Բարեկենդանի կիրակի

Բարեկենդանի կիրակի

Մեծ Պահքի առաջին կիրակին կոչվում է Բարեկենդանի կիրակի:  Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն, որն էլ իր հերթին նշանակում է ապրել ուրախ և երջանիկ կյանք:

 

 

Բարեկենդանը նաև մարդկային առաջին երջանկության հիշատակն է, որը մեզ ներկայացվում է Աստվածաշնչի առաջին էջերում ՝ Ադամի և Եվայի դրախտային  կյանքով: Այս ամենը թեպետ նշված չէ օրացույցում, սակայն հաստատվում է օրվա շարականներով:

 

 

Աստվածաշնչում մեր նախածնողների դրախտային կյանքը նկարագրված է հետևյալ կերպ. «Աստված դրախտ տնկեց Եդեմում ՝արևելյան կողմը, և այնտեղ դրեց իր ստեղծած մարդուն: Տեր Աստված երկրից բուսցրեց նաև ամեն տեսակի գեղեցկատեսիլ ու համեղ մրգեր տվող ծառեր, դրախտի կենտրոնում ՝ կենաց ծառը և տնկեց նաև բարու ու չարի գիտության ծառը: Գետ էր բխում Եդեմից, որպեսզի ոռոգեր դրախտը… Տեր Աստված Իր ստեղծած մարդուն տեղավորեց բերկրության դրախտում, որպեսզի սա մշակի ու պահպանի այն… Ադամն ու իր կինը մերկ էին ու չէին ամաչում» (Ծննդ. Բ):

 

 

Ինչպես նկատեցինք, այստեղ «երջանկություն» և «երջանիկ» բառերը չեն գործածվում, սակայն նկարագրվում է մարդկային գոհունակ ու բերկրալից այն հոգեվիճակը, որն առհասարակ ընդունված է անվանել երջանկություն:

 

 

Եվ առհասարակ ի՞նչ է երջանկությունը: Սա մի հարց է, որը տալու դեպքում կստանանք բազում տարբեր պատասխաններ: Այս ամենի պատճառը մարդկային ճակատագրի, աշխարհընկալման ու բնավորության տարբերություններն ու յուրահատկությունն են: Եվ իրապես, այն, ինչ երջանկություն է համարվում մեկի համար, մյուսի համար կարող է լինել իրական դժբախտություն:

 

 

Սակայն իրական և անկեղծ երջանկության մասին մեզ ամենաշատը կարող են սովորեցնել մանուկները, քանզի նրանք կարողանում են երջանկանալ աննշան թվացող մանրուքներից և երջանկանալ իրենց սրտի և հոգու ամբողջ մաքրությամբ:

 

 

Իհարկե, մեր աշխարհիկ կյանքի երջանկության վերաբերյալ ընկալումներն ու սահմանումները մեզնից յուրաքանչյուրի կյանքում կարող են լինել խիստ տարբեր ու հակասական, և սա մի գուցե բնական է, սակայն կա մի վերերկրային և տիեզերական երջանկություն, որ համընդհանուր է բոլորի համար: Այն մեր օրհնված սերն է առ Աստված և Աստծո կողմից օրհնյալ լինելու հոգևոր բերկրության գիտակցումը:

 

 

 

 

 

 

Աղբյուր՝ Շնորհք արք. Գալուստյան «Մեծ Պահքի Կիրակիների Ոսկե Շղթան»

Արմեն Չաքմիշյան

  • 2021-08-09
×