի կարողանում հաղորդակից լինել Նրան՝ մինչև որ չի ստանում սրբությունը՝ Սուրբ Հաղորդությունը: Առանց Ս. Հողորդության չկա քրիստոնեություն:

 
  • 2021-08-09
×