Դատավորի կիրակի

Դատավորի կիրակի

Մեծ պահքի հինգերորդ կիրակին կոչվում է «Դատավորի կիրակի»:

 
 
 Հիսուս մի առակ պատմեց՝ մի անիրավ դատավոր կար, ով ո՛չ Աստծուց էր վախենում, և ո՛չ էլ մարդկանցից ամաչում. իր անխիղճ վարքով ոտնակոխ էր անում օրենքը և խլում ուրիշների իրավունքը: Նույն քաղաքում մի այրի կին էլ էր ապրում: Կինն, ընկճված իրեն անհանգստացնող չարակամ մի անձից, դիմում է դատավորին, որ ազատի իրեն հակառակորդի ձեռքից, պաշտպանի իր իրավունքն ու իր խնդրին արդար լուծում տա: Սակայն անիրավ դատավորն անտեսում է խեղճ կնոջ աղաչանքները: Այրին ամեն օր գնում է դատավորի մոտ, բայց անօգուտ: Ամենօրյա իր թախանձանքն ու խնդրանքը միշտ էլ անտեսվում են: Կինը չի հուսահատվում, շարունակ դիմում, խնդրում է նրան: Այսպես նա հասնում է իր նպատակին:
 
 Դատավորը, ձանձրացած այրի կնոջ ամենօրյա այցելություններից և հետապնդումներից, որոշում է տեսնել այրի կնոջ դատը: Դրանից հետո իր մտքում ասում է. «Թեև Աստծուց չեմ վախենում և մարդկանցից չեմ ամաչում, բայց քանի որ այս այրին նեղություն է տալիս ինձ, նրա դատը տեսնեմ, որպեսզի անվերջ մոտս գալով՝ չանհանգստացնի ինձ»: Եվ Տերն ասաց. «Լսեցեք, թե ինչ էր ասում անիրավ դատավորը: Իսկ Աստված արդարություն չի՞ անի իր այն ծառաներին, որոնք գիշեր և ցերեկ աղաղակում են և նրանց հանդեպ միայն համբերատա՞ր կլինի»: Առակը վերջանում է հետևյալ հարցադրումով. «Բայց Մարդու Որդին երբ գա, արդյոք հավատ կգտնի՞ երկրի վրա »(Ղուկաս 18:8):
 
 
Առակում ներկայացված են երկու կերպարներ. դատավորն ու այրի կինը: Այրի կինը մեզ սովորեցնում է ճանաչել աղոթքի ուժը`առանց ձանձրույթի: Այս կերպարը մեզ համար օրինակելի է, որովհետև տեսնում ենք, թե ինչպես է անդադրում աղոթքով հաղթահարում կյանքի դժվարություններն ու փորձությունները`վստահաբար հավատալով արդար դատաստանին:
Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու մեկնության՝ դատավորը միտքն է, թշնամիները` մարդու հոգին և մարմինը: Սրա համար էլ ասվում է, թե` «Մի քաղաքում մի դատավոր կար», այդ քաղաքը մարդն է: Մարդն իբրև պարիսպ ունի իր մարմինը, իբրև դռներ` զգայարանները, բնակիչներ` հոգին, իբրև իշխանավորներ` միտքը, իսկ իբրև զինվորներ`ցանկությունն ու ցասումը: Մարդու ունեցվածքն ու հարստությունն են` հավատը, հույսը և սերը, ինչպես նաև խոհեմությունը, արիությունը, ողջախոհությունը և արդարությունը:
 
 
Ինչպես ասաց Հովհաննեսն իր ընդհանրական թղթում. «Եղբայրնե՛ր, եթե մեր մտքերը մեզ չդատապարտեն, համարձակություն կունենանք Աստծո առաջ», որովհետև միտքը վկա է մեր ստությանն ու ճշմարտությանը, սրանից չենք կարող ծածկել մեր մեղքերը, սա ամեն ժամ մեզ հետ է որպես ուսուցիչ և խրատող: «Մի քաղաքում մի դատավոր կար, Աստծուց չէր վախենում և մարդկանցից չէր ամաչում»: Որովհետև փակ տեղում է, և որևէ մեկը նրան չի տեսնում, այդ պատճառով էլ մարդկանցից չի ամաչում, իսկ որ Աստծուց չի վախենում այն պատճառով է, որ նա իշխանությամբ ազատ է և ոչ թե ծառա:
 
 
Դատավորը, ով գիտի իր գործերը անձնական շահերի համաձայն դասավորել, ով նախապատվություն է տալիս «ցանկալի» դատերին, ում համար դատավորությունը մի միջոց էր դրամ շահելու և ոչ` արդարություն իրականացնելու, Աստծո հակադիրն է: Եվ եթե անգամ անիրավ դատավորը ստիպված եղավ լսել այրի կնոջ անվերջանալի գանգատները, զիջեց այրու թախանձանքներին, ապա որքան առավել` ամենաբարի Աստված կլսի իրեն ուղղված մեր խնդրանքները:
 
 Հետևաբար շարունակական աղոթքով պետք է դիմել Տիրոջը, որովհետև մեղավորին դարձի է բերում Աստծո հանդեպ երկյուղն ու ամոթը։ Մենք պետք է երկնչենք Աստծուց և ամաչենք մարդկանցից: Եվ ինչպես Ինքը Տերն ասաց. «Եվ մի´ վախեցեք նրանցից, որ մարմինն են սպանում, այլ դուք առավել վախեցեք նրանից, ով կարող է գեհենի մեջ կորստյան մատնել հոգին և մարմինը»:
  • 2021-09-21
×